Wednesday, September 7, 2011

Ալիեւը մտադիր է ազատվե՞լ պաշպանության նախարարից

News.am. 7-9-2011- Վերջին շրջանում ադրբեջանական մամուլը հաճախ է անդրադառնում բանակում տիրող իրադրությանը, կոռուպցիոն մթնոլորտին եւ հատկապես Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի` պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ադրբեջանի ռազմական ակադեմիայի սպաները մի քանի անգամ նամակներ են ուղարկել ադրբեջանական «Մուսավաթ» թերթին եւ անդրադարձել Աբիեւի իրականացրած գործունեությանը եւ մասնավորապես, նրա ադրբեջանական եւ արտասահմանյան տիրույթներին: Բացի դրանից, ադրբեջանական մամուլում վերջին շրջանում Աբիեւին ու նրա վարած քաղաքականությունը քննադատող տեղեկություններ ու հոդվածներ են տպագրվում։ Արձանագրվեց նաեւ մեկ այլ աննախադեպ դեպք։ Ադրբեջանական բանակի սպա Գասիմովը «Բիզիմյոլ» թերթի միջոցով դիմեց Ադրբեջանի նախագահ Ալիեւին, այս անգամ սակայն նշելով, որ ողջ բանակն է ծայրահեղ վատթար իրավիճակում։ «Ես չեմ կարողանում ապահովել իմ եւ ընտանիքիս պահանջները: Թերթի միջոցով դիմում եմ Գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւին: Բանակում այնպիսի իրադրություն է ստեղծվել, որ զինվորները չեն կարող հայրենասեր լինել»,- ասել էր կապիտան Գասիմովը։
Աբիեւին վարկաբեկող այս դեպքերի շարանը շատերին է մտորելու առիթ տալիս: Փորձագետները նշում են, որ հաշվի առնելով, այն փաստը, որ Ադրբեջանում երկրի վերնախավը վերահսկում է բոլոր տեղեկատվական աղբյուրները, Աբիեւի նման խոշոր գործչի նկատմամբ հրապարակային հարձակումը կարող է լինել միայն այն մարդկանց պատվերը, ովքեր Ադրբեջանում նրանից ավելի ազդեցիկ են։ Ըստ էության, դա կարող է լինել Իլհամ Ալիեւը։ Աբիեւ-Ալիեւ հակամարտության հավանականությունը հնարավոր է զրոյական թվալ, սակայն որոշ փաստեր եւ հանգամանքներ հաշվի առնելու դեպքում, պարզ է դառնում, որ Ալիեւի` Աբիեւից ձերբազատվելու վարկածն այնքան էլ անհիմն չէ:
Վերընտրվելու սահմանափակման սահմանադրական արգելքը չեզոքացնելուց հետո, Ալիեւը մի շարք քայլեր կատարեց հնարավոր մրցակիցներին ասպարեզից հեռացնելու համար։ Նրան այդ հարցում հավատարմորեն օգնեցին հոր՝ Հեյդար Ալիեւի կադրերը, որոնցից մեկը ներկայիս Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն է։ Ի դեպ Աբիեւի նախարարության օրոք ադրբեջանական բանակը ամորֆ վիճակից ձեւավորվեց, եւ տեխնիկապես վերազինվեց: Աբիեւը հսկայական աշխատանք տարավ եւ փորձեր ձեռնարկեց պարտված ադրբեջանական բանակի ռազմական ոգին վերականգնելու, եւ ադրբեջանցիների մոտ բանակի նկատմամբ վստահության ավելացման ուղղությամբ։ Սակայն այսօր Աբիեւն, ըստ էության, Ադրբեջանում եզակի դեմքերից է, ով իր ազդեցությամբ եւ ֆինանսական հզորությամբ Ալիեւի եւ նրա վարած քաղաքականության հակակշիռ կարող է լինել:
Վերջերս ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» թերթի հոդվածներից մեկում ուշագրավ տեղեկություն կար, ըստ որի, Աբիեւի՝ բանակի հրամանատարության կազմում կատարած փոփոխությունների արդյունքում, Ադրբեջանի ԶՈՒ բարձրագույն սպայակազմի 90 տոկոսն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, մասնավորապես թաթեր, թալիշներ, լեզգիներ։

Այս հանգամանքը մտահոգություն է առաջացրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում, ովքեր Աբիեւի կադրային քաղաքականությունը ազգային անվտանգության սպառնալիք են դիտարկում։ Չի բացառվում, որ Աբիեւյան կլանը հնարավոր է իրանամետություն է դրսեւորել, ազգությամբ թալիշներին ԶՈՒ բարձրագույն հրամանատական պաշտոններում տեղավորելով։ Եթե բանը հասնի նրան, որ Աբիեւիը հեռացվի բանակի հրամանատարությունից, ադրբեջանական բանակում հնարավոր է լայնածավալ կադրային ջարդ սկսվի:
Նշենք, որ Սաֆար Աբիեւն Ադրբեջանի ամենահարուստ մարդկանցից է։ «Մուսավաթի» տեղեկություններով, միայն վերջինիս ավտոպարկի արժեքը գերազանցում է 25 մլն դոլարը։

No comments: