Wednesday, August 17, 2011

Today’s zaman. Օլիգարխիային պետք է “վախը թուրքերից”` հայ ժողովրդին ճնշման տակ պահելու համար

«Լրագիր» 17-8-2011- Թուրքական Today’s zaman-ը գրում է. “Սերժ Սարգսյանի պատասխանը հայ ուսանողի այն հարցին, թե երբ Արևմտյան Հայաստանը և Արարատ լեռը կվերադառնան հայերին, մեծ աղմուկ էր բարձրացրել և ճգնաժամ էր առաջացրել Երևանի և Անկարայի միջեւ: Թվում է` այդ իրարանցումից հետո փոշին արդեն անհետանում է, սակայն, ներկայիս քաղաքականությունը հույս չի ներշնչում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև խրոնիկ խնդիրները կլուծվեն:
Երևանը հակված չէ ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ոչ էլ ցանկանում է վերանայել իր ցեղասպանության վարկածը: Այն ոչ մի մտադրություն չունի դուրս գալ Ադրբեջանի օկուպացված տարածքներից, այլ փորձում է շեղել Բաքվին, որը չի պատրաստվում ռազմական տարբերակի գնալ, անվերջ բանակցություններով, և յուրացնում է ադրբեջանական հողերը: Հայաստանը նաև հակված չէ նոր նախաձեռնություն ցուցաբերել Թուրքիայի հանդեպ:
Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ժպտադեմ նկարները ոչ մի օգուտ չեն տալիս: Երևանի բյուրոկրատական օլիգարխիան, որը ժառանգվել է Սովետական միությունից, շարունակում է գոյատևել: Այս համակարգին հարկավոր է “վախը թուրքերից”` հայ ժողովրդին ճնշման տակ պահելու համար:
Անկարան հոգնել է Երևանին ապարդյուն բարեկամական ձեռք մեկնելուց: Ուստի, Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետ, այնքան ժամանակ, մինչ Հայաստանը չսկսի դուրս գալ իր կողմից օկուպացված Ադրբեջանի տարածներից:
Այս պայմաններում ինչ հարաբերությունների բարելավման մասին կարող է խոսք լինել: Ինչ նոր քաղաքականություն կարող է խաղաղությունը վերականգնել Հարավային Կովկասում և նոր էջ բացել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում:
Նոր քաղաքականությունը չպետք է սկսվի` շեշտը դնելով հայերի և թուրքերի միջև ողբերգական իրադարձությունների վրա, այլ այն ջերմ բարեկաման հարաբերությունների վրա, որ եղել են երկու ժողովուրդների միջև երկար տարիներ: Այս նպատակով Թուրքիայում աշխատող հայերին կարող են տրամադրվել բնակության թույլտվությունները կամ ID քարտեր: Նրանց երեխաներին կարելի է թույլ տալ հաճախել թուրքական դրպոցներ և այլն:
Միայն մայրաքաղաքները չեն, որ սահմանում են քաղաքականությունը, մարդիկ նույնպես կարող են դա անել: Հայաստանի մարդիկ և մտավորականները հոգնել են Երևանի ավտորիտար և ռեպրեսիվ իշխանություններից: Հայերը փորձում են մոտենալ Եվրոպական Միությանը Թուրքիայի միջոցով, առանց իրենց անցյալը ժխտելու: Հայաստանը, ուշ թե շուտ, պետք է իր “գարունը” ապրի: Հայաստանի գարունը կարող է դուռ բացել դեպի մշտական խաղաղություն Հարավային Կովկասում:

No comments: