Thursday, August 4, 2011

Մինչեւ չազատվենք խորհրդա-ռուսականից

«Լրագիր» 4-8-2011- Հայաստանում ավելի ու ավելի շատ անհատներ եւ խմբեր են համոզմունք հայտնում, որ երկրի զարգացման համար անհրաժեշտ է դուրս գալ խորհրդա-ռուսական մտածողության տիրույթից եւ քաղաքակրթական վերընտրություն կատարել դեպի ավելի արդիական արժեհամակարգեր:
Որ խորհրդա-ռուսական մտածողության եւ հոգեբանության տիրույթը պետության եւ հասարակության զարգացման արգելակ է, կարծես թե հաստատված է փաստերով: Այդ մտածողության սահմաններում գտնվող պետություններն ու հասարակությունները զարգացում չեն ապրում, այլ լավագույն դեպքում ունենում են նյութական աճ, իսկ ընդհանրապես դատապարտվում են ճահճի:
Մինչդեռ զարգացումը միայն նյութական վիճակագրության աճը չէ, ՀՆԱ թվերը կամ այլ մակրո եւ միկրո ցուցանիշները չեն: Պետության եւ հասարակության զարգացում ասվածը թերեւս ավելի լայն հասկացություն է եւ ներառում է մտավոր, հոգեւոր արժեքների մի ամբողջություն, համակեցության կանոնների մի համակարգ, որը փոխլրացնում է նյութական ռեսուրսներին եւ այդպիսով տալիս ամողջական էֆեկտ, ձեւավորում իրապես մրցունակ պետություն:
Այդ իմաստով, խորհրդա-ռուսական տարածության վրա թերեւս դժվար է գտնել այսպես ասած հաջողակ երկիր, լիարժեք զարգացող երկիր:
Հայաստանի համար մատչելի օրինակ է Վրաստանը, որտեղ այդ երկրի նախագահ Սահակաշվիլին ուղղակի պատերազմ է սկսել խորհրդա-ռուսականության դեմ: Վրաստանն ընդունեց լյուստրացիայի մասին օրենքը, որը պարզապես վիրահատական միջամտությամբ փորձում է խորհրդա-ռուսականությունը կտրել ժամանակակից Վրաստանից: Սահակաշվիլին Վրաստանում փորձում է ձեւավորել նոր սերունդ, որը հիմնովին ազատ կլինի այդ խորհրդա-ռուսական ազդեցությունից: Վրաստանի պետական համակարգի գերակշիռ, ճնշող մեծամասնությունը կազմավորված է երիտասարդներով, որոնք զերծ են խորհրդա-ռուսական հոգեբանությունից, որը ժամանակի ընթացքում ինքնին արատավորված հոգեբանություն է դարձել` խարսխվելով եւ գոյատեւելով կաշառակերության, կոռուպցիայի, խաբեության եւ համանման այլ արատների հիմքի վրա:

Ասել, թե դա լուծում է Վրաստանի բոլոր խնդիրները, կլինի միամտություն: Վրաստանն ունի, եւ թերեւս ապագայում էլ կունենա շատ լուրջ խնդիրներ թե իր տնտեսության, թե քաղաքական համակարգի, թե ազգային փոքրամասնություններին եւ տարածքային վեճերին առնչվող խնդիրների կապակցությամբ: Բայց, միեւնույն խնդիրը կարող է բացարձակապես տարբեր ներգործություն ունենալ պետական ընթացքի վրա, երբ գտնվում է տրամագծորեն տարբեր հոգեբանական եւ մտա-բարոյական միջավայրերում:

Խորհրդա-ռուսական միջավայրը խնդիրներից սնուցվող եւ խնդիրներ սնուցող միջավայր է: Այդ պարագայում, որեւէ խնդիր աստիճանաբար վերածվում է պետական կամ հասարակական աղետի: Հետեւաբար, խնդիրների միջավայրի փոփոխությունն արդեն իսկ կարող է որոշակի լուծման էներգետիկա պարունակել իր մեջ, այն իմաստով, որ խնդիրը դադարում է լինել ազգային կամ պետական աղետի օջախ: Այդ ամենն իհարկե միարժեք չէ, բայց փաստն այն է, որ ընդամենը մի քանի տարի առաջ այդ խնդիրներից բզկտվող Վրաստանը միջավայրի փոփոխության շնորհիվ կարողացել է արձանագրել էական առաջընթաց մի շարք կարեւորագույն ոլորտների վերափոխման հարցում:

Վրաստանն իհարկե օրինակ է, բայց թերեւս դժվար կլինի Հայաստանի հեռանկարն էլ պատկերացնել համանմանորեն: Ի վերջո, Հայաստանում եւ Վրաստանում իրականությունները որքան նման, նույնքան էլ թերեւս տարբեր են իրենց առանձին բազմաթիվ մեծ ու փոքր բաղադրիչներով: Բայց, կարեւորն իհարկե ելակետային գիտակցումն է, որ Հայաստանում գլխավոր խնդիրը կարծես թե դարձել է քաղաքակրթական կողմնորոշման խնդիրը:

Այսինքն, հանրությունը կարծես թե դադարում է աշխարհի հետ Հայաստանի փոխհարաբերությունն ու փոխազդեցությունը դիտարկել լավ կամ վատ ազգերի, բարեկամ կամ թշնամի ազգերի պրիզմայով, այլ գնահատում է արժեքային համակարգերը, փորձելով պատկերացնել, թե հատկապես որ տիրույթում գտնվող արժեքներն են, որ իրապես բացում են անհատի եւ հասարակության ստեղծագործական պոտենցիալն ու տալիս ազատ զարգացման հնարավորություն: Հայաստանի հասարակության մեջ կարծես թե կամաց-կամաց նահանջում է “ռուսները լավն են ու մեր բարեկամն են, իսկ ամերիկացիները խորամանկ են ու խարդախ” մտածողությունն ու չափումը: Հայաստանի հասարակությունը կարծես դադարում է շրջապատը լավի ու վատի բաժանելուց եւ փորձում է գնահատել գործոնները:

Ի դեպ, հատկանշական է նաեւ այն, որ խորհրդա-ռուսականությունը կարծես թե բանավեճի առարկա է դառնում նույնիսկ Ռուսաստանում: Մեդվեդեւի մոդեռնիզացիան ոչ այլ ինչ է, եթե ոչ հենց հարձակում այդ խորհրդա-ռուսական մտածողության եւ հոգեբանության, արժեհամակարգի դեմ: Այլ հարց է իհարկե, թե որքանով է Մեդվեդեւը անկեղծ, այսպես ասած որքանով է Մեդվեդեւը ռուսական Սահակաշվիլի: Ակնհայտ է, որ նա թե պակաս համարձակ է, թե նաեւ նրա համար իրավիճակը ավելի բարդ է Պուտինի առկայության պայմաններում: Մյուս կողմից, հարց է նաեւ, թե կոնկրետ Մեդվեդեւն ինքը որքանով է իրապես ուզում մոդեռնիզացիա, ուզում է, թե դա ընդամենը դիտարկում է հռչակագրային բնույթի քաղտեխնոլոգիական հնարք:

Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա հենց միայն այն, որ այդպիսի հնարք է դրվել շրջանառության մեջ, վկայում է, որ այն Ռուսաստանում ունի զգալի պահանջարկ: Այսինքն հարցն իր էությամբ օրակարգային է նաեւ Ռուսաստանում, ունի այնքան հանրային պահանջարկ, որ Մեդվեդեւի թիմն այն դիտարկել է որպես արդյունավետ քաղտեխնոլոգիական հնարք:

Խորհրդա-ռուսական մտածողությունն ու հոգեբանությունն ապագա չունի: Ապագան դրանից ազատվելու մեջ է, փլատակների տակ չմնալու համար, որովհետեւ այն քանդվում է ինքն իրեն: Հետեւաբար, դրանից հնարավորինս արագ ձերբազատվելու հարցը փաստացի ազգային անվտանգության խնդիր է, որ պետք է լուծի Հայաստանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: