Tuesday, September 27, 2011

Մ. Ահմադինեժադ. «Իրանի դիրքերն ամրապնդվում են աշխարհում»

Panorama.am. 27-9-2011- Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մ. Ահմադինեժադը երկուշաբթի օրը՝ երեկոյան, վերադարձել է Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի 66-րդ նստաշրջանից: Այս մասին հաղորդում է «IRNA» իրանական գործակալությունը:
Իրանի նախագահը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ներկայում իրանական ազգը շարունակում է ամրապնդել իր դիրքերն աշխարհում, և դրա հետ կապված լուրջ խոչընդոտներ գոյություն չունեն:
Ինչպես հաղորդում է վերոհիշյալ գործակալությունը, Մ. Ահմադինեժադը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում լուսաբանել է իր՝ Նյու Յորք մեկնելու հիմնական պատճառները, այն է՝ ներկայացնել աշխարհին Իրանի դիրքորոշումը մի շարք կարևոր խնդիրների կապակցությամբ, քննարկել միջազգային և տարածաշրջանային խնդիրները տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև հանդիպումներ ունենալ ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ում հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պարզվել է, որ բոլորը դժգոհ են առկա իրավիճակից և ամերիկյան ղեկավարության աշխատանքը գնահատում են անբավարար:
Հիշեցնենք, որ Մ. Ահմադինեժադը Նյու Յորքում 8-րդ անգամ մասնակցեց ՄԱԿ-ի նստաշրջանին:

No comments: