Thursday, September 1, 2011

Թուրքիայում ապօրինի բնակվող հայաստանցիների երեխաներին թույլ կտան դպրոց հաճախել

HayNews.am. 1-9-2011- Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցի ընտանիքների երեխաներին թույլ է տրվել հաճախել հայկական դպրոցներ: Այդ փոփոխության մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:
Թուրքիայում անօրինական ապրող Հայաստանի քաղաքացիների երեխաները նախկինում չէին կարող, իրավունք չունեին դպրոց հաճախել:
«Թուրքիայի Հայոց պատրիարքարանի աղբյուրները այս [օգոստոսի 31-ի] առավոտյան «Ժամանակ» օրաթերթի խմբագրությանը տեղեկացրեցին, որ 2011-2012 ուսումնական շրջանի վերամուտին ընդառաջ` Թուրքիայի պաշտոնական պատկան իշխանությունները արդեն թույլ են տալիս, որպեսզի Հայաստանից արտագաղթած այն ընտանիքները, որոնք գտնվում են Թուրքիայում, նրանց երեխաները կարողանան ընդունվել Ստամբուլի հայկական դպրոցներ», – «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Արա Գոչունյանը:
«Ինչպես կբնորոշենք եւ ինչպես կորակենք այդ ընտանիքները` ոմանք նախընտրում են ասել «ապօրինի», ոմանք` ուրիշ բաներ, բայց երեւի հարմարագույն արտահայտությունը պիտի լինի, որ առանց կարգավիճակի են գտնվում այստեղ, եւ երկար ժամանակ ի վեր այդ ընտանիքների երեխաների ուսումնական-դաստիարակչական գործի վերաբերյալ շփոթություններ կային, դժվարություններ կային, անկարելիություններ կային», – նշել է ստամբուլահայ լրագրողը` շարունակելով. – «Պատրիարքարանը, փաստորեն, հենց առաջին իսկ օրվանից այս խնդիրը օրակարգի վրա էր բերել, պետական ավագանու մոտ հետեւողականորեն հետամուտ էր այս խնդրի լուծման տեսակետից, եւ այս վերջին օրերին համայնքի համար կատարված դրական ժեստերի մթնոլորտում Պատրիարքարանը այս առավոտ հաղորդեց, որ Թուրքիայի պատկան իշխանությունները բանավոր թույլտվություն են տվել, որպեսզի Հայաստանից արտագաղթած երեխաները կարողանան ընդունվել Ստամբուլի հայկական վարժարաններ»:
Այդ վարժարանները, Գոչունյանի խոսքերով, շուրջ 15-ն են, եւ «արդեն իսկ որոշ աշակերտների, որոշ սաների գրանցումները, արձանագրությունները կատարված են դպրոցներում»:

No comments: