Tuesday, August 16, 2011

Հայրենիքը չի կարելի սեւացնել

«Լրագիր» 16-8-2011- Երևանում բացվել է Թումո կրեատիվ կենտրոնը: Դրա ապագան նույնքան մշուշոտ է, որքան անունը, որը գոյություն չունեցող գազանիկի անուն է հիշեցնում: Մշուշոտ է, որովհետև հասկանալի չէ, թե ինչպես հետընթաց ապրող Հայաստանում կարող է պրոգրեսիվ կենտրոն աշխատել:
Չնայած որ նորարարությունները և ՏՏ զարգացումը կառավարության կողմից տնտեսական քաղաքականության առաջնահերթություն է հայտարարվել, միջնադարյան ֆեոդալական օրենքներով աշխատող ընդհանուր տնտեսական համակարգը ոչ մի նոր բան ներս չի թողնում:
Կրեատիվ տեխնոլոգիաների զարգացումը ենթադրում է ինտելեկտուալ արտադրանքի մեծ շուկայի առկայություն, իսկ դա էլ նշանակում է, որ պետք է համապատասխան օրենսդրություն ու պայմաններ գոյություն ունենան, որոնք կպաշտպանեն հեղինակային իրավունքները, որոշակի հարկային արտոնություններ ինտելեկտուալ արտադրանքի համար, արտահանման խթանումը: Այն ենթադրում է անկախ դատարանների առկայություն վիճահարույց հարցերի լուծման համար և հակամենաշնորհային կառույց, որը թույլ չի տա օլիգարխացնել նաև այդ ասպարեզը:
Արդյոք հաջողության կհասնի նոր Թումո կենտրոնը, թե ի վերջո կվերածվի «Արի տուն» ծրագրի պես մի բանի: Հովանավորների հսկայական ոգեշնչվածությունը, Սերժ Թանկյանը և նրա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի էկոլոգիան զոհ է գնում գերշահույթների ստացմանը, հույս են ներշնչում, որ Սփյուռքում սկսել են հասկանալ, որ հայրենիքում բիզնես ունենալու համար նախ պետք է ժողովրդավարության ու իրավունքի հարցերը լուծել:
Մինչ այժմ սփյուռքի համար ժողովրդավարության հարցերը հետաքրքրություն չէին առաջացնում: Ինչ-որ մեկը հայրենասիրական մղումներից ելնելով փորձել է Հայաստանում բիզնես դնել, սակայն տեղում «սկել է» բյուրոկրատական և գողական ճահճում: Վերադառնալով հայրենիք, նա նույնիսկ չի փորձել այստեղ իշխող բարքերի մասին հրապարակայնորեն խոսել` գտնելով, որ «հայրենիքը չպետք է սևացնել»:
Սակայն ժամանակն է, որ սփյուռքը մասնակցի Հայաստանի տնտեսական ու քաղաքական միջավայրի ձևավորմանը, որը ճանապարհ կբացի Հայաստանում սփյուռքի հսկայական ռեսուրսների համար: Եվ այդ ռեսուրսների ներդրման լավագույն տեղը կարող է դառնալ ՏՏ ոլորտը, որը հեշտ է վաճառվում և լավ եկամուտներ է ապահովում:
ԱՄՆ-ում ապրող Դավիթ Գրիգորյանն ասում է, որ սփյուռքը պետք է պաշտպանի Հայաստանի քաղաքացիական հասարակությանը` լինի դա ընտրությունների դիտարկում կամ ֆինանսական փոխգործակցություն: «Ցանկության դեպքում կարելի է ձևաչափ գնտել, որը թույլ կտա սփյուռքին մասնակցություն ունենալ Հայաստանի կյանքում», կարծում է նա:
Սակայն քանի դեռ սփյուռքն իրեն հեռու է պահում Հայաստանի ներքին կյանքի գործընթացներից, դա համարելով ուրիշների կալվածքը, Թումո կենտրոնը այդպես է էլ կմնա բարի հայրենասիրական ձգտումների խորհրդանիշը:
Նաիրա Հայրումյան

No comments: