Tuesday, September 27, 2011

Թուրքիան Արձանագրությունները կօգտագործի 2015-ին. քաղաքագետ

Tert.am. 27-9-2011- «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր դիտարկումները Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ:
«ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունից միանգամից արդյունք պետք չէ ակնկալել, կարևորը փաստն է, որ ընդդիմության և իշխանության միջև կա երկխոսության եզր, որն այս պահին արդյունք չի տալիս, բայց հետագայում անպայման կտա»,- ասաց նա:
ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսի մասին խոսելիս վերլուծաբանը նշեց, որ «մենք սովետական ժամանակաշրջանից շատ աղբ ենք բերել, որոնցից քիչ-քիչ ազատվում ենք»: Ըստ նրա՝ զորահանդեսի ժամանակ սովետական մի աղբից ևս ազատվեցինք՝ հնչեցվեցին բոլոր այն մարդկանց անունները, որոնք լումա ունեին այս երկրի կայացման գործում՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ ունեին այդ մարդիկ, որ ճամբարում են գտնվում:
Խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին՝ Ղումաշյանն անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին և նշեց, որ Թուրքիան այդ արձանագրությունները «կձգի» մինչև 2015 թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և այդ ժամանակ կօգտագործի դրանք, քանի որ «հնչեղությունն այլ կլինի»: Վերլուծաբանն այն կարծիքին է, որ, հնարավոր է, Թուրքիան Արձանագրությունների որոշ կետեր իրականացնի, օրինակ բացի Հայաստանի հետ սահմանը կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատի, բայց արձանագրություններն ամբողջությամբ կյանքի չեն կոչվի:

No comments: