Wednesday, August 31, 2011

Ինչը բերեց Քոչարյանին Հայաստան

«Լրագիր» 31-8-2011- Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Ղարաբաղի նախագահի պաշտոնից Հայաստանի վարչապետի պաշտոնին, Հայաստան տեղափոխվելու պատմությանը: Նա նշել է, որ իր համար վճիռ կայացնելը դժվար էր: “Ամենից մեծ խնդիրը ընտանիքի համար էր, ընդհանրապես, գիտեք, ամբողջ ընտանիքը ուղղակի չէր կարողանում հարմարվել այդ մտքի հետ”, ասում է Ռոբերտ Քոչարյանը:
Նա ասում է, որ իր ԼՂՀ նախագահ ընտրվելուց մի քանի ամիս հետո “եղավ այդ առաջարկը, եւ խնդրանքը”: “Հայաստանում բավական ծանր էր այն ժամանակ իրավիճակը: Եվ տնտեսական, եւ ներքաղաքական: Եվ հասկանալի էր, որ միայն Ղարաբաղը, առանց թիկունքում ուժեղ Հայաստան ունենալու, լրջագույն դժվարություններ կունենա: Եվ սա էր հիմնական փաստարկը, որով ինձ փորձում էին համոզել, որ համաձայնվեմ գալ Հայաստան: Պետք է նաեւ ընդունենք, որ իհարկե այդ փաստարկները լուրջ են: Եվ համաձայնվեցի, իսկ հետո ամեն ինչ զարգացավ այնպես, ինչպես բոլորդ գիտեք: Դժվար էր, անկասկած”, ասում է Ռոբերտ Քոչարյանը:
Լրագրողները նրան հարցրել են նաեւ իր իդեալների մասին: Նրա խոսքով, առաջին տարիներին թե ժամանակ, թե տրամադրություն չկար մտածել իդեալների մասին, քանի որ կային հողերը պաշտպանելու եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու խնդիրներ:
“Հետո արդեն, տարիներ անց, երբ փորձ էինք հավաքում, երբ միջազգային շփումներում, այսպես ասենք ավելի լավ էինք պատկերացնում նաեւ պետական շինարարության զարգացումները, սկսում էինք ավելի լավ պատկերացնել, թե ինչ կարգի պետություն պետք է կառուցվի, եւ որն է այն պետությունը, որը եւ բարեկեցիկ կյանք կապահովի մեր ժողովրդին, եւ մեր ազգային արժեքային համակարգը հնարավորություն կտա պահպանել, եւ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու մեր հնարավորությունները չի թուլացնելու: Գիտեք, այս երեք հանգամանքը չափազանց կարեւոր, իրար հետ բալանսի բերելու խնդիր կար: Եվ այդ խնդիրը այսօր շարունակում է դեռ մնալ: Դրա համար, այդ բառը, իդեալական բառն այստեղ երեւի մի քիչ տեղին չէ: Շատ պրագմատիկ մոտեցում է պետք, որով մենք կկարողանանք այսօրվա իրավիճակում զարգացման լավագույն մոդելը գտնել Հայաստանի եւ Ղարաբաղի համար, որը հնարավորություն կտա եւ դիմակայել ներկա մարտահրավերներին, եւ ինտեգրվել միջազգային հանրության մեջ, եւ ինտեգրվելով` մեր ազգային արժեքները ուղղակի պահպանենք: Որովհետեւ այս ամենում մեր կորուստներ ունենալու վտանգը եւս կա, հատկապես գլոբալացվող այս աշխարհում”, ասում է Քոչարյանը:
Պատասխանելով անկախության քսան տարիների ընթացքում երկու հայկական պետությունների կորուստների եւ ձեռքբերումների մասին հարցին, Ռոբերտ Քոչարյանը նշել է. “Դուք դրվագների մասին եք հարցնում: Ընդհանրապես չեմ ուզում դրվագներից խոսել: Շատ էին: Ժամանակահատվածը չափազանց մեծ է: Հետո դրվագներից խոսելը նշանակում է հուշերով գնալ դեպի անցյալ, եւ վտանգ կա, որ կմնաս անցյալում: Ճիշտ է, որ այն տարիքում չենք, որ հուշերով ապրենք: Երեւի թողնենք ուրիշներին գնահատել մեր աշխատանքը, եւ կատարածը, եւ չկատարածը”, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ղարաբաղի ապագայի իր պատկերացմանը, Քոչարյանն ասել է, որ 20 տարին մեծ ժամանակահատված է, եւ կան երկրներ, որ այդ ժամանակահատվածում անճանաչելի փոխվում են լավ իմաստով, եւ կան երկրներ, որոնք այդպես փոխվում են վատ իմաստով: Ըստ նրա, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես մենք կաշխատենք: “Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց հենց այդպես ասել, որ փայլուն ապագա ենք ունենալու… Չեմ ասի”, նշել է Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ նրա, բարեկեցիկ կյանքը ձեռք է բերվում, նվաճվում է, վաստակվում է ամենօրյա աշխատանքով, համարձակ, մասշտաբային լուծումներով: “Նաեւ անկախությունը, մենք երբ որ ասում ենք երբ կճանաչվի կամ չի ճանաչվի, անկախությունը նվաճվում է, անկախությունը չի նվիրաբերվում”, ավարտել է Քոչարյանը:


No comments: