Thursday, September 22, 2011

Սերժ Սարգսյանի “քույրերն ու եղբայրները”

«Լրագիր» 22-9-2011- Երբ Սերժ Սարգսյանը զորահանդեսի ամբիոնից դիմում էր “քույրերին եւ եղբայրներին”, արդյոք նա այդ շարքում էր ներառում նաեւ այդ ժամերին “Ազատ, անկախ Հայաստան” վանկարկելու համար ոստիկանություն բերման ենթարկվող Լեւոն Բարսեղյանին եւ Առնո Կուռին, եւ արդյոք նա այդ շարքում էր ներառում բանակում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների փոքր խմբին, որոնց դիմացը դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհին փակել էր կարմիրբերետավորների եւ ոստիկանների խումբը ու նրանց հանդեպ իր “եղբայրական” կոպտության կադրերը պատկերող լուսանկարչական ապարատն էր առեվանգում:
Արդյոք այդ մարդիկ էլ Սերժ Սարգսյանի քույրերն ու եղբայրներն էին, թե նրանք այն “քույրերն ու եղբայրներն” էին, ում դիմում էր 2008 թվականի փետրվարի 26-ին էլի նույն Հանրապետության հրապարակում ելույթ ունեցող Սերժ Սարգսյանը, բայց որոնց վրա արդեն կրակում էին ու սպանում դրանից չորս օր անց` մարտի 1-ին:
Սերժ Սարգսյանը զորահանդեսի ելույթում հայտարարում էր, թե Հայաստանը քսանամյա երիտասարդ է, բայց մի պետություն, որին այլեւս հնարավոր չէ խաբել: Իսկ դեռ որքան է հնարավոր խաբել այդ պետության քաղաքացիներին, նրանց քույր եւ եղբայր անվանելով, բայց մեղմ ասած թույ չտալով, որ քույրերն ու եղբայրները արտահայտվեն Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքի շրջանակում, նրանց մի փոքր խմբի դեմ հանելով ոստիկանների ու կարմիրբերետավորների հոծ շարքերը:
Հայաստանին աշխարհը երբեք չի խաբել ու չի խաբում: Սեփական երկրի քաղաքացիների հանդեպ մանր ու մեծ խաբեությունները պետք չէ վերագրել աշխարհին: Աշխարհը զարգանում է մրցակցության դարավոր ընթացքի կանոններով, որոնք հստակ են բոլորին, որոնք պարզ են` քեզ չի կարող խաբել ոչ ոք, եթե ինքդ քեզ չես խաբում: Իսկ քանի որ խաբեությունը Հայաստանում շարունակվում է, Հայաստանն աշխարհում էլ շարունակելու է խաբված մնալ` ինքն իրենով խաբված, ինչքան էլ աշխարհը փորձի ճշմարտությունն ասել Հայաստանին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: