Thursday, September 22, 2011

Կրոնական պատերազմի՞ ենք պատրաստվում

«Լրագիր» 22-9-2011- Հայաստանի անկախության օրը կազմակերպված զորահանդեսին ռուսական ստորաբաժանման մասնակցության առաջացրած դժգոհությունն ու հանրային բողոքը ստվերեցին զորահանդեսի մեկ այլ ուշագրավ դրվագ` հոգեւորականների ստորաբաժանման մասնակցությունը: Դժվար է ասել, թե էլ ինչպես էր հնարավոր մի “զարկով” թե բանակը, թե եկեղեցին անլրջացնելը, բայց հոգեւորականների մասնակցության հանգամանքը թերեւս ունի բավական լուրջ համատեքստ, որը գուցե գաղափարի հեղինակներն իրենք դեռեւս չեն գիտակցել մինչեւ վերջ:
Զորահանդեսը հեռուստաժամանց կամ բացօթյա համերգ չէ, եթե անգամ ունի առավելապես ցուցադրա-քարոզչական բնույթ: Զորահանդեսը, ռազմական շքերթը, մարտական գործողությունների յուրօրինակ խտացված մոդել է: Համենայն դեպս այդպես է բոլոր լուրջ ռազմական գերատեսչություններում: Երբ դրան մասնակցում է հոգեւորականների ջոկատը, լրջությունը հայտնվում է իսկապես լուրջ կասկածի տակ:
Բայց խնդիրը միայն դա չէ, չի սահմանափակվում դրանով: Ինչ է նշանակում հայկական բանակի մարտակարգում, ինչի խտացված մոդել է հանդիսանում զորահանդեսը, ներառել եկեղեցին: Արդյոք Հայաստանը կրոնական պատերազմների է պատրաստվում, թե Հայաստանը պատրաստվում է իր բանակը վերածել խաչակիրների զորքի: Իսկ գուցե մոտ ապագայում երիտասարդներին բանակ զորակոչելիս սկսեն հարցնել, թե արդյոք կնքված է նորակոչիկը: Կամ, գուցե բանակում քաղաքացիական հագուստները վերցնելուց եւ մազերը խուզելուց բացի պարտադիր լինի նաեւ կնքելը:
Երբ ղարաբաղյան ազատամարտի տարիներին առանձին ջոկատներ իրենց համազգեստի կամ զինտեխնիկայի վրա խաչեր էին անում, դա կարելի էր հասկանալ` չկար ամբողջական կանոնավոր բանակ եւ ջոկատներից յուրաքանչյուրն առաջնորդվում էր իր ճաշակով: Բայց երբ Հայաստանն արդեն ունի կանոնավոր բանակ, որը սերտորեն գործակցում է համաշխարհային արդիական ռազմարվեստի եւ բանակաշինության կենտրոնների հետ, առնվազն զարմանալի է հայկական բանակի ըստ էության պաշտոնական կրոնականացումը, եւ դա այն դեպքում, երբ Հայաստանի Սահմանադրության մեջ է նշվում, որ եկեղեցին անջատ է պետությունից:
Ինչ հոգեբանությամբ է հայկական բանակ զորակոչվելու եւ ծառայելու ասենք այլ կոնական կազմակերպության հետեւորդ զինվորը, կամ աթեիստ զինվորը: Թե հայկական բանակի ղեկավարությունը հենց սկզբից ենթադրում է, որ զորակոչվող հայ զինվորը այդ հարցում չունի բավարար սկզբունքայնություն եւ գիտելիքներ, ու նրան կարելի է հանգիստ պարտադրել եկեղեցու գերակայությունը բանակում:
Հայտարարությունները, թե Ղարաբաղի պատերազմում եկեղեցին եղել է կռվողների կողքին, իրականում մեղմ ասած չափազանցություն են: Կռվողների կողքին եղել են առանձին հոգեւորականներ, առանձին եկեղեցապետեր մեծ աջակցություն են ցուցաբերել ազատամարտին, բայց եկեղեցին որպես կառույց, որպես ինստիտուտ, դրանում ներգրավված չի եղել: Ու դա թե քաղաքական ողջախոհություն է, թե նաեւ բարոյահոգեբանական, որովհետեւ կրոնական բաղադրիչի պաարտադրանքը բանակում պարզապես զինվորի խղճի ազատության սահմանափակում է: Իսկ ազատազրկված խղճով զինվորը հազիվ թե կարողանա արդյունավետ պատերազմ մղել: Ավելին, Ղարաբաղի պատերազմում հերոսացել են բազմաթիվ հայորդիներ, որոնք հավատացյալ չեն եղել, անգամ համոզված աթեիտսներ: Ի վերջո, Աստված ամենուր է, ոչ թե միայն այնտեղ, որտեղ եկեղեցին է:
Հանուն տոտալ գորշության մինչեւ ուր կարելի է հասցնել միջավայրերի աղավաղումը, որ տեղի է ունենում Հայաստանում:
Բայց այստեղ թերեւս առկա է նաեւ մեկ այլ ենթատեքստ: Հոգեւորականների ներգրավումը ռազմական շքերթին, թերեւս պայմանավորված է նաեւ Հայ առաքելական եկեղեցու եւ հասարակության ներկայիս մեղմ ասած բավական բարդ փոխհարաբերությամբ, հանրային այն պարբերական դժգոհություններով, որոնք եկեղեցին հարուցում է իր այս կամ այն գործողությամբ:
Ըստ երեւույթին եկեղեցուն որոշել են պաշտպանել բանակով, երկու կառույցների նույնականացմամբ ակարկելով, որ ով գործ ունենա եկեղեցու հետ, գործ կունենա նաեւ բանակի հետ: Համենայն դեպս, այդ նույնականացման մեկնարկը կարծես թե պարունակում է այդպիսի ուրվագծեր, ինչը թերեւս ամենեւին զարմանալի չէ:
Եթե եկեղեցին Հայաստանում արդեն տեւական ժամանակ հանդիսանում է իշխանության շահի սպասարկման գործիքներից մեկը, ապա ամենեւին զարմանալի չէ եւ նույնիսկ տրամաբանական է, որ իշխանությունը հանրությանը ցույց է տալիս, որ այդ շահի սպասարկման մեկ այլ գործիքի դեր կատարող բանակով հասարակությունից կարող է պաշտպանել իր մյուս գործիքը` եկեղեցուն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: