Friday, September 16, 2011

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՈՑ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Համայնքային կալվածքների մասին հրամանագիրը նրանց տալիս է այդ միջոցը հավասարապես օգտագործելու հնարավորություն

«ԱԶԳ», 16-09-2011- Նախորդ համարում «Համայնքային կալվածքների առնչությամբ Քլինթոնը ողջունում է Էրդողանին» վերնագրով նշել էինք, որ դա արվել է ԱՄՆ պետքարտուղարության կրոնական ազատությունների մասին զեկուցագրի հրապարակման առնչությամբ: 2010-ի երկրորդ 6-ամյակը ընդգրկող այս զեկուցագրի Թուրքիային վերաբերող հատվածում թեեւ նշվել է կրոնական որոշ խմբավորումների դավանանքի ազատության սահմանափակման մասին, մասնավորապես մատնացույց է արվել, որ առայժմ փակ է մնում հույն հոգեւոր ճեմարանը, այնուամենայնիվ. գոհունակությամբ է արձանագրվել ինչպես Տրապիզոնի Սումելա վանքը, այնպես էլ Աղթամարի Սուրբ Խաչ եղեկեցին ժամերգության բացելու եւ կառավարության հրամանագրով 1936-ից ի վեր առգրավված համայնքային կալվածքները վերադարձնելու առնչությամբ:
Սումելա վանքն ու Սուրբ Խաչ եկեղեցին ունեն թանգարանի կարգավիճակ եւ ժամերգության չեն բացվել: Պարզապես թուրքական իշխանությունները տարվա մեջ մեկ օր այս եկեղեցիներում պատարագ մատուցելու հնարավորություն են տվել սեփական տերերին, իսկ պետքարտուղար Քլինթոնը դա ինքնակամ համարել է կրոնական հանդուրժողականության հերթական դրսեւորում, հայտարարելով. «Օգոստոսին թուրքական կառավարությունն արձակեց մի հրամանագիր, որը նախատեսում է ոչ մահմեդական համայնքներին վերադարձնել 75 տարի առաջ բռնագրավված եկեղեցիներն ու սինագոգները: Հրամանագրով ստանձնած պարտավորությունների համար ողջունում եմ վարչապետ Էրդողանին»:

Պետքարտուղարության զեկուցագրի մասին սեպտեմբերի 14-ին նշել էր «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությունը: Իսկ պետքարտուղարի ողջույնին նույն օրը անդրադարձել է CNN-turk-ը: Համենայն դեպս, զեկուցագիրը Էրդողանին ողջունելու, առավել եւս Թուրքիայում կրոնական հանդուրժողականության հետեւությանը հանգելու որեւէ հիմք չի տալիս, գոնե դրա համար, որ 1971-ից առ այսօր փակ է մնում հույն հոգեւոր ճեմարանը, էլ չենք խոսում Սուրբ Խաչ դպրեվանքի մասին, որն այդ թվին վերածվեց սովորական դպրոցի:
Ինչ վերաբերում է համայնքային կալվածքների մասին հրամանագրին, որը օրենքի ուժ է ստացել օգոստոսի 27-ին, ապա դա էլ ընդամենը հարցականներ է առաջացնում: Հայտնի չեն կալվածքները վերադարձնելու պայմանները, բացի դրանիցՙ պետականորեն առգրավվելուց հետո դրանց մի մասը վաճառվելու պատճառով ձեռքից ձեռք է անցել կամ վերափոխվել է այլ կառույցի, ինչպես օրինակՙ Գեդիկփաշայի ավտոկանգառի վերածված հայ բողոքական վարժարանը:
Հատկանշական է, որ Էրդողանի կառավարության հրամանագիրը ողջունում են նաեւ հայ, հույն եւ հրեա համայնքները, ընդ որում քաջատեղյակ լինելով դրա բոլոր թերություններին: Ինչո՞ւ: Այդ հարցին «Զամանի» սեպտեմբերի 11-ի համարում «Փոքրամասնությունների անվերջանալի տանջանքը» վերնագրով պատասխանել է Աբդուլլահ Յավուզ Ալթունը:

Հոդվածագիրը նշում է, որ 1936-ից ի վեր առգրավված համայնքային կալվածքների վերադարձման գործընթացը Թուրքիայում սկզբնավորվել է 2002-ին, Էրդողանի «Արդարություն ու բարգավաճում» կուսակցության իշխանությամբ, շնորհիվ Եվրոմիության հետ ներդաշնակության օրենքների ընդունման: Այդ ուղղությամբ, ըստ նրա, որոշակի քայլեր էին կատարվել 2003-ին եւ 2008-ին, սակայն դրանք ժեստի բնույթ ստացան:

Այնուհետեւ հեղինակը 1915-ի ցեղասպանության օրինակով անդրադառնում է համայնքային կալվածքների առգրավման պատմությանը, նշում է, որ Օսմանյան Թուրքիայում հայերի տեղահանությունից հետո երիտթուրքերի ընդունած «տիրազուրկ կալվածքների» մասին օրենքով պետականացվել է տեղահանվածների ունեցվածքը, թեեւ 1920-ին որոշվել է վերադարձնել այդ ունեցվածքը, սակայն 1923-ի հատուկ օրենքով վերջնականապես յուրացվեց:

20-ականների սկզբներին մոտավորապես նույն ճակատագրին է արժանացել Հունաստանի հետ ձեռք բերված համաձայնությամբ փոխանակման ենթարկված հույների, իսկ 30-ականներինՙ հրեաների ունեցվածքը: Այս ամենին հետեւել է 1942-ի «ունեցվածքի հարկը», ապա նաեւ 1955-ին Ստամբուլում կազմակերպված ջարդերը:

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնություն կիրառելու պարագայում խնդիրը սոսկ ունեզրկման կամ ջարդի դրսեւորումները չեն, այլ քարոզարշավները: Դրանցից է Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 1928-ի հունվարի 13-ի որոշումը, որը ենթադրում էր արգելել ազգային փոքրամասնություններին, բացի թուրքերենից, այլ լեզվի օգտագործումը: Այդ որոշումն այնուհետեւ վերածվում է քարոզարշավի, եւ Ստամբուլի տարբեր վայրերում ի հայտ են գալիս «Քաղաքացի, թուրքերեն խոսի՛ր» ցուցապաստառներ, մակագրությունը դառնում է կարգախոս, իսկ չենթարկվողները ձերբակալվում են:

Այլ կերպ, հակառակ Լոզանի պայմանագրով ստանձնած պարտավորություններին, Թուրքիան հալածել, ունեզրկել, կոտորել է ազգային փոքրամասնություններինՙ ոտնահարելով նրանց մայրենի լեզվով խոսելու իրավունքը: Էրդողանի կառավարության հրամանագիրը թերեւս առաջին դեպքն է, երբ հալածելու, ունեզրկելու եւ կոտորելու փոխարեն առգրավված կալծվածքները վերադարձնելու հարց է բարձրացնում, թերեւս դրանով էլ ոգեւորում է ազգային փոքրամասնություններին:

Ինչ վերաբերում է պետքարտուղար Քլինթոնի ողջույնին, չի բացառվում, որ դա կալվածքների վերադարձման հարցում Էրդողանի կառավարությանը խրախուսելու նպատակ հետապնդի, իսկ Էրդողանը օգոստոսի 27-ին ԱՄՆ պետքարտուղարության կրոնական ազատությունների մասին զեկուցագրի հրապարակումից առաջ ուժի մեջ մտած հրամանագրով ժեստ անի ոչ այնքան Թուրքիայի ազգային փոքրամասնություններին, որքան ԱՄՆ-ի պետքարտուղարությանը: Այդ դեպքում արդեն փոքրամասնությունները հավասարապես միջոց են դառնում ինչպես Թուրքիայի վարչապետի, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղարի համար, որոնց որպես միջոց օգտագործելու հնարավորություն է տալիս հրամանագիրը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: