Saturday, August 6, 2011

Ռազմական փորձագետ. Թուրքիան, հավանաբար, արևմուտքի հետ հարաբերություններում նոր խաղաքարտերի մասին է մտածում

Panorama.am. 5-8-2011- «ՆԱՏՕ-ի ղեկավարության կոչը Թուրքական կողմին` երկրի ՀՕՊ-ի համար ձեռք բերվող միջոցների մրցույթից հեռացնել ռուսական և չինական համալիրները, որոշակի հետաքրքրություն է ներկայացնում տարածաշրջանային ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական զարգացումների տեսանկյուններից»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ խոսքը T-LORAMIDS (Turkish Long Range Air And Missile Defence System) ծրագրի մրցույթի մասին: Ավելի վաղ այս ծրագրով նախատեսվում էր ՀՕՊ/ՀՀՊ զենիթահրթիռային համալիրներով (ԶՀՀ) նախնական չորս, իսկ հետո նաև մինչև ութ միավորի ձեռքբերման մասին: Ծրագրի ողջ գումարը նախապես հայտարարված էր 7,8 մլրդ դոլար: Հետագայում մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ գումարը նվազեցվել է մինչև 1 մլրդ դոլար, իսկ վճարման ժամկետը հասցվել վեց տարվա: Այս մրցույթին մասնակցելու հայն էին ներկայացրել ամերիկյան ընկերությունները «PAC-3», եվրոպական կոնսորցիումը իր «SAMP/T», ռուսական «Ռոսոբորոնէքսպորտը» հայտնի «С-300ПМУ-2 Фаворит», ինչպես նաև` չինական կողմը իր HQ-9 (FD-2000) ԶՀՀ-ներով: Մրցույթի մասին ակտիվորեն խոսվում էր 2009 թ.-ից, հետո որոշակի լռություն եղավ, հավանաբար` համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված:
«ՆԱՏՕ-ի ղեկավարության կոչը ինքնին շատ հետաքրքիր է: Սովորաբար, դաշինքի ղեկավարությունը նման հայտարարություններ չի անում, եթե անգամ երբեմն միջամտում է նման մրցույթներին, ապա դա, հիմնականում, արվում է ծածուկ: Առաջին անգամ չէ, որ ՆԱՏՕ-յական երկրները կամենում են ձեռք բերել ռուսական զենք: Ժամանակին Հունաստանը ևս նույն զենքերի ձեռքբերման ժամանակ նույն իրավիճակում էր և, արդյունքնում, ստիպված եղավ ռուսականից բացի գնել նաև ամերիկյան համալիրներ: Ինչպես հայտնի է Թուրքիան չի հանաձայնել մրցույթից հանել ռուսական և չինական համալիրները: Եվ դաշինքի ղեկավարության և Թուրքիայի պատասխանը շատ հետաքրքիր են: Գաղտնիք չէ, որ նման զենքերի նշանակությունը գնալով ավելի է բարձրանում, իսկ դրանց ձեռքբերումը դառնում է մեծ քաղաքական հարց: Թուրքիան, հավանաբար, արևմուտքի հետ հարաբերություններում նոր խաղաքարտերի մասին է մտածում, այստեղ էական են նաև օրեցօր բարելավվող ռուս-թուրքական հարաբերությունները: Թուրքիան ՌԴ-ի և Չինաստանի հետ հարաբերությունները մեկ անգամ չէ, որ շահարկել է արևմուտքի նկատմամբ իր վարած քաղաքականության մեջ»,- ասաց փորձագետը:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` զուտ տեխնիկական տեսանկյունից` ռուսական համալիրները իրենց հակահրթիռային հնարավորություններով և, մասնավորապես, ընդհանուր ՀՀՊ համակարգի մեջ ընդգրկվելու հարցով բավականին զիջում են ամերիկյան մրցակցին: Չինականի համալիրի մասին խոսելն անգամ ավելորդ է, նշվածը իրենից ներկայացնում է խորհրդային «С-300»-ի հին նմուշների կրկնօրինակումը:
«Թուրքիային, հաշվի առնելով իր օրեցօր աճող ռազմական ներուժը և քաղաքական դիրքը, իրականում, անհրաժեշտ են մարտավարական և օպերատիվ-մարտավարական բալիստիկ հրթիռներ խոցող հուսալի համալիրներ: Այսինքն, իրականում, ընտրությունն այնքան մեծ չէ, որքան ներկայացված են մրցույթին, սա ավելի շատ քաղաքական հարց է:
Մյուս կողմից տարածաշրջանի ռազմականացումը խստանում և չափազանց բարդանում է: Ժամանակին ՀՀՊ-ի նման բարդ համալիրները միայն գերտերությունների զինանոցում կային այն էլ ոչ մեծ քանակով: Մրցապայքարը թեժանում է: Անցած տարի նման ժամանակակից համալիր ձեռք բերեց Ադրբեջանը, որին հետևում է Թուրքիան, իսկ Իրանը զարգացնում է իր սեփական նախագիծը»,- եզրափակեց Ա. Հովհաննիսյանը:

No comments: