Thursday, September 1, 2011

Թուրքիայում մեկնարկել է երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանն ուղղված նոր շոու

Panorama.am. 1-9-2011- Տեղեկացնելով, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտավորվել է վերադարձնել 1936թ-ից հետո բռնագրավված սինագոգներն ու հայկական և հունական քրիստոնեական եկեղեցիները` «Голос Армении»-ին նշում է. «Պարզից էլ պարզ է, որ դա ոչ թե Թուրքիայի կողմից իրավիճակը շտկելու և անցյալի սխալներն ուղղելու բարի կամքի արտահայտություն է, այլ ԱՄՆ-ի ճնշման ներքո պարտադրված քայլ»:
Թերթը հիշեցնում է, որ այս տարվա հուլիսին ԱՄՆ կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովը 43 կողմ և մեկ` դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձև է ընդունել, որով կոչ է անում Թուրքիային դադարեցնել քրիստոնյա փոքրամասնության հետապնդումները և իրական տերերին վերադարձնել բռնագրավված եկեղեցիներն ու այլ սեփականությունը:
Հոդվածագիրը հատուկ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Թուրքիան պատրաստվում է վերադարձնել միայն այն սեփականությունը, որը բռնագրավվել էր 1936թ-ից հետո, պատճառն այն է, որ Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովրդի` այդ թվում հայերի, ունեցվածքի ու եկեղեցիների 80%-ից ավելին իրենց իրական տերերից խլել են 1936թ-ից առաջ: Թերթը կոչ է անում հայերին չբավարարվել Թուրքիայի ողորմությամբ և պահանջել այն, ինչի տերն է եղել հայ ժողովուրդը դարերով:

No comments: