Wednesday, September 7, 2011

ԲՈԼՈՐԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԵՆ ԽՈՍՈՒՄ, ԲԱՑԻ ԱԼԻԵՎԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #157, 07-09-2011- Հարավային Կովկասի, նաեւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն իր տարածաշրջանային այցը սկսեց Բաքվից: Դեռեւս սեպտեմբերի 5-ին Լեֆորը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Հանդիպմանն, ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության, Ալիեւը հույս է հայտնել, թե «ԵՄ-ն այսուհետեւ էլ կընդլայնվի»:
Թե հատկապես ինչու է Ալիեւը հույս հայտնում Եվրոմիության ընդլայնման առնչությամբ, ժողովրդավարություն կերտելու ճանապարհի սկզբին կանգնած Ադրբեջանի նախագահի պարագայում առանձնակի կասկածներ չի հարուցում: Ամեն դեպքում, միայն ընդլայնման բարեմաղթանքներով չէ, որ սահմանափակվել է Լեֆոր-Ալիեւ քննարկումը, որից մանրամասներ չեն հաղորդվում: Նրանք խոսել են նաեւ ղարաբաղյան խնդրից:
Այս թեման շոշափվել է նաեւ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ հանդիպմանը, որի ընթացքում Ասադովն, ամենայն հավանականությամբ առանց կարմրելու ներկայացրել է Եվրոպայի ժողովրդավարական ինստիտուտների հետ համագործակցության ադրբեջանական «իղձերը»: Լեֆորն էլ առանձնակի ժլատ չի գտնվել, ըստ պետական լրատվական գործակալության, «գոհունակություն հայտնելով Ադրբեջանի բազմակողմանի զարգացման» առումով:
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Բաքվում հանդիպել է նաեւ փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը, քանի որ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը գտնվում էր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` մասնակցելու Չմիավորման շարժման 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Ձեռքի հետ ադրբեջանական արտաքին գերատեսչությունն իր հանրությանը «տեղեկացրել» է նաեւ, որ Լեֆորը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» հետ:
Ինչեւէ, Մամեդյարովը թեեւ չի հանդիպել Ֆիլիպ Լեֆորին, սակայն Բելգրադում հասցրել է կրկին հնչեցնել տարածաշրջանի իրավիճակի ադրբեջանական թեզն այն ձեւակերպմամբ, թե «Հայաստանն է խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը», կարծես թուրը պատյանից հանած ու գլխավերեւում ճոճողը Ալիեւ կրտսերը չէ: Մամեդյարովի ղեկավարած գերատեսչությունն էլ Բելգրադում գտնվող իր ղեկավարին թերեւս տեղյակ չի պահել, որ Ալիեւի մշտապես պտտեցրած ձայնապնակը, պարզվում է, մնում է Ադրբեջանի նախագահի գրասենյակում, որի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը անհամբեր է «փոփոխելու ստատուս քվոն»:
Հասանովի կողմից ղարաբաղյան խնդրին անդրադառնալու հանգամանքը, նաեւ այլ մանր-մունր չինովնիկների բարձրաձայնումներն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե Ալիեւ կրտսերը չի ցանկանում կամ, որ ավելի հավանական է, վախենում է անձամբ խոսել խնդրից, այլ այլոց բերանով «հող է շոշափում», իսկ միջազգային հանրությունը, ցավոք, համբերատար անտարբեր է ձեւանում փոքր տարածաշրջանում կրկին պատերազմ սանձազերծելու հիստերիկ կոչերի նկատմամբ:
Հասկանալի է, որ նավթային իրողությունները «խցանել են» եվրոպական «ժողովրդավարությունների» ու մարդու իրավունքների արժեքների հետեւորդների դատապարտումները: Ամեն դեպքում, գոնե տարածաշրջանային այցելությունների շրջանակներում եվրոներկայացուցիչները հարկ է, որ հասցեագրեն «խաղաղ լուծման այլընտրանք չունենալու կոչերը»:
Ամեն դեպքում, այսօր էլ ԵՄ Հարավային Կովակսում հատուկ ներկայացուցիչ Լեֆորը կլինի Հայաստանում` հանդիպումների հավանաբար նույնանման օրակարգով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: