Tuesday, September 27, 2011

Հայկական գիրքը՝ Ալեքսանդրինա գրադարանում

Panorama.am. 27-9-2011- Ալեքսանդրիայի Ալեքսանդրինա գրադարանում այսօրվանից մինչև սեպտեմբերի 29-ը անցկացվելու է Մերձավոր Արևելքի երկրների և դրանց լեզուներով տպագրության ու հրատարակման պատմությանը նվիրված չորրորդ` եռամյա (տրինալե) միջազգային սիմպոզիումը, որին մասնակցելու է նաև Հայաստանը:
Սիմպոզիումի շրջանակներում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, նախատեսվում է անցկացնել Հայաստանում գրատպության պատմությանը նվիրված հատուկ նիստ: Մշակույթի նախարարությունից Panorama.am-ին փոխանցեցին, որ սիմպոզիումին Հայաստանից մասնակցելու են Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը:
Այդ օրերին գրադարանի տնօրինության առաջարկով հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին նվիրված` Ալեքսանդրինա գրադարանում անցկացվելու է հայ հնատիպ գրքի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու է նմուշներ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ու Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի հավաքածուներից:
Նշենք, որ այս տարի, ինչպես նաև 2012-ին, Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանի նվիրված, Հայաստանի մասնակցությունը տարբեր երկրներում անցկացվող գրքի փառատոներին, ցուցահանդեսներին ակտիվանալու է:

No comments: