Wednesday, September 14, 2011

Քոչարյանի, թե Սարգսյանի համար է հեշտ

«Լրագիր» 14-9-2011- Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության քսանամյակները Ռոբերտ Քոչարյանի համար դարձան հերթական հարցազրույցների առիթ: Մի քանի օր առաջ նա հարցազրույց էր տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը, իսկ հիմա էլ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել իր համար “ավանդական” լրատվամիջոցին` Մեդիամաքսին:
Հետաքրքրական է, թե արդյոք Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Քոչարյանից հարցազրույց կվերցնի Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով: Հանրայինն այդ առումով հայտնվել է թերեւս ոչ այդքան դյուրին վիճակում, որովհետեւ Քոչարյանից հարցազրույց վերցնելու դեպքում Հանրայինը առավել եւս պետք է հարցազրույց վերցնի անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից: Այլապես տարօրինակ պատկեր կստացվի, հատկապես Ազգային պատկերասրահում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի հանդուրժողական ոգուց հետո:
Ռոբերտ Քոչարյանը 20-ամյակների առիթով տված իր հարցազրույցներում սակայն անդրադարձ չի անում ներքաղաքական իրավիճակին ու խնդիրներին, բայց անգամ այդ պարագայում նկատելի է նրա մրցակցությունը Սերժ Սարգսյանի հետ: Մասնավորապես, Մեդիամաքսը Քոչարյանին հարցնում է, թե ինչպես է հաջողվում փոքր պետությունների ղեկավարներին “ոչ” ասել գերտերություններին:
“Պարզապես պետք չէ բարդութավորվել: Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է եւ արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում: Գլխավորը` կարողանալ կառուցել ճիշտ, ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ, հստակ ներկայացնել քո երկրի շահերը եւ ունենալ համոզիչ փաստարկային հիմք, եթե դու ինչ-որ բանի հետ համաձայն չես: Ինձ մոտ, օրինակ, շատ ջերմ հիշողություններ են մնացել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի եւ Բիլ Քլինթոնի հետ շփումից: Նրանցից ոչ ոք երբեք չի փորձել ընդգծել իր գերազանցությունը”, ասում է Քոչարյանը:
Առաջին հայացքից սովորական այդ պատասխանն իրականում հետաքրքրական է դառնում, երբ հիշում ենք մարքսիստ Դավիթ Հակոբյանի մի “բացահայտումը” Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերից մեկի կապակցությամբ: Մարքսիստը մի առիթով հայտարարեց, թե մարզահամերգային համալիրում կազմակերպվող կլոր սեղաններից մեկի ժամանակ, երբ ինքը Սերժ Սարգսյանին ասել է, որ պետք է ռուսներին հստակ ներկայացնել մեր դիրքորոշումը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. “Արա, կարծում ես հեշտ ա՞ Ռուսաստանի նախագահի հետ խոսելը”:
Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, ասում է այն, ինչ ասել է մարքսիստը Սերժ Սարգսյանին: Եվ հետեւաբար Սարգսյանի պատասխանը, որ տրվել է մարքսիստին, թե “արա, կարծում ես հեշտ ա Ռուսաստանի նախագահի հետ խոսելը”, փաստացի կարելի է համարել պատասխան նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Կամ, ավելի ճիշտ, Ռոբերտ Քոչարյանի Մեդիամաքսին տված պատասխանը կարելի է համարել պատասխան Սերժ Սարգսյանի մարքսիստին տված պատասխանին:
Այդ իրավիճակը ունի ուշագրավ մի նրբերանգ: Բանն այն է, որ ներկայում երկրի կյանքում տեղի ունեցող փոփոխությունները, թեկուզ իմիտացիոն բնույթի երկխոսությունը կամ իմիտացիոն ժողովրդավարական քայլերը, որ անում է Սերժ Սարգսյանը, իշխող համակարգում ընկալվում են որպես Արեւմուտքի պարտադրանքի հետեւանք: Համակարգում թերեւս կա համոզմունք, որ եթե Արեւմուտքը չպարտադրեր կամ չճնշեր, Սերժ Սարգսյանը ընդդիմությանը ոչ մի զիջում չէր անի, ոչ մեկին բանտից բաց չէր թողնի եւ իրենց էլ իզուր տեղն անհարմար վիճակի մեջ չէր դնի:
Ռոբերտ Քոչարյանն ըստ երեւույթին փորձում է խաղալ համակարգի այդ ընկալումների վրա եւ հավաստիացնել, թե Սերժ Սարգսյանը գերտերությունների հետ չի կարողանում խոսել եւ համակարգը տանում է “փորձության”, մինչդեռ ինքը գերտերությունների հետ խոսել գիտե եւ համակարգը զերծ կպահի այդպիսի փորձություններից, ընդդիմության հետ ավելորդ սեթեւեթանքների անհրաժեշտությունից, ինչպես արել է իր նախագահության շրջանում:
Բայց, համակարգը թերեւս լավ է հիշում, որ իր ամենամեծ փորձությունը եղել է հենց Քոչարյանի նախագահության շրջանում, մարտի 1-ին: Ըստ երեւույթին, իշխող համակարգի համար նախընտրելի կլինի ապրել հանրության հետ “սեթեւեթանքների” փոքր տագնապներով ու վախերով, քան եւս մեկ անգամ վերապրել մարտի 1-ին ունեցած սարսափը եւ մնալ դրա ծանրության տակ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: