Tuesday, August 16, 2011

Ռազմական փորձագետ. Իրանը նախազգուշացնում է Ադրբեջանին

News.am. 16-8-2011- Տարածաշրջանային զարգացումների կոնտեքստում Իրանի վերջին հայտարարություններն ու քայլերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ կարեւորելով հատկապես Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադի այն հայտարարությունը, որով նա նախազգուշացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին չճնշել Ադրբեջանում իսլամական «զարթոնքը», հակառակ դեպքում «Ալիեւին դաժան ճակատագիր կսպասի»:
«Զինվորականները հենց այնպես, ոչինչ չեն հայտարարում, մանավանդ Իրանում»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ Իրանը պարբերաբար հիշեցնում է Բաքվին, որ վերջինս իր ազդեցության գոտում է գտնվում, եւ չնայած դեպի Թուրքիա բացահայտ կողմնորոշմանը, Իրանը հզոր լծակներ ունի ազդելու Ադրբեջանի վրա:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը, որպես պետություն Թուրքիայի՝ տարածաշրջանում ազդեցության պահպանմանն ուղղված նախագծերից է: Այս պետությունում նույնիսկ ԽՍՀՄ իշխանության տարիներին ազգային փոքրամասնությունների ձուլման եւ թուրքացման քաղաքականություն է վարվել, եւ այսօր բնակչության մեծամասնությունը իրենց ճանաչում են որպես թուրք: Սակայն Ադրբեջանի բնակչության մեծ մասը հիմնականում շիա-մահմեդականներ են, եւ կրոնական զարթոնքի դեպքում Ադրբեջանը Թուրքիայից դեպի Իրան կմիտվի: «Գլխավոր շտաբի պետի այս հայտարարությունը բացահայտ ակնարկ է, որ Իրանը պատրաստ է նաեւ ռազմական միջոցներով պաշտպանել Ադրբեջանում շիա-մահմեդականների իրավունքները»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ Իրանի համար, ի դեմս Ադրբեջանի, հերթական արեւմտամետ մահմեդական պետության անմիջական սահմանակցությունը անցանկալի է, հատկապես որ առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, որի լուծման մեջ ներառված է խաղաղապահների տեղակայման հարցը, ինչն Իրանը անվտանգության սպառնալիք է համարում:
Ուշագրավ է նաեւ Իրանի ԶՈւ ԳՇ պետ Ֆիրուզաբադի հայտարարության պաշտոնական Թեհրանի հերքումը, որ գեներալ-մայոր Ֆիրուզաբադը նման հայտարարություն կատարելով բնավ չի ցանկացել վիրավորել Ադրբեջանի նախագահ Ալիեւին:
Դիվանագիտական այս հայտարարության իմաստն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը զուր չպետք է վիրավորվի, այլ պետք է հետեւի Իրանի բարձրաստիճան ռազմական գործչի խորհրդին, եւ չխոչընդոտի Ադրբեջանի իսլամականացմանը:

No comments: