Monday, August 8, 2011

Թուրքական թերթ. «Արարատը տանք հայերին»

Panorama.am. 8-8-2011- Թուրքիայի «Taraf» թերթի հոդվածագիր Սերդար Քայան «Արարատը տանք ... » վերտառությամբ հոդվածում անդրադարձել է հայության համար Մասիս սարի բացառիկ կարևոր և սուրբ նշանակությանը:
Քայան ընդգծում է, որ Արարատն առանցքային դեր ունի հայոց պատմամշակութային ինքնության մեջ: Նա նույնիսկ նշում է, որ Արարատն իր ողջ պերճաշուքությամբ երևում է միայն հայկական կողմից, ոչ Թուրքիայից: Եվ այդ ամենի գիտակցման կարողությամբ էլ, ըստ թուրք հոդվածագրի, պարզ է դառնում, որ հայության համար կորուսյալ Արարատը վերադարձնելը տարբերվում է զուտ տարածքային ընդլայնման պարզ քաղաքական միտումից:
«Աղրը լեռը (թուրքերն այդպես են անվանում Արարատը) հայերի համար շատ կարևոր է, իսկ մեզ համար մյուս լեռներից չի տարբերվում: Ու ի՞նչ կլինի, եթե ցամաքային նույնաչափ տարածքով այն փոխանակենք հայերի հետ` այդպիսով խաղաղության ճանապարհին մի մեծ քայլ կատարելով»,- հարց է բարձրացնում հոդվածի հեղինակը, որն ուղղել է իր զրուցակցին: Վերջինս լրջորեն անհանգստացել է այդ առաջարկից և անիրագործելի համարել, քանի որ Արարատը ռազմավարական կարևորություն ունի:
Սերդար Քայան համառել է և կրկնել հարցը` այս անգամ, նշելով, որ ավելի մեծ հողատարածքի դիմաց Արարատը հանձնվի հայերին: Քայայի բնութագրմամբ` «Զրուցակիցն այլ փաստարկ չկարողանալով գտնել` ուղղակի դասական պատասխան է տվել, թե չի կարելի նման բան անգամ մտածել, քանի որ հայրենի հողը սուրբ է»:
Այս օրինակով թուրք հոդվածագիրը նկատել է տալիս, որ մտածելակերպի փոփոխության անհրաժեշտություն կա, այլապես խաղաղության ճանապարհը անհասանելի կմնա`հիշեցնելով Ալբերտ Էյնշտեյնի հետևյալ միտքը. «Խնդիրները չեն կարող լուծվել մտածողության այն մակարդակում, որում դրանք ստեղծվել են»։

No comments: