Friday, August 26, 2011

Ս. Զոլյան. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ներկա փուլում կարելի է համարել սառեցված

Panorama.am. 25-8-2011- ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ներկա փուլում կարելի է համարել սառեցված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Քաղաքագետի համոզմամբ, ներկա իրավիճակը մեծ մասամբ պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ:
«Կազանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ, հայտարարել է նաև, որ պատերազմը դեռևս ավարտված չէ, ինչպես նաև այն, որ ՀՀ-ն ստեղծվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա, և ես կարծում եմ, որ սա սպառնալիք է հետագայի համար: Եվ եթե Ադրբեջանի ղեկավարը հանդես է գալիս նման հայտարարությամբ, այն էլ Կազանից անմիջապես հետո, ապա դա ապցույցն է նրա, որ բանակցային գործընթացը, եթե նույնիսկ փակուղի չի մտել, ապա գոնե այժմ սառեցված է»,- նշեց Սուրեն Զոլյանը:
Սուրեն Զոլյանի կարծիքով ադրբեջանական կողմը պատրաստ է բանակցել միայն ազատագրված տարածքների վերադարձի շուրջը, ինչը ընդունելի չէ ո’չ միջազգային հանրության, ո’չ էլ առավել ևս, հայկական կողմերի համար:
Ըստ Ս. Զոլյանի՝ «բոլորովին այլ հարց է, թե ինչքանով է միջազգային հանրությունը պատրաստ ճնշում գործադրել և բանակցող կողմերին բերել այն օրակարգին, որ քննարկվել էր նախկինում»:
«Ներկայումս ստեղծվել է մի վիճակ, երբ Մադրիդյան սկզբունքները ձեռք չեն տալիս հակամարտող կողմերից ոչ մեկին: Ուղղակի եթե հայկական կողմն այդ մասին ակնհայտ չի հայտարարում՝ նշելով, որ պատրաստ է բանակցություններ սկսել այս սկզբունքների շուրջ, ապա Ադրբեջանը նշում է, որ պարտրաստ է բանակցել միայն ազատագրված տարածքների հանձնման հարցի շուրջ»,- շեշտեց Ս. Զոլյանը:
Ս. Զոլյանի կարծքով, ստեղծված իրավիճակում թե’ միջազգային հանրությանը, թե’ հայկական կողմերի համար ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը:
«Միջազգային հանրության համար խիստ կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանումը»,- նշեց Սուրեն Զոլյանը:

No comments: