Sunday, September 25, 2011

ԼՂ վերջնական կարգավիճակը կարող է որոշվել միայն բանակցությունների միջոցով. ՌԴ ԱԳՆ

Tert.am. 23-9-2011- Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարող է որոշվել միայն բանակցությունների ճանապարհով։ Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Մեր համոզմամբ՝ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության կողմերի միջև քաղաքական բանակցությունների արդյունքում՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա հիմնված Մինսկի բանակցային գործընթացի շրջանակում»,–ասել է Լուկաշևիչը՝ մեկնաբանելով ԼՂ–ում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
«Ռուսաստանի ԱԳՆ–ն ելնում է այն բանից, որ ԼՂ–ում անցկացված ընտրություններն ուղղված էին բնակչության համար նորմալ կենսապայմանների ստեղծմանը»,–ասել է Լուկաշևիչը և հավելել, որ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։
ԼՂՀ–ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի ունեցան սեպտեմբերի 18–ին։

No comments: