Friday, September 16, 2011

ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՀԱՇՎԵԼ Է» 6 ՄԼՆ ՄԱՐԴ

Որոնց «90 տոկոսըՙ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ»
«ԱԶԳ», 16-09-2011- Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է կրոնական ազատությունների վերաբերյալ կիսամյակային (2010-ի հուլիս-դեկտեմբեր) զեկույցը: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը` զեկույցում մասնավորապես ասված է. «Հայաստանի սահմանադրությունը պաշտպանում է դավանանքի ազատությունը, սակայն մյուս օրենքները եւ քաղաքականությունը որոշ խտրականություն են դնում կրոնական փոքրամասնությունների անդամների դավանանքի ազատության վրա»: Իհարկե` քննարկման այլ խնդիր է, թե ԱՄՆ-ի ի՞նչ գործն է, թե ում են պաշտպանում կամ խտրականություն կիրառում այլ երկրների, կոնկրետ Հայաստանի օրենքները: Պետքարտուղարության զեկույցը հետաքրքրական է մի շարք առումներով: Նախ եւ թերեւս ամենահատկանշականը. ամերիկյան զեկույցում ասված է. «Հայաստանի բնակչության 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են. կրոնական մյուս խմբերը փոքր համայնքներ են, որոնց հետեւորդները երկրի բնակչության 5 տոկոսից քիչ են կազմում»:
Օրեր առաջ, ինչպես տեղեկացրել էր «Ազգը» , կրոնագետ Ալեքսանդր Ամարյանը հայտարարեց, որ Հայաստանում այսօր կան «Հայ առաքելական եկեղեցու ոչ հետեւորդ 300 հազար մարդ», ընդ որում Ամարյանը այս 300 հազարի մեջ ներառել էր նաեւ մեր երկրում բնակվող ուղղափառներին, կաթոլիկներին, եզդիներին ու քրդերին, որոնք, գաղտնիք չէ, բավական մեծաթիվ համայնքներ են: Ի՞նչ է ստացվում. ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանում հաշվել է 6 մլն մա՞րդ. չէ՞ որ հենց այդքան պիտի լինի Հայաստանի բնակչությունը, եթե նրա 5 տոկոսը կազմում է Ամարյանի ներկայացրած 300 հազարը: Մյուս կողմից, հնարավո՞ր է, որ Ամարյանը թիվը չափազանցում է, այդ պարագայում առաջանում է հարց. ո՞վ է շահում ավելի շատ` Ամարյա՞նը` առաքելական եկեղեցու հետեւորդների թիվը չափազանցնելով, թե՞ ԱՄՆ պետքարտուղարությունը` երկրում «կրոնական այլ համայանքների» թիվը կրճատելով:
Ինչեւէ` հաջորդաբար` պետքարտուղարության զեկույցում ասվում է. «Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը: Առաքելական եկեղեցուն շնորհված է արտոնություններ, ինչը չունեն կրոնական մյուս խմբերը»: Իսկ ի՞նչ է առաջարկում ԱՄՆ պետքարտուղարությունը. որ հավասարեցնենք նոր հայտնված` կասկածելի արմատներով, էլ ավելի կասկածելի նպատակներով կրոնական կազմակերպություններին Առաքելական եկեղեցո՞ւն. այն նույն եկեղեցուն, որը պետական նշանակություն է ունեցել հայերիս համար` դարեր շարունակ, եւ որի հովանու ներքո հայերեն են սովորել բազմաթիվ հայ երեխաներ` աշխարհի տարբեր անկյուններում: Եթե ԱՄՆ-ի պահանջը սա է, ապա ինչո՞ւ, ի՞նչ նպատակով...:

Այնուհետեւ պետքարտուղարությունն անդրադառնում է «հավատացյալ կալանավորների ու ձերբակալվածների կրոնական ազատությունների խախտումներին»` որպես օրինակ բերելով. «Երեւանում «Եհովայի վկաների»-ի առաջնորդն ասել է, որ կրոնական համոզմունքների պատճառով զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը մերժող իրենց 73 անդամներ դեկտեմբերի 31-ի դրությամբ մնում են մեկուսարանում»: Բնականաբար հասկանալի է` պետքարտուղարությունը այս` ընդամենը միակողմանի տեղեկությունը ներկայացնում է որպես փաստ: Նախ` ո՞վ ասաց, որ «Եհովայի վկաների» երեւանյան առաջնորդը ճշմարտությունն է ասում, եւ երկրորդՙ եթե անգամ այդպես է` իսկ ինչպե՞ս է վարվում ԱՄՆ-ը իր քաղաքացիների հետ, որոնք խախտում են իր իսկ օրենքները առավել եւս սահմանադրական պարտականությունների կատարումից են հրաժարվում:

Ամերիկյան զեկույցը անդրադառնում է նաեւ Երեւանում տեղադրված հայերի ու հրեաների ողբերգության հուշարձանի հրեական մասի` նախորդ տարվա հոկտեմբերի 19-ին պատահած պղծմանը: Այստեղ պետքարտուղարությունը հնարավորինս օբյեկտիվությունը պահպանելու համար մեջբերել է Հայաստանում հրեական համայնքի ղեկավարի խոսքերը. «Հայաստանում հրեական համայնքը միջադեպը չի բնորոշում որպես երկրում հակահրեական մթնոլորտի արդյունք, դա պարզապես «խուլիգանություն» է, որը կարող են կատարած լինել նաեւ արտասահմանցիները»: Եվ վերջում` պետքարտուղարության զեկույցը «տեղեկացնում է». «Հայկական լրատվամիջոցների մեծ մասը, ներառյալ պետականորեն հիմնադրված Հանրային հեռուստաընկերությունը, շարունակում են պիտակել կրոնական փոքրամասնությունների խմբերին` նրանց ներկայացնելով որպես «աղանդների»: Տարբեր հեռուստաընկերություններ շարունակում են քննարկումներ հեռարձակել, որոնց մասնակցող Հայ առաքելական եեղեցու ներկայացուցիչները կամ այլ մասնակիցներ, կրոնական փոքրամասնությունների խմբերին պիտակում են պետության եւ ազգային միասնության դեմ թշնամիներ»: Իսկ, թե ինչո՞ւ են համարվում «կրոնական փոքրամասնությունների խմբերը» Հայաստանում «պետության եւ ազգային միասնության դեմ թշնամիներ», դա արդեն ԱՄՆ պետքարտուղարության որոշելիքը չէ. դրա որոշողը ՀՀ քաղաքացիներն են:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: