Tuesday, September 27, 2011

Սփյուռք, օլիգարխիա, քաղաքացի

«Լրագիր» 27-9-2011- Լոս Անջելեսում հանդիպելով հայ գործարարների հետ, ինչպես պաշտոնական հաղորդագրությունն է տեղեկացնում, Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում տնտեսության զարգացման գործում լիարժեք չի օգտագործվել նաև Հայաստանի քաղաքացիների ներուժը:
Դա անկասկած ակնարկ է այն մասին, որ Հայաստանն անգամ շրջափակման այն պայմաններում, որ եղել են անկախության ընթացքում, կարող էր ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե քաղաքացիների ներուժը լիարժեք օգտագործվեր: Թե ինչի չի օգտագործվել այդ ներուժը, կամ ինչպես չի օգտագործվել, կարծես թե հայտնի է բոլորին. ներուժը խեղդվել է ընտրակեղծիքների, քրեա-օլիգարխիկ տրամաբանության վրա կառուցված տնտեսական փոխհարաբերությունների, երկիրը մոլախոտի նման պարուրած կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ:
Քաղաքացիների ներուժը լիարժեք օգտագործելու համար այդ ամենը պետք է եթե ոչ լիարժեք, ապա գոնե զգալիորեն հաղթահարվի: Սերժ Սարգսյանն անկասկած գիտակցում է դա, բայց արդյոք պատրաստ է դինամիկ քայլեր անել այդ ուղղությամբ: Արդյոք պատրաստ է կազմաքանդել քրեա-օլիգարխիկ տրամաբանության վրա կառուցված տնտեսությունը:
Նա սփյուռքահայ գործարարներին հրավիրում է Հայաստանի տնտեսության մեջ առավել մեծ ազդեցություն ունենալու, ընդհանրապես Հայաստանի զարգացման գործում մեծ ազդեցություն ունենալու: Բայց արդյոք այդ հրավերն ուղղող Սարգսյանը պատրաստ է Հայաստանի տնտեսությունում նվազեցնել ասենք Ռուբեն Հայրապետյանի, իր եղբայր Սաշիկ Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի եւ այլ այդորակ օլիգարխների ազդեցությունն ու գործելաոճը:
Չէ որ սփյուռքահայ գործարարների ու այդ օլիգարխիայի համատեղումը գործնականում անհնար է` կամ սփյուռքահայ գործարարը պետք է հարմարվի այդ օլիգարխիայի կանոններին եւ ոճին, կամ էլ այդ օլիգարխիան պետք է հեռանա: Գուցե Սերժ Սարգսյանը կարծում է, որ ինչքան շատ սփյուռքահայ գործարար գա Հայաստան, այդքան տնտեսության եւ նաեւ հանրային կյանքում ավելի դոմինանտ կլինի այդ որակը, դուրս մղելով օլիգարխիային: Բայց դա մեղմ ասած մոլորություն է, որովհետեւ սփյուռքահայ գործարարը Հայաստան կգա միայն այն դեպքում, երբ այդ օլիգարխիան դուրս մղված կլինի: Որովհետեւ այդ օլիգարխիան դուրս մղելը նախ եւ առաջ Հայաստանի քաղաքացու ներուժն օգտագործելու համար է պետք: Հայաստանի քաղաքացու ներուժի օգտագործմանն ուղղված այդ քայլը պետք է լինի սփյուռքահայ եւ ընդհանրապես արտասահմանցի լուրջ գործարարի ինդիկատոր, Հայաստանում ներդրում անելու համար:
Առայժմ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները միայն հայտարարում են օլիգարխիայի դեմ պայքարի մասին, նույն այդ օլիգարխիային խորհրդարանում իր դեմ պայքարի օրենքներ են ընդունել տալիս, թերեւս դրանից առաջ երաշխիքներ տալով, որ այդ օրենքները երբեք չեն արժանանա պրակտիկ կիրառման:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: