Thursday, September 1, 2011

Ստեփանակերտը պատրաստ է ուղիղ բանակցությունների Բաքվի հետ. Բակո Սահակյան

«Նեզավիսիմայա գազետան» Լեռնային Ղարաբաղի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հարցազրույց է վերցրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։
– Պարոն նախագահ, խնդրում եմ նշեք Ձեր կարծիքով 3 գլխավոր ձեռքբերումները Լեռնային Ղարաբաղի անկախության 20 տարիների ընթացքում։
-Անկախության տարիների ընթացքում մեր հանրապետության գլխավոր ձեռքբերումները ես կդասակարգեի հետևյալ 3 խմբում։ Նախ և առաջ, դա անկախ պետականության և դրա ինստիտուտների կայացումն է։ Մեզ մոտ կայացել և էֆեկտիվորեն գործում են իշխանության բոլոր երեք ճյուղերը։ ԼՂՀ–ն ունի մարտունակ բանակ, որը համարվում է նրա անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորը, ինչպես նաև կայունացնող գործոն տարածաշրջանում: Մեր երկիրը վճռականորեն բռնել է ժողովրդավարական զարգացման ուղին, և անկախ Ղարաբաղ պետության գոյությունը սպառնալիք չի ներկայացնում ոչ մեկի համար, ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ աշխարհում։ Երկրորդ, մենք կարողացանք հաղթահարել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքները, որն ամբողջությամբ ոչնչացրել էր մեր տնտեսությունը։ Այսօր Արցախը դինամիկ զարգացող տնտեսություն և ներքին կայունության բարձր մակարդակ ունեցող պետություն է։ Իսկ որպես մյուս ձեռքբերում՝ ես կնշեի Հայաստան–Արցախ–Սփյուռք անքակտելի եռամիությունը, որ մեր անկախ պետականության հիմքերից է և ունի կարևորագույն քաղաքական, տնտեսական և հոգեբանական նշանակություն ինչպես Արցախի, այնպես էլ ողջ հայության համար։

– Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք հանրապետությունը պետք է լուծի առաջին հերթին։
-Ինչպես ես նշեցի, մեր երկիրը դինամիկ զարգանում է, սակայն մեզ մոտ, ինչպես և ցանկացած պետությունում, կան տարբեր բնույթի խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։ Բնականաբար, մի խնդրի լուծմանը զուգընթաց մեկ այլ խնդիր է առաջ գալիս, և դա չընդհատվող գործընթաց է, որին բախվում են բոլոր պետությունները։ Սակայն ԼՂՀ–ն ունի իր սպեցիֆիկան, որն էլ կանխորոշում է երկրի զարգացման առաջնահերթ ուղղությունները։ Տվյալ կոնտեքստում մեր երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները ես կպաժանեի ռազմաքաղաքականի և սոցիալ-տնտեսականի։ Ռազմաքաղաքական խնդիրների շարքում առաջնային են հետևյալ հարցերը. նախ, Ադրբեջանի հետ ռազմավարական հավասարակշռության պահպանումն ու ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այդ խնդիրները փոխկապակցված են, և տարածաշրջանում խաղաղության պահպանումը շատ բաներում կախված է հիմնականում Արցախի և Ադրբեջանի միջև ռազմավարական հավասարակշռության էֆեկտիվությունից։ Միևնույն ժամանակ մենք բանակցությունների և երկխոսության ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք և դրա համար անում ենք այն ամենը, ինչ կախված է մեզանից։ Մեզ համար կարևորագույն քաղաքական հարց է նաև ԼՂՀ–ի միջազգային ճանաչումը։ Հասկանում ենք, որ դա հեշտ հարց չէ, և դրա համար ժամանակ և ջանքեր են անհրաժեշտ: Սակայն ԼՂՀ–ի իշխանություններն ու ժողովուրդը վճռական են միջազգային հանրության կողմից մեր պետության անկախության ճանաչման պայքարում։ Մեզ համար կարևորագույն քաղաքական խնդիր է համարվում նաև մեր կառավարման համակարգի մշտական կատարելագործումը, ժողովրդավարական վերափոխումների հետագա խորացումը և քաղաքացիական հասարակության կայացումը, օրենսդրության արդիականացումը և այլն։ Եվ այստեղ հատուկ նշանակություն է ստանում տարբեր երկրների և կազմակերպությունների հետ հարաբերությունների հաստատումը, որոնց փորձն անհրաժեշտ է մեր պետության զարգացման համար։

Ինչ վերաբերում է սոցիալ–տնտեսական խնդիրներին, ԼՂՀ–ի համար առավել արդիական են համարվում բնակչության, հատկապես նրա սոցիալապես խոցելի շերտերի կենսամակարդակի բարձրացման հարցերը, դեմոգրաֆիական իրավիճակի բարելավման միջոցառումների իրականացումը, տնտեսության այնպիսի ուղղությունների զարգացումը, ինչպիսիք են, օրինակ, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը։ Մենք հատուկ կարևորում ենք ներդրումների ներգրավումը։ Մեզ մոտ ձևավորվել է բարենպաստ ներդրումային միջավայր, հարկային օրենսդրությունը բավականաչափ լիբերալ է, հատուկ ուշադրություն է հատկացվում ներդրում կատարողների իրավունքների օրենսդրական պաշտպանությանը։

– Ի տարբերություն, ասենք, Աբխազիայի և Հարավային Օսիայի, որոնց անկախությունը ճանաչել են սահմանափակ քանակությամբ երկրներ, ԼՂՀ–ն առայժմ դա էլ չունի։ Արդյո՞ք կան նշաններ, որ ԼՂՀ–ի ինքնիշխանությունն առաջիկա տարիներին կճանաչվի որևէ մեկի կողմից։
-Ինչպես ես արդեն ասել եմ, միջազգային հանրության կողմից ԼՂՀ–ի ճանաչումը մեր պետության առաջնային խնդիրներից է։ Ըստ էության, մեր անկախության չճանաչման իրավական հիմքեր գոյություն չունեն և տվյալ հարթությունում մեր փաստարկներն անբասիր են։ Այլ բան է, որ կան աշխարհաքաղաքական մոտիվներ, տարբեր շահեր և այլն, որոնք որոշակիորեն ձգձգում են մեր ճանաչումը։ Սակայն կարծում եմ, որ աշխարհաքաղաքականությունն ու շահերի բախումն ամեն դեպքում նահանջում են իրավունքի և բարոյականության առջև, որի վառ օրինակն է համարվում այն, որ վերջին 3-4 տարիների ընթացքում նախկինում չճանաչված պետությունների ճանաչման գործընթացը թևակոխել է որակապես նոր փուլ։ Միևնույն ժամանակ, մեզ համար մեր անկախության ճանաչման հասնելը չի կանխորոշվում միայն համապատասխան նախադեպերի առկայությամբ։ Մենք ջանքեր ենք գործադրելու միջազգային ճանաչման հասնելու համար անկախ այն բանից՝ ճանաչվել են չճանաչված պետությունները թե ոչ։ Դրա համար գոյություն ունեն բացարձակապես բոլոր հիմքերը՝ լինի դա պատմական, իրավական, քաղաքական կամ էլ բարոյական։

– Ուսումնասիրելով բանակցային գործընթացի նրբությունները՝ տպավորություն է ստեղծվում, որ բանը հասել է նրան, որ ԼՂՀ–ի ներկայացուցիչները շուտով վերադառնալու են բանակցային սեղանի շուրջ...
-ԼՂՀ–ի մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ որպես լիիրավ կողմ, խնդրի համապարփակ կարգավորման միակ հնարավորությունն է։ Առանց մեր մասնակցության դրա կարգավորումն իրական չէ։ Դա, ի դեպ, ընդունում են նաև միջազգային միջնորդները, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ստեփանակերտը պատրաստ է ուղիղ բանակցությունների Բաքվի հետ և քննարկել ցանկացած խնդիր։ Կարծում եմ, որ բանակցային գործընթացի ձևաչափի լիարժեք վերականգնումը միայն ժամանակ հարց է, և ինչքան շուտ դա տեղի ունենա, այնքան քիչ ժամանակ կպահանջվի հիմնախնդրի վերջնական կարգավորման համար։

No comments: