Thursday, September 1, 2011

Եթե Մադրիդյան առաջարկները դուրս գան սեղանից, պետք է ամրագրվի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության խնդիրը. քաղաքագետ

Tert.am. 1-9-2011- Եթե Մադրիդյան առաջարկները դուրս գան սեղանից, և եթե համարենք, որ մյուս բոլոր լուծումները սպառված են, առաջ կգա հաջորդ փաթեթը, որը տրամաբանորեն պետք է ամրագրի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խնդիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ հավանական է, որ առաջիկայում ի հայտ գա ԼՂ խնդրի լուծման նոր փաթեթ, նոր ձևաչափ, որտեղ այդ բանակցությունները կլինեն ամենակարևոր բլոկը:
Խոսելով ԼՂ անկախության հռչակման 20-ամյակի մասին` Բեքարյանը նշեց, որ այս տարեդարձի շեմին կա չորս ուղղություն, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝ բանակցային գործընթաց, ԼՂ պետականաշինության գործընթաց, միջազգային ֆոն, ՀՀ-ԼՂՀ փոխգործակցություն:
Բանակցային գործընթացի մասին քաղաքագետը կանգ առավ մեկ հանգամանքի վրա ևս՝ նշելով, որ ինքը ԼՂ բանակցային գործընթացում շատ կարևոր է համարում «Ընդհանուր պետություն» փաթեթը, որը, ըստ նրա, բավանան որոշիչ դեր ունեցով բանակցային հետագա գործընթացում: Բեքարյանը համոզված է, որ մերժելով «Ընդհանուր պետության» փաթեթը ու դրանից հետո հայտարարելով, թե ինքը պատրաստ է լայն ինքնավարություն տրամադրել ԼՂ-ին իր կազմում, Ադրբեջանը ցույց տվեց իր ստախոսությունը:
Պետականաշինության մասին խոսելիս՝ ՀԿ նախագահը հայտարարեց. «Պետականաշինությունը ԼՂ-ում շատ ավելի բարձր մակարդակի է, քան նոր պետությունները, որոնք ճանաչվեցին ՄԱԿ-ի կողմից»: Միջազգային ֆոնի մասին Բեքարյանը նշեց, որ այստեղ նույնպես կան փոփոխություններ: Բեքարյանը նկատի ունի մի շարք պետությունների անկախացումը, որը, ըստ նրա, ապացուցեց, որ աշխարհում ինքնորոշման իրավունքի ընկալման առումով կան փոփոխություններ: Թե որքանով հայկական կողմը կկարողանա օգտագործել տվյալ հանգամանքը, Բեքարյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ դրա համար պետք է ջանք գործադրել:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԼՂ փոխգործակցության հարցին, քաղաքագետը նշեց, որ այստեղ բավական հստակ է Հայաստանի դիրքորոշումը, որը նախագահի շուրթերով հայտարարեց` Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի:

No comments: