Friday, September 16, 2011

Հրանտ Դինքն այսօր կդառնար 57 տարեկան

Tert.am. 16-9-2011- Մահից ամիսներ առաջ հարցազրույցներից մեկում Դինքն ասել էր, որ, թեև իրեն ուղղված սպառնալիքներին, միևնույն է, իրեն չեն սպանի. «Իմ երկրում աղավնիներին չեն սպանում»: Սակայն, ավաղ, նա սխալվեց:
Դինքը սպանվեց 2007-ի հունվարի 19-ին՝ Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալեց է 17-ամյա Օգյուն Սամաստին, ով առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանեց է իր մեղքը։
Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով:
Մարդասպանը` տրապիզոնցի թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, միայն վերջերս ստացավ իր պատիժը: Թեև Սամասթին սպառնում էր ցմահ ազատազրկում, սակայն հանցագործության պահին անչափահաս լինելու պատճառով նրա դատավճիռը մեղմացվեց, և նրան բաժին հասավ 23 տարվա ազատազրկում:
Դինքին սպանությունից առաջ հասցրել էին անգամ մեղադրանք առաջադրել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը դատապարտում է «թուրք ժողովրդին վիրավորանք հասցնելը»:
«Երբ Շիշլիի դատախազությունն իմ դեմ «թուրքերի ազգային ինքնասիրությունը նվաստացնելու» մեղադրանքով հետաքննություն սկսեց, ես մտավախություն չեմ ունեցել: Դա առաջին դեպքը չէր: Նման դատական գործին մինչ այդ առնչվել էի Ուրֆայում: Երեք տարի շարունակ ինձ «թուրքերի նվաստացման» մեղադրանքով դատում էին զուտ նրա համար, որ 2002-ին Ուրֆայում, մասնակցելով կոնֆերանսի, ելույթում ասել էի, որ «թուրք չեմ, այլ Թուրքիայի հայ եմ»: Այն ժամանակ նույնիսկ տեղյակ չէի դատական նիստերի ընթացքից: Դրանք ինձ բոլորովին չէին հետաքրքրում: Դատավարությունն իմ բացակայությամբ առաջ էին տանում ուրֆացի փաստաբան ընկերներս: Բավականին անհոգ էի նաև Շիշլիի դատախազությունում բացատրություն տալու ժամանակ: Ի վերջո, ակնհայտ էին և՛ գրածներս, և՛ մտադրությունս: Համոզված էի, որ դատախազն իմ հոդվածի` առանձին որևէ իմաստ չարտահայտող նախադասության փոխարեն կկարդա ամբողջությամբ, այսպիսով, հեշտությամբ կհասկանա, որ «թուրքերին նսեմացնելու» որևէ մտադրություն չունեմ և վերջ կգտնի այս կատակերգությունը: Վստահ էի, որ հետաքննությունը չի հանգեցնի իմ դեմ դատական գործի հարուցմանը»,- ասել է Դինքը:
Նա սխալվել էր նաև այս հարցում, քանի որ դատարանն իր նման մարդասիրաբար տրամադրված չէր:
2007-ի հունիսին ՀՀ նախագահի մրցանաը հետմահու շնորհվել է Հրանտ Դինքին: Առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու: «Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կհիշենք նրան, և մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»:
Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը, դուստրը` Դելաուա Դինքը և եղբայրը` Երվանդ Դինքը: Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, ով ասել է. «Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ և՛ պատվավոր, և՛ տխուր է ընտանիքի համար: Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիներ են»:
Այսօր Ստամբուլում տեղի է ունենալու Հրանտ Դինքի անվան միջազգային ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակը սահմանել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը:
Ամեն տարի շնորհվում է երկու մրցանակ. մեկը Թուրքիայում բնակվող, մյուսն էլ՝ օտարերկրացի հավակնորդների համար: Հիմնադրամի կազմկոմիտեում ներգրավված են հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը, Եվրախորհրդարանի պատգամավորներ, գրողներ և հասարակական գործիչներ:

No comments: