Tuesday, September 13, 2011

Ի՞նչ կասի Գագիկ Հարությունյանը

«Լրագիր» 12-9-2011- Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Դատարանը նախագահել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք: Գագիկ Հարությունյանի բախտն ակնհայտորեն չի բերել: Նրա օրոք անց է կացվել մի քանի համապետական ընտրություն, որոնք բոլորն էլ կեղծվել են: Այդ ընտրությունների արդյունքները մշտապես բողոքարկվել են Սահմանադրական դատարանում, եւ դատարանը մշտապես ի վերջո որոշում է կայացրել իշխանության օգտին: Գագիկ Հարությունյանը կարողանում էր վճիռներն այնպես կազմել, որ թեեւ դրանցով չէր հերքում ընտրությունների կեղծված լինելը, այնուամենայնիվ որոշակիորեն լիցքաթափում էր իրադրությունը եւ ի վերջո «օրինականացնում» ընտրությունների արդյունքը:
Նույնը կատարվեց նաեւ 2008 թ. մախագահի ընտրության ժամանակ: Եւ երբ թվում էր, թե այս անգամ էլ «կանցնի», պայթեց Վիկիլիքսյան հերթական բացահայտումը 2008 թ. ընտրությունների վերաբերյալ: Ըստ այդմ, Սահմանադրական դատարանի վրա ճնշում է բանեցվել, ըստ ՍԴ դատավորներից մեկի, որից հետո Դատարանը կայացրել է վճիռ հօգուտ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի: Սակայն, պարզվել է, որ ընտրության ժամանակ առկա է եղել մոտ 500 հազար կեղծ քվեաթերթիկ, բացի այդ, Սերժ Սարգսյանի գրանցումն էլ որպես նախագահի թեկնածու անօրինական է եղել, ինչպես պնդում է Հայ Ազգային կոնգրեսը:
Իհարկե, մի բան է, երբ «աղբը մնում է տանը», ինչպես մինչ այժմ էր, եւ այլ բան, երբ այն ողջ շուքով «բուրում» է քաղաքական համակարգի վրա: Գագիկ Հարությունյանը խելամիտ, հավասարակշռված գործիչ է եւ կարողացել է պահպանել հանգիստություն ներքաղաքական աղմուկի մեջ: Հետաքրքիր է, այս անգա՞մ ինչպես կվարվի ՍԴ նախագահը:

No comments: