Thursday, September 1, 2011

Սարսափելի” օլիգարխիա

«Լրագիր» 1-9-2011- Ունի արդյոք Հայաստանի իշխանությունը պաշտոնյաների այն “սեւ ցուցակը”, որի մասին գրել է 168 ժամ թերթը, հայտնելով, որ ցուցակում ներկայացված պաշտոնյաներն առաջիկայում կձերբակալվեն կամ կազատվեն պաշտոնից` այսպես ասած հակակոռուպցիոն տրամաբանության շրջանակում:
Համենայն դեպս, նախընտրական տրամաբանությունը հուշում է, որ եթե իշխանությունն այդ ցուցակը չունի ասենք Սերժ Սարգսյանի գրասեղանի դարակում կամ Հատուկ քննչական ծառայության ղեկավարի համակարգչի վրա, ապա առնվազն կարող է ունենալ մտքում: Իշխանությունն անշուշտ հասկանում է, որ Հայաստանում պաշտոնանկություններն ու ձերբակալությունները դառնում են անհրաժեշտություն, որովհետեւ հանրությունն այլեւս չի ուզում կերակրվել “դե ժամանակ է պետք”, “դե մարդկանց դատելով ոչինչ չի փոխվի” եւ այդ կարգի այլ բացատրություններով:
Եթե իշխանությունը, դրա բարձրաստիճան ներկայացուցիչները եւ Սերժ Սարգսյանը քաղաքականապես անմեղսունակ չեն, ապա պետք է որ տեսնեն այդ բացատրությունների հանդեպ հանրային անտարբերությունը: Քաղաքացին չի ուզում, ու չի էլ կարող հասկանալ, թե այդ ինչպես է պատահում, որ իրենց եւ իրենց հարազատների անձնական կյանքը դասավորելու հարցում Սերժ Սարգսյանն ու իշխանության մյուս բարձրաստիճանները ժամանակի կարիք չունեն, իսկ ահա երբ խոսքը ժողովրդի կյանքը դասավորելու մասին է, նրանք ժամանակ են պահանջում:
Բայց, ճշմարիտ է նաեւ այն, որ պաշտոնանկություններով ու ձերբակալություններով հարց չի լուծվի, որովհետեւ այդ պաշտոնանկություններն ու ձերբակալությունները կարող են ընդամենը քարոզչական բնույթ կրել: Իսկ կարո՞ղ է արդյոք իշխանությունը գործել այդ բնույթից դուրս: Չէ՞ որ դա նշանակում է պատերազմել ինքն իր դեմ: Չէ՞ որ եթե Սերժ Սարգսյանը ձեռնամուխ լինի կոռուպցիայի դեմ իրական պայքարի, նրա իսկ ղեկավարած համակարգը շրջվելու է նրա դեմ: Ընդ որում, ոչ թե շրջվելու է ֆիզիկապես, փորձելով տարատեսակ սաբոտաժների ենթարկել Սարգսյանի նախագահական գործունեությունը, այլ անկասկած փորձելու է հրապարակ հանել նաեւ համակարգի կոռումպացվածության այս կամ այն դրսեւորմանը Սերժ Սարգսյանի հնարավոր առնչության մասին փաստական տեղեկություններ:
Այլ կերպ ասած, կոռուպցիայի դեմ իրական պայքարը Հայաստանում շատ դաժան իրավիճակ է խոստանում, որից կարող է քանդվել մի կծիկ, որի ծայրն Աստված եւ մեկ էլ գուցե Վիկիլիքսը գիտե, թե ուր կարող է հասնել:
Ստացվում է փակ շղթա, որից անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է չփրկել, քանի որ եթե ակնհայտ լինի, որ հրաժարականից հետո պետք է իշխանության գա կոռուպցիայի դեմ պայքարի իրական եւ անկեղծ մտադրություն, կարողություն ու կամք ունեցող ուժ, ապա ներկայիս համակարգը չի հանդուրժի անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Իսկ ի՞նչ անել: Մի՞թե միակ տարբերակը մնում է ուղղակի առճակատումը` մահ կամ օրինականություն կարգախոսով: Իսկ գուցե համակարգային դիմադրության առասպելն իսկապես ուռճացված է, միգուցե փակ շրջանի տրամաբանական շղթան արհեստականորեն է կառուցված եւ այսպես ասած իշխանական կլանա-օլիգարխիան այդքան էլ ամենակարող չէ, որքան թվում է առաջին հայացքից: Միգուցե իշխանությունն ինքն է փչել այդ կլանա-օլիգարխիայի դիմադրողականության “փուչիկը”, հանրության առաջ արդարանալու եւ ժամանակ պահանջելու համար:
Կարո՞ղ են արդյոք մի քանի կիսագրագետ պաշտոնյաներն ու օլիգարխները լինել համակարգային դիմադրության ունակ, թե՞ բավական է ընդամենը քաղաքական մի որոշում, եւ դիմադրելու դեպքում դրանք անմիջականորեն կհայտնվեն կամ արտերկրում, կամ ճաղերի հետեւում: Հազիվ թե հայաստանյան կլանա-օլիգարխիան լինի ավելի ուժեղ, քան ռուսականն էր: Այն շատ ավելի հարուստ էր, շատ ավելի մեծ թե տեղեկատվական, թե տնտեսական, թե քաղաքական իշխանություն ուներ, շատ ավելի խելոք էր եւ այդ խելոքության հետ մեկտեղ նաեւ շատ ավելի դաժան: Բայց այդ ամենը Պուտինին չխանգարեց նրանց մի մասին դնել բանտ, մյուս մասին ստիպել փախչել Ռուսաստանից, իսկ մի մասին էլ դարձնել ձեռնասուն:
Այլ խնդիր է, թե Պուտինը ինչ նպատակով էր դա անում, ինչ առաջարկեց կամ պարտադրեց հասարակությանը դրա փոխարեն: Բայց փաստ է այն, որ նա կարողացավ բեկել անբեկանելի թվացող օլիգարխիային, որ ներթափանցել էր ռուսական իշխանական, քաղաքական ու տեղեկատվական դաշտի բոլոր վանդակներ:
Թեեւ, դա գուցե արեց Ելցինը, զգալով, որ ինքն ունակ չէ լուծել խնդիրը եւ դրա համար պետք է մեկը, ով կապված չի լինի կլանա-օլիգարխիկ մեխանիզմի հետ եւ կգործի անկաշկանդ: Բայց ամենից կարեւորը թերեւս փաստն է, որը ցույց է տալիս, որ “սատանան այդքան էլ սարսափելի չէ, որքան թվում է”: Կարեւորը լինի դրա դեմ պայքարի ցանկություն, իսկ ճանապարհներն ու տարբերակները միշտ էլ կարելի է գտնել:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: