Thursday, September 1, 2011

ԼՂ բանակցություններում արդյունքը կախված է Մեդվեդևի թեկնածությունից. Կարեն Բեքարյան

Tert.am. 1-9-2011- «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե չի բացառվում, որ մինչև տարեվերջ ԼՂ բանակցային գործընթացում արդյունք լինի: Ըստ նրա՝ ԼՂ բանակցություններում արդյունքը կախված է նրանից, թե արդյոք ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կորոշի իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, թե ոչ:
Բեքարյանի կարծիքով, եթե Մեդվեդևը որոշի առաջադրել իր թեկնածությունը, նախընտրական շրջանին մոտ նա կփորձի նոր ազդակ հաղորդել ԼՂ բանակցային գործընթացին և արդյունք ձեռք բերել՝ դրանով դրական կարծիք ստեղծելով, թե իր անձի, թե երկրի համար:
«Նախագահական ընտրություններից քիչ առաջ մենք կունենանք բավականին սուր զգացողություն` կողմերի հետ աշխատելու, հրահրելու, բոլոր հնարավոր միջոցներով արդյունք արձանագրելու համար»,- հայտարարեց Բեքարյանն՝ ավելացնելով, որ ԼՂ գործընթացում այժմ առկա «պաուզան» կտևի մինչև նոյեմբեր-դեկտեմբեր, որից հետո ճնշում կլինի երկու կողմերի վրա էլ:
ՀԿ նախագահի խոսքով՝ անգամ եթե ՌԴ-ում այլ զարգացումներ լինեն, միևնույնն է, բանակցային գործընթացում վակուում չի առաջանա, և «ռուսական կողմի նահանջի դեպքում ի հայտ կգա ամերիկյան կամ եվրոպական նախաձեռնությունը»:

No comments: