Tuesday, August 16, 2011

Իրանական կայք. Ադրբեջանցիները տարիներ ի վեր ծրագրված կերպով խեղաթյուրել են պատմությունը

Panorama.am. 16-8-2011- «Ադրբեջանի երիտասարդ սերունդը իր երկրի պատմության վերաբերյալ ունի ոչ ճիշտ և անիրական պատկերացում, և դա է պատճառը, որ նրանք իրենց տեսակետներում պատմական փաստերը ամբողջովին շրջված են ներկայացնում»:
Այդ մասին նշված է իրանական «ջավանօնլայն.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածում, մասնավորապես, նշվում է. «Ադրբեջանը ջանքեր է գործադրում թե հասարակության, թե միջազգային հանրության կարծիքը շեղելու օրերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի` Արանի ժողովրդի վերաբերյալ արած հայտարարության առնչությամբ: Ադրբեջանցիները տարիներ ի վեր ծրագրված կերպով խեղաթյուրել են պատմությունը և այդ քաղաքականությունն իրականացնելու նպատակով հանրակրթական դպրոցների դասագրքերից հանվել է Արան անունը` փոխարենը զետեղվելով Ադրբեջան անունը:
Իրականում, ադրբեջանցի պատասխանատու պաշտոնյաները շատ շուտ մոռացան, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ադրբեջանցիները վրան էին խփել Իրանի սահմանին և ցանկանում էին միանալ Իրանին, ավաղ այդ ժամանակվա Իրանի Իսլամական Հանրապետությունում առկա պայմաններն առիթ չընձեռեցին դա իրականացնել»:
Հոդվածագիրը, անդրադառնալով օրերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի` Ադրբեջանի նախագահին ուղղված հայտարարության առնչությամբ ադրբեջանական կողմի սուր արձագանքներին, նշում է. «Լավ կլինի, որ Ադրբեջանը անտեղի աղմուկ բարձրացնելու և ուրիշներին մեղադրելու փոխարեն, իրենց պատրաստակամությունը հայտնեն, որպեսզի Արանի պատմական հարցերը ուսումնասիրելու նպատակով Իրանի և Ադրբեջանի պատմաբանները միմյանց հետ համագործակցեն, որպեսզի գալիք սերունդը ճիշտ տեղեկատվություն ունենա երկրի պատմության մասին»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրականացրած հակաիրանական քարոզչությունը նոր թափ ստացավ այն բանից հետո, երբ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտարարել էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է ուշադրություն դարձնի, որ չի կարելի ճնշել ժողովրդի զարթոնքը: Ես մի անգամ ևս նախազգուշացրել եմ, որ Արանի ժողովրդի երակներում իրանցու արյուն է հոսում և նրանց սիրտը բաբախում է առ իսլամ, Ղուրան և Ալի ունեցած սերը: Հույս ունեմ, որ պարոն Ալիևը ուշադրություն կդարձնի այս հանգամանքին, եթե ոչ, վերջը սև է լինելու, ժողովրդական զարթոնքը ճնշման ենթակա չէ»:
Նկատենք, որ իրանցի պատմաբանները և վերլուծաբանները իրենց հոդվածներում ներկայիս Ադրբեջանի Հանրապետության մասին խոսելիս հաճախ այն անվանում են Արան և, անդրադառնալով Ադրբեջան պետության ստեղծման թեմային, նշում են. «Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքն իրականում այլ պատմական անուն է ունեցել: Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի համաձայն` Արաքսից հյուսիս ընկած շիաբնակ տարածքներն Իրանից անջատվում և անցնում են Ռուսական կայսրության տիրապետության տակ:
1911թ. Բաքվում հիմնվում է Մուսավաթական կուսակցությունը, որի հիմնադիրներ Ռասուլ Զադեն, Քազեմ Զադեն և Շարիֆ Զադեն, պանթուրքիստական գաղափարներից ելնելով, հովանավորվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ արդեն 1918թ.-ին առաջին անգամ Արան և Շիրվան տարածքներում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը:

No comments: