Friday, August 26, 2011

Ինչու հիշեցին Քոչարյանի տարբերակը

«Լրագիր» 25-8-2011- Wikileaks-ը, թեեւ հրապարակային ուշադրության կարծես ակնհայտ առավել թույլ ֆոնի պայմաններում, այդուհանդերձ շարունակում է ուշագրավ մանրամասնել հրապարակել ամերիկյան դիվանագիտական ներքին գրագրությունից, կապված համաշխարհային անցուդարձի հետ:
Մասնավորապես, Wikileaks-ը հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակը Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որը Քոչարյանին ուղղված Էրդողանի նամակի պատասխանն էր: Այդ նամակագրությունը տեղի ունեցավ, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ նախագահ էր: Թուրքիան առաջարկել էր հայերի ցեղասպանության հարցը քննարկել պատմաբանների հանձնաժողովով, իսկ Քոչարյանը պատասխան նամակում մերժում էր այդ առաջարկը: Փոխարենը հայկական կողմը առաջարկում էր ցանկացած հարց քննարկել միջկառավարական մակարդակով:
«… միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջեւ՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ փոխըմբռնման հասնել», Էրդողանին գրել է Ռոբերտ Քոչարյանը:
Այդ ամենը կարծես թե հայտնի էր, եւ այդ առումով որեւէ նորություն չկա: Թե ինչու է պատմությունը վերստին թարմացվում Wikileaks-ի միջոցով, դժվար է ասել: Գուցե դա պատասխան է Թուրքիային, որն օրերս իր խորհրդարանի օրակարգից հանեց հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները: Դրանով թուրքերին գուցե ակնարկվում է, որ արձանագրությունները հետ չվերադարձնելու պարագայում Հայաստանի դիրքորոշումը կարող է “հետ” վերադառնալ:
Բանն այն է, որ այդ արձանագրությունների մեջ նշվում է պատմաբանների ենթահանձնաժողովի մասին: Այսինքն, այն, ինչ մերժել էր Ռոբերտ Քոչարյանը, ընդունել էր Սերժ Սարգսյանը: Ներկայում հիշեցվում է Քոչարյանի տարբերակի մասին, թերեւս ակնարկելով, որ Սերժ Սարգսյանը կարող է վերադառնալ դրան, եթե Թուրքիան արձանագրությունները չվերադարձնի եւ չպահպանի գործընթացի գոնե հնարավորությունը:
Այստեղ նաեւ առաջանում է հարց կապված հայկական դիրքորոշման հետ: Ռոբերտ Քոչարյանը քննադատում էր Սերժ Սարգսյանի դիրքորոշումը հայ-թուրքական հարցում: Բայց կարծես թե կա որոշակի հստակեցման անհրաժեշտություն` Քոչարյանը դե՞մ է ցեղասպանության հարցն ընդհանրապես քննարկելուն, թե դեմ է պատմաբանների մակարդակով քննարկելուն: Դատելով Էրդողանի նամակի նրա պատասխանից, նա քննարկելուն ընդհանուր առմամբ դեմ չէ, բայց համաձայն է միջկառավարական մակարդակով, այսինքն պաշտոնական եւ փաստացի իրավական մակարդակով քննարկմանը:
Տարբերությունն իհարկե ակնհայտ է, դրանից բխող քաղաքական “էֆեկտով”: Միայն թե այստեղ հարց է առաջանում, թե միջկառավարական հանձնաժողովի մակարդակով քննարկման ի՞նչ շեշտադրումներ էր պատկերացնում հայկական կողմը Քոչարյանի ժամանակահատվածում: Քննարկումը լինելու էր ցեղասպանության եղած լինել-չլինելու շեշտադրումո՞վ, ինչը պահանջում են կամ առաջարկում թուրքերը, թե քննարկումը լինելու էր ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու շեշտադրումով, նաեւ հետագա փոխհատուցումների հարցի շոշափմամբ:
Այդ տեսանկյունից, հիշարժան է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հայտնի թուրք լրագրողին, երբ Քոչարյանը ասաց, որ Հայաստանը որեւէ պահանջ չունի եւ չի կարող ունենալ Թուրքիայի հանդեպ: Դա, ըստ Քոչարյանի, կարող են ունենալ սփյուռքահայերը` ցեղասպանությունից տուժած Թուրքիայի քաղաքացիները եւ նրանց ժառանգները:
Եթե Հայաստանը չունի այդ հարցում Թուրքիային ներկայացնելու իրավական պահանջ, ապա այդ դեպքում էլ ինչ քննարկելու բան ունի Հայաստանը Թուրքիայի հետ այդ հարցում: Եթե կա քննարկում, քննարկման առաջարկ, ապա Հայաստանը պետք է նաեւ հայտարարեր Թուրքիայի հանդեպ ունեցած պահանջների մասին: Այլապես կարծես թե որոշակի տրամաբանական հակասություն է ստացվում, որովհետեւ եթե Հայաստանը Թուրքիայի հետ ունի ցեղասպանության հարցը միջպետական իրավասությամբ քննարկելու հիմք, ուրեմն ունի նաեւ Թուրքիային պահանջներ ներկայացնելու հիմք: Ու մտածել, թե թուրքերը դա չեն հասկանում, կլինի միամտություն: Հետեւաբար նրանք երբեք չեն գնա միջկառավարական հարթությամբ հարցը քննարկելու, հասկանալով, որ դա ծուղակ է իրենց համար:
Բայց, դա չի նշանակում իհարկե, որ հայերը պետք է գնան հարցը պատմաբանների մակարդակով քննարկելու, քանի որ դա էլ փաստացի ծուղակ է Հայաստանի համար, հայության համար: Մինչդեռ հայ-թուրքական արձանագրությունների կետը, որով կողմերը պայմանավորվում են պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու մասին, կարծես թե քայլ է դեպի հենց այդ ծուղակը, որ կատարել է Հայաստանը:
Ընդհանրապես, երեւի թե անհրաժեշտություն կա, որ հայկական կողմը իր համար հստակեցնի ցեղասպանության հարցի քննարկելիության հնարավորությունը որեւէ ֆորմատով. Այդ հարցն ընդհանրապես` միջկառավարական, պատմաբանական, հասարակական մակարդակով քննարկելի՞ է հայկական կողմի համար, թե հարցը քննարկման ենթակա չէ որեւէ ֆորմատով:


Տրամաբանությունը հուշում է, որ հայկական կողմի համար հարցը չպետք է լինի քննարկման ենթակա: Քննարկման ենթակա կարող են լինել դրա լուծման ուղիները, ժամանակացույցը, հնարավոր իրավական հետեւանքի տարբերակները: Հետեւաբար ցանկացած ֆորմատի քննարկման առաջարկ անելիս կամ առաջարկին պատասխանելիս, հայկական կողմը թերեւս պետք է հստակեցնի հարցի քննարկման օրակարգային կամ բովանդակային շեշտադրումների իր տարբերակը, հետագա դիվանագիտական սպեկուլյացիաներ թույլ չտալու եւ տեսական կամ գործնական ծուղակներում չհայտնվելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: