Wednesday, August 17, 2011

Երեւանն ու Մոսկվան նույն կապանքում

«Լրագիր» 17-8-2011- Հայաստանում տարածված տեսակետ կա, թե Ռուսաստանում ընտրությունների ու իշխանության հարցի լուծումից է կախված իրավիճակը Հայաստանում:
Ռուսաստանում իրավիճակն առայժմ անորոշ է: ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը Guardian-ին տված հարցազրույցում ասել է, թե վարչապետ Պուտինը խոչընդոտում է այն բանին, որ Ռուսաստանը դառնա ժամանակակից դեմոկրատիա: Նա գտնում է, որ Դմիտրի Մեդվեդեւն արժանի է երկրորդ ժամկետին. «Նախագահի առաջարկած տնտեսական, քաղաքական, հասարակական կյանքի մոդեռնացման ծրագիրը լավն է, սակայն նախագահի հնարավորությունները սահմանափակ են», ասել է Գորբաչովը: Նրա կարծիքով, Պուտինը «խորամանկությամբ հաղթեց» Մեդվեդեւին:
Երեկ Պուտինն ու Մեդվեդեւը ձուկ են բռնել Վոլգա գետում, սուզվել, մոտորանավակ քշել, բայց ոչ միասին, ցույց տալու համար, որ Մեդվեդեւն էլ տղամարդ է, թեեւ Պուտինի իրանն ավելի լայն է:
Մինչ Ռուսաստանի նախագահի ընտրություն մնացել է կես տարի, սակայն թեկնածուները դեռ հայտնի չեն: Նման բան հնարավոր է միայն Ռուսաստանում, որտեղ հասարակական կարծիքը նույնքան էական չէ, որքան Հայաստանում: Թեկնածուներին որոշում են ոչ թե քաղաքական կուսակցությունները` որպես քաղաքացիների խոշոր միավորումներ, այլ ավտորիտար կառավարիչները:
Բազմիցս է խոսվել այն մասին, որ Հայաստանում հնարավոր են քաղաքական արմատական փոփոխություններ, եթե Ռուսաստանում առաջադրվի Պուտինը: Դա նախեւառաջ կապում են Քոչարյանի քաղաքական վերադարձի հետ: Հայաստանում շատ վերլուծաբաններ պնդում են, որ դա անհնար է Քոչարյանի ներկայիս վարկանիշի պայմաններում: Սակայն ինչ նշանակություն ունի վարկանիշը հայաստանում, եթե ընտրության արդյունքները «պլանավորվում են» նախօրոք:
Առավել եւս, հայտնի չէ, թե ինչպես կպահի իրեն Սերժ Սարգսյանը, եթե Ռուսաստանում առաջադրվի Պուտինը եւ իր հավակնությունների մասին հայտարարի Քոչարյանը: Կբականացնի՞ արդյոք Սարգսյանի ռեսուրսը միանգամից երկու նախկին նախագահի` Հայաստանի ու Ռուսաստանի, դեմ պայքարելու համար:
Ռուսաստանի իստեբլիշմենտի մեջ գոյություն ունեցող անորոշությունը թույլ չի տալիս կազմակրպվել հայկական քաղաքական դաշտին: Սակայն, արդյոք որոշակիությունը կդառնա կայունացնող գործոն, թե կխթանի անկառավարելի գործընթացներ:
Հայաստանը նման վիճակում է հայտնվել իր քաղաքական դասի գործունեության արդյունքում, լիակատար կախման մեջ ընկնելով Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական վիճակից: Անկախ նրանից, թե ով կլինի Ռուսաստանում իշխանություն, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փոփոխությունները կկրեն ընդամենը վերնախավային բնույթ, անփոփոխ թողնելով երկրի ներկայիս իրավիճակը: Իսկ համակարգային բարեփոխումները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե հաղթահարվի տնտեսական ու քաղաքական լիակատար կախվածությունը Մոսկվայից:
Նաիրա Հայրումյան

No comments: