Tuesday, September 20, 2011

Թեհրանի համար ավելի թանկ է հայ-իրանական բարեկամությունը, քան «իրանա-ադրբեջանական եղբայրությունը». «Զերկալո»

Tert.am. 20-9-2011- Իրանի համար շատ ավելի թանկ է բարեկամությունը Հայաստանի հետ, քան` «եղբայրական հարաբերությունները» Ադրբեջանի հետ: Այս մասին գրում է ադրբեջանական «Զերկալո» պարբերականը` անդրադառնալով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` օրեր առաջ Իրան կատարած այցին:
«Սեպտեմբերի 17-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունեց այցով Թեհրանում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպմանն Ահմադինեժադն ասաց, որ Իրանը շահագրգռված է ամրապնդել հարաբերությունները բարեկամական Հայաստանի հետ` որպես պատմական բնութագրելով հայ-իրանական հարաբերությունները: Կողմերը գոհունակություն հայտնեցին զարգացող երկկողմ համագործակցության առնչությամբ` ընդգծելով փոխշահավետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման գործընթացը»,- գրում է «Զերկալոն»` ավելացնելով. «Հանդիպմանն Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և ընդգծեց այն փաստը, որ պատմության ընթացքում Իրանի և Հայաստանի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են: Իր հերթին հայ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի և Իրանի միջև չկան խնդրահարույց հարցեր, իսկ եթե կան էլ, ապա դրանք տեխնիկական բնույթ են կրում և կարգավորվում են ընդհանուր ջանքերով»:
Ներկայացնելով Էդվարդ Նալբանդյանի` Թեհրանում ունեցած հանդիպումների մանրամասները` «Զերկալոն» ուշադրություն է հրավիրում Մահմուդ Ահմադինեժադի` օրեր առաջ իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին արած հայտարարության վրա և Թեհրանին մեղադրում երկերեսանիության մեջ:
«Պետք է ընդգծել, որ Թեհրանի երկդիմիությունը սահմաններ չունի: Մի քանի օր առաջ նույն Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց ադրբեջանա-իրանական եղբայրական հարաբերությունների անխախտելիության մասին: Նա Հայաստանին նույնիսկ ճանաչեց որպես ագրեսոր և պահանջեց Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքների ազատում: Իսկ այս ամենի ֆոնին պաշտոնական Թեհրանը խոստովանում է, որ առանց որևէ խնդրի Հայաստանի հետ ունի իրական բարեկամական հարաբերություններ, եթե, իհարկե, «տեխնիկական խնդիր» չհաշվել Ադրբեջանի տարածքների օկուպացիան»,- գրում է «Զերկալոն»` ընդգծելով, որ Իրանն իրոք լուրջ խնդիրներ ունի Ադրբեջանի հետ:
«Պաշտոնական Թեհրանը որևէ կերպ չի ցանկանում համաձայնել Բաքվի հետ Կասպից ծովի սահմանագծման հարցում: Ընդ որում, Թեհրանը հավակնում է ստանալ այն, ինչը երբեք Իրանին չի պատկանել: Իրանը Ռուսաստանի հետ միասին դեմ է հանդես գալիս Անդրկասպյան խողովակաշարի կառուցմանը: Եվ այստեղ ընդհանրապես անհասկանալի է` ինչ նպատակներ է հետապնդում Իրանը: Արդյոք նա քծնո՞ւմ է Ռուսաստանին, թե՞ փորձում է իր համար պահել Միջին Ասիայից դեպի Եվրոպա էներգառեսուրսների տեղափոխման գործում տարանցման հանգույց դառնալու հնարավորությունը, որը թույլ կտա նրան ունենալ ազդեցության լծակներ տարածաշրջանի մուսուլմանական պետությունների քաղաքական դիրքորոշումների որոշման վրա: Ամենայն հավանականությամբ երկուսն էլ»,- գրում է ադրբեջանական պարբերականը` նշելով, որ Իրանը «քծնում է» Ռուսաստանի իր հեռահար նպատակների համար:
Պարբերականը նշում է, որ հակառակ Բաքվի մի շարք լուրջ փոխզիջումներին, Իրանի կողմից Ադրբեջանի վրա ճնշումներն ավելանում են:
«Ադրբեջանը չեզոքություն դրսևորեց Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հարցում: Նույնիսկ որոշակիորեն տվյալ հարցում աջակցեց իր հարավային հարևանին` հայտարարելով, որ Թեհրանն իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային ծրագրեր իրականացնել: Բացի այդ, Ադրբեջանը հրապարակավ պարտավորվեց, որ իր տարածքը երբեք չի օգտագործվի Իրանի դեմ հարձակման համար: Եվ դա այն դեպքում, եթե Իրանը դառնա միջուկային պետություն, դժվար թե Ադրբեջանն իրեն հարմարավետ զգա: Ընդհակառակը, Իրանը միջուկային զենքով անմիջական սպառնալիք կդառնա Ադրբեջանի համար: Եվ վերջապես, պաշտոնական Բաքուն հրաժարվել է աջակցել ՄԱԿ-ի որևէ բանաձևի, որն ուղղված կլինի Իրանի ազգային քաղաքականության քննադատությանը: Եվ նույնպես չնայած այն բանի, որ Իրանում բնակվող ադրբեջանական թյուրքերը զրկված են տարրական քաղաքացիական իրավունքներից»,- գրում «Զերկալոն»:

No comments: