Tuesday, August 16, 2011

Թուրքմենստանում փակվում են թուրքական դպրոցները

Aysor.am. 16-8-2011- Թուրքմենստանի իշխանություները լրջորեն անհանգստացած են թուրքական կրոնական-քաղաքական «Նուրջուլար» կազմակերպության ազդեցությամբ, որը հանդիսանում է թուրքական դպրոցների և քոլեջների գլխավոր հովանավորը ԱՊՀ երկրների տարածքում: Այդ մասին հաղորդում է «ինոսմի.ռու»(inosmi.ru) կայքը:
Օգոստոսի 1-ից Թուրքմենստանում փակվում են թուրքմենա-թուրքական դպրոցները, որոնք գործում են երկրում 1990-ական թթ.-ից սկսած, իսկ Աշգաբադում գործում է միայն մեկ`Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան դպրոցը:
Թուրքբենբաշիում, Նեբիտդագում, Թուրքմենաբադում և այլ քաղաքներում տեղական թուրքմենա-թուրքական դպրոցները վերածվել են սովորական միջնակարգ դպրոցների:
Նշենք, որ 1994թ.-ին բացվել էր Թուրքմենա-թուրքական միջազգային համալսարանը, իսկ Թուրքմենստանի ողջ տարածքում բացվել էին թուրքական «Բաշքենթ» ուսումնական հաստատությունները և տարիների ընթացքում այդ ուսումնական հաստատություններն են ավարտել հազարավոր երիտասարդ թուրքմեններ, մեծամասամբ տղաներ:
«Սակայն հայտնի է, որ բացի որակյալ ուսում տալուց, այդ ուսումնական հաստատությունները ակտիվորեն, սակայն գաղտնի, զբաղվում են նաև պանթուրքիստական գաղափարախոսության տարածմամբ, որը ենթադրում է բոլոր թուրքալեզու պետությունների միավորում Թուրքիայի հովանու ներքո»,- գրում է աղբյուրը:
«ԱՊՀ երկրներում այդ գաղափարախոսությունը առաջ է տանում «Նուրջուլար» կազմակերպությունը, որի անդամները իրենց կոչում են «նուրսիստներ», շարժման հիմնադիր Սաիդ Նուրսի անվան նմանությամբ, իսկ ՌԴ-ում այդ կազմակերպությունը համարվում է ծայրահեղական, իսկ բոլոր թուրքական ուսումնական հաստատությունները փակվել են դեռևս նորագույն հարյուրամյակի սկզբում»:
Այդ հաստատությունների շրջանավարտները, ըստ է «ինոսմի.ռու»-ի շարունակում են իրենց ուսումը Թուրքիայի ԲՈւՀ-ում, ինչի համար թուրքական կառավարությունը տեղեր է հատկացնում:
Հաղորդվում է, որ «Նուրջուլար» շարժումը կաշառքով և այլ մեթոդներով իր շրջանավարտներին փորձում է տեղավորել Թուրքմենստանի մաքսային ծառայությունում, պաշտպանության նախարարությունում, ազգային անվտանգության նախարարությունում, ներքին գործերի նախարարություն և այլուր:

No comments: