Monday, September 19, 2011

Քաղաքագետ. Իրանի եւ Թուրքիայի միջեւ մրցակցությունը Հայաստանին մանեւրելու հնարավորություն է ընձեռում

News.am. 18-9-2011- ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ծրագրի շրջանակներում, Թուրքիայում վաղ նախազգուշացման համակարգի ռադարի տեղակայումը էական փոփոխություններ չի մտցնի ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ ռուս-ամերիկյան հարաբերություններում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով, դրա վկայությունն այն է, որ ՀՀՊ տարրերի՝ Չեխիայում եւ Լեհաստանում տեղակայելու նախկին փորձերին Ռուսաստանն ավելի կոշտ արձագանքեց, քան հիմա Թուրքիայի դեպքում։ «Այն, որ համակարգը տեղակայվում է Թուրքիայում, ոչ թե Եվրոպայում, նվազեցնում է Ռուսաստանի մտահոգությունը, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիայում տեղակայված համակարգն առավել ուղղված է Իրանի դեմ»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների վատթարացմանը, ապա քաղաքագետի խոսքով, եթե անգամ հարաբերությունները վատանան, ապա դա կտեւի մինչեւ ԱՄՆ-ում դեմոկրատների իշխանության գալը. «Կարծում եմ՝ Օբամային առաջին պաշտոնավարման ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերություններում գլոբալ փոփոխություններ չեն լինի»։
Անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին Իրանի արձագանքին՝ Մինասյանը նկատեց, որ այդ երկիրն արձագանքում է մի փոքր ավելի նյարդային, քան Ռուսաստանը, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիայում տեղակայված ՀՀՊ-ն ուղղված է իր դեմ։
«Այն, որ Թուրքիայի եւ Իրանի միջեւ տարբեր ոլորտներում մրցակցություն վաղուց կա, ակնհայտ է, եւ ստեղծված իրավիճակը միայն կվնասի փոխհարաբերություններին։ Սակայն հարաբերությունների վատացումն շատ լուրջ չի լինի՝ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների հնարավոր եւ սպասվելիք վատացման լույսի ներքո։ Իրանը որոշակի չափով կփակի աչքերը ՀՀՊ-ի հետ կապված գործողությունների վրա՝ ելնելով իր իսկ շահերից»։
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ կերպ դա կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, Մինասյանն ասաց. «Կարծում եմ՝ գլոբալ առումով դա լրջորեն չի անդրադառնա, չնայած Իրանի եւ Թուրքիայի միջեւ մրցակցությունը Հայաստանին մանեւրելու հնարավորություն է ընձեռում»։

No comments: