Tuesday, September 27, 2011

Ամերիկյան դեժավյու Ֆրանսիայում. ընտրություններից առաջ նախագահի թեկնածուն հիշել է Հայոց Ցեղասպանությունը

Tert.am. 27-9-2011- 2012թ. Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող Ֆրանսուա Հոլանդը ֆրանսիական Ալֆորթվիլ քաղաքում ֆրանսահայերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ինքը Ֆրանսիայի Սենատի նոր մեծամասնությանը խնդրելու է կրկին խորհրդարան բերել հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Նա հիշեցրել է, որ Սարկոզին չի պահել 2007թ. հայերին տված իր խոստումը։ Ինչպես Ֆրանսիայից հաղորդում է անկախ լրագրող Ժան Էքյանը, հանդիպումը կազմակերպել էր «Դաշնակցություն» կուսակցությունը, որը հենց այդ թեկնածուին է պաշտպանում։
Ֆրանսիայի Սենատը 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Սակայն օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր դրա հաստատումը Սենատի կողմից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ (1958թ. ի վեր) նախագահական ընտրություններից 7 ամիս առաջ Սենատում հաղթանակ տոնեցին Ֆրանսիայի ձախ քաղաքական ուժերը: Ընդհանուր առմամբ՝ Սոցիալիստական կուսակցությունը Սենատում 175 պատգամավոր կունենա, ինչն էլ նրանց համար կապահովի մեծամասնություն Սենատում։

No comments: