Sunday, September 25, 2011

Հանրային հեռուստաընկերությունը եւ «Եհովայի վկաները» հաշտության բանակցություններ են վարում

News.am. 24-9-2011- Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ «Եհովայի վկաներ» կազմակերպության միջեւ ընթանում են հաշտության համաձայնություն կնքելու բանակցություններ, սակայն իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե Հանրայինը պատրաստ է հերքման տեքստ հրապարակել եւ կրոնական կազմակերպությունից ներողություն խնդրել:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը պարզաբանել է, որ քաղաքացիական գործով ըստ հայցի «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության եւ մյուսների ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության` պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն եւ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, կողմերի միջեւ ընթանում են հաշտության համաձայնություն կնքելու բանակցություններ:
Հաշտության բանակցությունները սկսվել են «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցչի նախաձեռնությամբ: Այս պահի դրությամբ քննարկումներն իրականացվում են երկու կողմերի ներկայացուցիչների միջեւ եւ հաշտության համաձայնության մոտավոր եզրեր գտնելու դեպքում, այդ հարցը ներկայացվելու է կողմերի համաձայնեցմանը:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դրական է դիտում ցանկացած տեսակի վեճ հաշտությամբ լուծելու հնարավորությունը: Եվ, եթե Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության հետ բանակցությունների արդյունքում ձեռք կբերվեն իր համար ընդունելի համաձայնություններ, ապա այդ վեճը կարող է ավարտվել նաեւ հաշտությամբ:
Այն տեղեկատվությունը, որ Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է հերքման տեքստը հրապարակելու եւ կրոնական կազմակերպությունից ներողություն խնդրելու, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է փաստաբանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ կրոնական կազմակերպությունը վիճարկում է 2010թ. նոյեմբերի 9-ին, 10-ին եւ 11-ին «Հայլուր» եւ «Տեսանկյուն» հաղորդաշարերի ընթացքում հնչած տեղեկությունն այն մասին, որ Սեւանում տեղի ունեցած` իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է:

No comments: