Sunday, September 25, 2011

Ոչինչ չանելու համար լավ վճարել ենք Համաշխարհային բանկին և վճարելու ենք Ասիական զարգացման բանկին

Tert.am. 25-9-2011- Անցյալ դարի 70-80-ականներին Երևանում ներդրվել են տրանսպորտային երթևեկության ավտոմատ կառավարման երկու համակարգ, որ պիտի կարգավորեին ողջ քաղաքի երթևեկությունը, սակայն համակարգերը չեն գործել և չեն գործում. թեման ներկայացրել է «Խաչվող զուգահեռներ» հաղորդումը։
2003-2007թթ Համաշխարհային բանկի մասնագետները Տրանսպորտի և կապի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ աշխատել են նման համակարգ ներդնելու համար՝ ստանալով «բավական բարձր վարձատրություն», սակայն՝ առանց որևէ արդյունքի. «նույնիսկ տպավորություն կա, որ նման աշխատանքներ առհասարակ չեն կատարվել, քանի որ այժմ էլ նույն գործի համար համագործակցում են Ասիական բանկի հետ»։
Նկատի ունենալով Երևանի փողոցների թողունակությունը, տրանսպորտային միջոցների անվերջ ավելացող միտումը և երթուղային տրանսպորտի մերօրյա առանձնահատկությունները՝ երթևեկության խնդիրը քննարկման առարկա է թե մասնագետների, թե հանրության համար, սակայն իշխանությունների տված լուծումները միայն տեղային են։
«Մենք լուծում ենք լոկալ խնդիր, բայց այդ նույն խնդիրն առաջանում է այլ վայրում,- նշել է «ՀՅԴ» խմբակցության անդամ Արա Նռանյանը։- Եթե մենք անընդհատ կառուցում ենք բարձրահարկ շենքեր Երևանի կենտրոնում, դա նշանակում է, որ այնտեղ ապրելու են տասնյակ մարդիկ իրենց տասնյակ ավտոմեքենաներով։ Եթե կառուցում ենք խոշոր սուպերմարկետներ առանց ավտոկայանատեղի, եթե մենք վարչական շենքի աշխատակիցների համար կայանատեղի չենք կառուցում, նշանակում է մենք խցանման բուն ենք ձևավորում։ Եթե մենք կանաչ տարածքներում կառուցում ենք նոր շենք, նշանակում է մենք խցանումների նոր պատճառ ենք ստեղծում այդ փողոցների համար»։
Հայ մասնագետները դեռ տարիներ առաջ խնդրի լուծման մի շարք տարբերակներ են ներկայացրել համապատասխան գերատեսչություններին ու պաշտոնյաներին. դրանք մնացել են անարձագանք։ Իշխանությունը գերադասել է համագործակցել օտարերկրացիների հետ, մինչդեռ նրանց առաջարկած նախագծերը հաճախ պատճենել են այլ քաղաքների համար մշակված սխեմաներ՝ անհամապատասխան լինելով Երևանի համար։ «Մինչև տեղական մասնագետներ էդտեղ չաշխատեն, էդ աշխատանքը տեղից չի շարժվի ու չի շարժվում՝ արդեն 30 տարի ա»,- նշել է «Սիստեմա» գիտաարտադրական կորպորատիվի տնօրեն Ալեքսանդր Սահակյանը։

No comments: