Saturday, August 6, 2011

ՀՀԿ հաղթանակը ձեռնտու չէ

«Լրագիր» 5-8-2011- Իշխանության “աքսակալի” իմիջի մեջ մտած Գալուստ Սահակյանը Հայ ազգային կոնգրեսին հիշեցրել է, թե Կոնգրեսը միակ ուժը չէ ու իշխանությունը միայն Կոնգրեսի հետ չէ, որ երկխոսում է: Գալուստ Սահակյանը հիշեցրել է Ժառանգության եւ Դաշնակցության մասին:
Ըստ երեւույթին, իշխանությունը “Երկխոսություն” բաց բաժնետիրական ընկերություն է բացել ու Հայ ազգային կոնգրեսին էլ հորդորում է չհավակնել բոլոր բաժնետոմսերին, քանի որ պետք է դեռ բաժին հանել նաեւ Ժառանգությանն ու Դաշնակցությանը:
Իշխանությունը փորձում է հավասարակշռել իրավիճակը ընդդիմադիր դաշտում եւ թույլ չտալ, որ Կոնգրեսը վերջնականապես չեզոքացնի Ժառանգությանն ու Դաշնակցությանը: Դրանով, նաեւ խթանվում է ընդդիմադիր դաշտի սուր մրցակցություն, ինչն անկասկած իշխանության համար շահեկանորեն լղոզում է ընդդիմադիր ընտրազանգվածը:
Իհարկե, չկա սոցիոլոգիական անաչառ հարցման տվյալ, ու սուբյեկտիվ են հասարակության համակրանքի վերաբերյալ պատկերացումները, բայց կարծես թե ներկայում չկա որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ, որը վայելի հասարակության մեծամասնության համակրանքը: Հանրային պոտենցիալը զգալիորեն փոշիացած է, ու դժվար է ասել, թե արդյոք արտահերթ ընտրությունն ինքնին կարող է լինել կոնսոլիդացնող գործոն:

Թերեւս հենց դա նկատի ունի Գալուստ Սահակյանը, ասելով, որ արտահերթ ընտրությունը շահեկան է իշխանության համար, եւ կհաղթի իշխանությունը: Հասկանալի է, որ խոսքն արդար քվեով հաղթելու մասին չէ, այլ պարզապես անաղմուկ ընտրակեղծիքով հաղթելու, երբ չի լինի դրան դիմադրող հասարակական անկասելի ալիք: Դա գուցե իշխանության չափազանցված արխայինության դրսեւորում է, բայց որ այդ դրսեւորման մեջ կան ռացիոնալության զգալի հատիկներ, թերեւս նկատելի է անզեն աչքով:

Ու թեեւ Գալուստ Սահակյանն ասում է, թե իշխանությունը չի գնում արտահերթ ընտրության, որովհետեւ դա ձեռնտու չէ պետությանը, այդուհանդերձ հավանական է, որ իշխանությունը կգնա դրան, քանի որ երբ նժարի վրա են դրվում պետական եւ սեփական շահերը, իշխանությունն ընտրությունը միշտ կատարում է երկրորդի օգտին: Առավել եւս, որ Գալուստ Սահակյանն ինչ որ առումով նաեւ ազնիվ է. արտահերթ ընտրությունը, որտեղ հաղթելու է ՀՀԿ-ն, իսկապես ձեռնտու չէ պետությանը: Հարցն այն է, թե արդյոք արտահերթում իշխանության հաղթանակը երաշխավորված է: Իսկ եթե հաղթանակը երաշխավորված չէ, արդյոք կան կամ կլինեն այլ երաշխավորվածություններ, որ իշխանությունը կյանքի ու մահվան հարց դարձրած համակարգը համաձայնելու է զիջել իշխանությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: