Thursday, September 1, 2011

Զինվորների հետ վարվում են ստրուկների պես. մահացած զինվորների մայրերը նստեցին կառավարության մուտքի մոտ

Tert.am. 1-9-2011- «Բանակն առանց մարդասպանների» Facebook-յան նախաձեռնությունը, որը կազմավորվել է օգոստոսի 26-ին առեղծվածային պայմաններում զոհված Աղասի Աբրահամյանի դեպքի առնչությամբ, այսօր իր բողոքի ակցիայով միացավ ամեն հինգշաբթի կառավարության առջև բողոքի ակցիա կազմակերպող տարբեր խմբերի՝ այս անգամ` բանակում մահացած զինվորների ծնողներին:
Բանակում մահացած կամ սպանված զինվորների ծնողները ձեռքներին էին բռնել իրենց երեխաների լուսանկարներն ու իրենց որդիների մահվան մասին պատմող ցուցապաստառներ: Բողոքի ակցիային միացած մի շարք մարդիկ՝ ի նշան բողոքի, նստեցին կառավարության մուտքի մոտ՝ պահանջելով վերջ տալ բանակում տեղի ունեցող դեպքերին: «Բանակն առանց մարդասպանների», «Հայրենիք, պաշտպանիր քո պաշտպանին», «Հերիք ա լռենք», «Մի լռիր», «Չհայտարարված պատերազմ զինվորի դեմ», «Գնդակահարվել է գոտի և գլխարկ չկրելու պատճառով» և այլ բովանդակությամբ ցուցապաստառներով ակցիայի մասնակիցները պետական այրերի ուշադրություն են հրավիրում բանակում տեղի ունեցող միջադեպերի վրա՝ պահանջելով վերջ դնել դրանց:
2001թ հոկտեմբերի 30-ին Վայքի զորամասում մահացած Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, նշեց, որ բանակում կատարվող հանցագործության շարունակության երկրորդ օղակը դատաբժշկական կենտրոնն է՝ Շոթա Վարդանյանի գլխավորությամբ:
«Բոլոր քննությունները կատարվում են հանցավոր ճանապարհով»,- ասաց 2007թ օգոստոսին Վարդենիսի զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի հայրը: Արայի Ավետիսյանի մոր խոսքով՝ իր տղան սպանվել է արձակուրդից հետո պահանջված հարյուր դոլարը չտանելու պատճառով: «Գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանն ասել է` ինչու լրիվ գումարը չես բերել... հետո ատրճանակի խզակոթով խփել է գլխին, հետո կես մետրից կրակել գլխին»,- պատմեց սպանված զինվորի մայրը՝ ավելացնելով. «Ո՞վ չգիտի, որ արձակուրդը փող է: Եթե առաջ հարյուր դոլար էր, հիմա երկու հարյուր է»: «Բոլոր զորամասերում սպաների մեծամասնությունը զինվորների հետ վարվում է ստրուկների պես»,- հայտարարեց Անահիտ Մկրտչյանը՝ պատկան մարմիններին կոչ անելով արթնանալ թմբիրից:
«Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնության մասնակից Արփինե Գալֆայանը մեզ հետ զրույցում նշեց, թե այսօրվա ակցիան ինքնաբուխ վրդովմունքի ակցիա է, որով իրենք պահանջում են վերջ դնել բանակում տեղի ունեցող միջադեպերին: Նրա խոսքով՝ իրենք պահանջում են երկու բան՝ դադարեցնել բռնությունները բանակում և արդեն կատարված բռնությունների համար պատժել մեղավորներին:
«Պատերազմող երկրում նման բանակ ունենալը նաև անվտանգության խնդիր է»,- ասաց հրապարակախոս Մարինե Պետրոսյանը՝ նշելով, թե տպավորություն կա, որ պատկան մարմինները ցանկանում են «մի քիչ տեղներից շարժվել, երևի հասկանալով, որ դանակն արդեն ոսկորին է հասել: «Մի բան պետք է անել, այսպես հնարավոր չէ»,- նշեց նա:

No comments: