Tuesday, September 6, 2011

Ինքնասպանության «ինովացիան»

Հանցագործության որակման դատախազական «հիմունքները»
«Լրագիր» 6-9-2011- -ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի պաշտոնավարմանը համընկնող ժամանակահատվածում ամենաակնառու «ինովացիան» թերևս քրեական գործի հարուցման փուլում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան ելքով դեպքերի մեծ մասի որակումն է ոչ թե սպանության, այլ ինքնասպանության հասցնելու, իսկ վերջին տարբերակի անհնարինության դեպքում` սպանությունից ավելի մեղմ պատիժ նախատեսող այլ հանցագործության հատկանիշներով:
Մինչդեռ տեսական գրականության երաշխավորությունները, քննչական և դատական պրակտիկան, ինչպես նաև մարդկային տրամաբանութունը պահանջում են, որ մահվան ելքով դեպքերը, որպես կանոն, քրեական գործի հարուցման փուլում պետք է որակվեն սպանության հատկանիշներով: Բացառություն կարող են կազմել միայն այն դեպքերը, որոնց պարագայում ինքնասպանության կամ սպանությունից բացի` այլ կերպով մարդու մահվանը հանգեցրած արարքի հատկանիշները որակական առումով շատ տիպական, իսկ քանակական առումով` բավարար են կատարվածը որպես սպանություն չորակելու համար:
Մինչ ԽՍՀՄ տխրահռչակ դատախազ Վըշինսկուն հարիր ձևով կյանքի կոչված այս ուշագրավ «ինովացիայի» կիրառական առումների պարզաբանումը, հարկ կլինի որոշակի անդրադարձ կատարել հանցագործության որակմանը` որպես իրավունքի, գիտության, ինչպես նաև դատական ու քննչական պրակտիկայի երևույթի:
Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական իրավունքը, գիտությունը, ինչպես նաև դատական և քննչական համակարգն ու պրակտիկան առանց էական տարբերությունների պատճենում են խորհրդա-ռուսական «օրիգինալներին», այդ անդրադարձը պետք է կատարել վերջիններիս համատեքստում:
Ըստ խորհրդա-ռուսական (նաև` հայաստանյան) քրեական իրավունքի` հանցագործության որակումը հանցավոր արարքի քրեաիրավական գնահատականն է` այդ արարքի և քրեական օրենքով նախատեսված հանցակազմի հատկանիշների համապատասխանության որոշումը և այդ որոշման արդյունքների ամրագրումը համապատասխան դատավարական ակտերում ու փաստաթղթերում (քրեական գործի հարուցման որոշում, մեղադրանքի առաջադրման որոշում, մեղադրական եզրակացություն, դատավճիռ և այլն): Հանցագործության որակման իրավաբանական հիմքը հանցակազմի առկայությունն է:
Գործող օրենսդրությունը թեև կիրառում է «հանցակազմ» հասկացությունը, սակայն դրա սահմանումը չի տալիս: Այն քրեական իրավունքի գիտության կատեգորիա է: Ըստ քրեական իրավունքի գիտության, հանցակազմը օրենքով սահմանված հատկանիշների այն ամբողջությունն է, որն արարքը բնութագրում է որպես հանցագործություն: Ըստ քրեական իրավունքի` քրեական պատասխանատվության միակ հիմքը արարքի և քրեական օրենքով նախատեսված կոնկրետ հանցակազմի բոլոր հատկանիշների համընկնումն է:
Հանցագործության որակումը քրեական պատժի նշանակման և կատարված հանցագործության այլ իրավական հատկանիշների հիմքն է: Հանցագործության ճիշտ որակումը կարևոր դեր է խաղում օրինականության պահպանման, հանցագործության վտանգավորության աստիճանի ճիշտ գնահատման, հանցագործության պատճառած վնասի որոշման, արդարացի պատժի, դրա տեսակի և չափի սահմանման, ինչպես նաև հանցակազմի որոշման և նման հանցակազմերի տարանջատման ու տարբերակման գործում: Հանցագործության սխալ` գործի փաստական հանգամանքներին չհամապատասխանող որակումը, աղավաղում է կատարված հանցագործության բնույթի մասին պատկերացումը և հանգեցնում է սխալ դատավճռի կայացման: Ուստի հանցագործության սխալ որակումը դատավճռի բեկանման կամ փոփոխման հիմք է:
Ըստ այդմ` հանցագործության ճիշտ որակումը հանգեցնում է քրեական պատժի նպատակի իրագործմանը` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը, ինչպես նաև հանցագործությունների կանխմանը: Մինչդեռ սխալ որակումը խափանում է նշված նպատակի իրագործումը:
ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում սպանության և ինքնասպանության հասցնելու հանցավոր արարքները նախատեսված են համապատասխանաբար 104 և 110 հոդվածներով: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի` սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելն է: ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածը ինքնասպանության հասցնելու արարքը բնութագրում է հետևյալ կերպ. «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
Վերը նշված երկու` ճիշտ որակման կարևորության և մահվան ելքով դեպքերը որպես կանոն սպանության հատկանիշներով որակելու նպատակահարմարության վերաբերյալ դատողությունները կարող են առաջին հայացքից հակասական թվալ: Սակայն միայն առաջին հայացքից, քանի որ բովանդակային առումով հանցագործության որակումը դատողական տրամաբանական գործընթաց է, որն իրականացվում է ըստ ձևական տրամաբանության օրենքների և մեթոդների: Ըստ այդմ`հանցագործության որակման բոլոր փուլերում դրա իրավասությունն ունեցող պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են գործել տրամաբանորեն:
Պետք է նկատի ունենալ նաև, որ որակումը մեկանգամյա գործողություն չէ: Այն տեղի է ունենում քրեական դատավարության մինչդատական ու դատական վարույթների տարբեր փուլերում և դրա միջանկյալ արդյունքներն ամրագրվում են վերը նշված դատավարական ակտերում ու փաստաթղթերում: Ուստի կարևորը հանցագործության վերջնական ճիշտ որակումն է:
Պետք է նկատի ունենալ ևս մի կարևոր հանգամանք. որպես կանոն, մահվան ելքով գործերի պարագայում քրեական գործի հարուցման փուլում հնարավոր չէ միանշանակ կերպով որոշել, թե արարքի հատկանիշները որակական առումով տիպական, իսկ քանակական առումով բավարար են մարդու մահվանը հանգեցրած արարքի ճշգրիտ որակման համար:
Ուստի նախընտրելի և նպատակահարմար է ղեկավարվել քրեական պատժի նպատակի իրագործման ու տրամաբանության գերակայությամբ և քրեական գործը հարուցել սպանության հատկանիշներով: Այս մոտեցումը հիմնավոր է նաև այն պատճառով, որ վերաբերում է բարձրագույն արժեքին` մարդու կյանքին: Հակառակ պարագայում, նույնիսկ սպանությունը որպես երկրորդ վարկած աչքի առաջ ունենալու դեպքում, հետաքննության և նախաքննության մարմիններն ի սկզբանե կսահմանափեն հանցագործության իրական պատկերը վերականգնելու, մեղավոր անձանց լրիվ շրջանը բացահայտելու և ըստ մեղքի աստիճանի նրանց պատիժն ապահովելու իրենց հնարավորությունները` օբյեկտիվ նախադրյալներ ստեղծելով հակառակի համար:
Այդ դեպքում որն է հատկապես ՀՀ Զինված ուժերում տեղի ունեցած մահվան ելքով դեպքերը ինքնասպանության հատկանիշներով հարուցելու նպատակը: Ի՞նչ գերակայություններով են առաջնորդվում ՀՀ զինվորական դատախազի դատավարական ղեկավարությամբ գործող հետաքննության և նախաքննության մարմինները:
Միանգամից պետք է ասել, որ այս հարցին միանշանակ պատասխաններ տալ հնարավոր չէ: Հնարավոր չէ նաև մատնացույց անել կանխամտածված և ուղղորդված քաղաքականության առկայության ուղղակի ապացույցներ:
Այնուամենայնիվ, փորձենք ստեղծված իրավիճակի վերլուծությամբ գտնել դիտարկվող «ինովացիայի» ներդրման ու կիրառման շարժիչ հանգամանքները, ըստ այդմ նախանշելով այն պայմանավորող հիմնական օբյեկտիվ նախադրյալները/պատճառները:
ՀՀ իշխող վարչակազմը լեգիտիմ չէ և չի վայելում ժողովրդի վստահությունը, ուստի պետք է որոնի և գտնի իր աթոռակալության պահպանման այլ հենարան: Այդպիսի հենարանը պետք է ունենա բավարար ինքնաբավություն` ներառելով իր «առաքելության» իրականացման համար անհրաժեշտ բոլոր հիմնական բաղադրիչները` բռնի ուժ, տնտեսական և ֆինանսական լծակներ, քարոզչական մեխանիզմներ, իրավական հարկադրանքի և պաշտպանության արդյունավետ մեքենա և այլն: Տրամաբանությունը և պատմական փորձը հուշում են, որ դիտարկվող հենարանի` օբյեկտիվ պատճառներով հետզհետե քայքայվող կենսունակության ապահովման նժարը ավելի ու ավելի է թեքվելու դեպի բռնի ուժի բաղադրիչը` բանակը («թնդանոթները թագավորի վերջին փաստարկն են»): 2008 թվականի մարտի 1-ը ապացուցեց այս փաստարկի ճշմարտացիությունը: Սակայն վարչակազմի «հեղինակության» քայքայման գործընթացը ներառել է նաև բանակը: Ուստի բանակում ղեկավար դիրքեր (գերագույն գլխավոր հրամանատարից սկսած) զբաղեցնող կամ նրանց հովանավորությունը վայելող կազմը ինքնապաշտպանական բնազդով որպես իր առաջնային խնդիր է դարձնում բանակում ձևավորված` վարչակազմի գոյությամբ փոխպայմանավորված շահառուական համակարգի կառույցի և կենսունակության պահպանումը: Նրանք փորձում են բանակում այնպիսի մթնոլորտ և ներքին վիճակ ստեղծել, որ հնարավորինս այդ համակարգի ոչ մի ներկայացուցչի չնեղացնեն: Սակայն այդ կազմի հատկապես ստորին խավը, ունենալով ցածր իրավագիտակցություն, հաճախ` պարզապես հանցավոր մտածելակերպ, ցածր կրթական ու մշակութային մակարդակ, նյութապաշտական արժեհամակարգ և կյանքի նկատմամբ սպառողական դիրքորոշում, ժամանակ առ ժամանակ «ինքնադրսևորվում» է` որպես իր բնազդների և նյութական շահի բավարարման օբյեկտ ընտրելով թույլերին ու անպաշտպաններին: Բնականաբար, «վատ օրինակը վարակիչ է» կանոնի համաձայն այս երևույթը դառնում է ընդհանրական` ներառելով բանակի բոլոր շերտերը: Եվ քանի որ այս համակարգը հիմնված է վերը նշված շահառուների վրա, ուրեմն թույլերի ու անպաշտպանների նկատմամբ նրանց ոտնձգությունները պետք է քողարկվեն և անպատժելի դառնան: Հասկանալի է, որ ավելի բարձր կարգավիճակ ունեցող շահառուի շահերի հետ բախման պարագայում ավելի ցածր կարգավիճակ ունեցողը կզոհաբերվի:
ՀՀ պետական կառավարման և իրավական համակարգերը, չնայած 20 տարվա ընթացքում քարոզված և «կենսագործված» «բարեփոխումներին», շարունակում են մնալ և լինել խորհրդայինի ժառանգորդ: Սրան պետք է նաև հավելել, որ եթե խորհրդային իրավական համակարգը ներդաշնակ էր իր ամբողջատիրական տիրույթին, նպատակներին և խնդիրներին, ապա դրա հայաստանյան տարբերակն իր բնույթով ու էությամբ, կառուցվածքով ու լիազորությունների մի զգալի մասով գտնվում է ՀՀ Սահմանադրությամբ նախանշված ժողովրդավարական արժեահամակարգային տիրույթից դուրս և մի շարք հիմնարար, համակարգաստեղծ առումներով չի համապատասխանում Սահմանադրությունից բխող նպատակներին ու խնդիրներին: Եթե Խորհրդային Միությունում մինչ իր փլուզման վերջին շրջանը վարչակազմի լեգիտիմության պրոբլեմն արդիական չէր և խորհրդային քարոզչամեքենային հաջողվում էր տիրապետել հասարակական կարծիքին, ապա հայաստանյան վարչակազմի դեպքում հակառակ պատկերն է: Գրեթե բոլորին, այդ թվում` վարչակազմի աթոռակալությամբ շահագրգռվածներին, հայտնի է, որ «թագավորը մերկ է»: Ապրելով իր գոյությունը երկարաձգելու առօրեական հոգսերով, վարչակազմն ամբողջությամբ հրաժարվել է ռեալ երկարաժամկետ ծրագրերից և, որպես հետևանք` կանխատեսումային կառավարման մեթոդից` աչքի առաջ ունենալով միայն իր գոյությանը սպառնացող վտանգների ռեակտիվ հակադարձումը: Ուստի վարչակազմի համար պետության ղեկին մնալու տարբերակները առավելագույնս մինիմիզացվել են և ստիպում են նրան դիմելու մինչ այդ չօգտագործված հնարքների, որքան էլ դրանք անօրինական, անտրամաբանական կամ նույնիսկ զավեշտական լինեն: Եթե նաև նկատի ունենանք, որ ՀՀ իրավական համակարգը օրենքով նախատեսվածից բացի, «օժտված» է խորհրդային ժամանակներից մնացած և գավառականորեն տրանսֆորմացված այլ «լիազորություններով», ապա կտեսնենք, որ գործ ունենք արտաիրավական գործառույթներ իրականացնող մի սուռոգատի հետ, որի պարագայում «օրինաչափ» պետք է համարվի ոչ թե օրենքով, մարդկային բանականությամբ ու արժեքներով պայմանավորված, այլ մարդուն որպես ռեսուրս համարող վարչակազմի շահերով թելադրվող մարտավարական խնդիրների լուծմանը միտված ռեակտիվ վարքը:
Պետության ղեկին գործող վարչակազմի մնալու հնարավորւթյունների սղությունն առաջացնում է վարչակազմի աթոռակալության պահպանմանը կոչված բոլոր համակարգերի ներուժերի առավելագույն մոբիլիզացիայի պահանջ: Այս պատճառով նախկինում քիչ թե շատ տարանջատ գործած պաշտպանական և իրավական համակարգերը պետք է ըստ ամենայնի աջակցեն իրար: Տվյալ դեպքում դա դրսևորվում է ՀՀ զինվորական դատախազի` վերը նշված «ինովացիայի» ներդրմամբ և կիրառմամբ, որն ապահովում է վարչակազմի հենարանի վերջին հույս ու ապավեն բանակային շահառուական համակարգի կենսագոյությունը:
Որպես խորհրդային իրավական համակարգի ժառանգորդ` դրա հայաստանյան սուռոգատը ևս առաջնորդվում է իր գործունեության արդյունավետության գնահատման քանակական պարամետրների գերակայությամբ: Մինչ օրս իրավապահ մարմինների աշխատանքը գնահատվում է բացահայտված հանցագործությունների տոկոսային ցուցանիշի, ինչպես նաև այլ քանակական ցուցանիշների վրա հիմնված սկզբունքի համաձայն: Եվ քանի որ սպանությունը առանձնապես ծանր, իսկ ինքնասպանության հասցնելը` միջին ծանրության հանցագործություն է, ապա գերադասելի է ունենալ միջին ծանրության հանցագործությունների չբացահայտված դեպքեր: Այս տարբերակն ավելի նախընտրելի է դառնում, երբ ի սկզբանե իրավապահ մարմինները հակված չեն հանցագործությունը բացահայտելուն, ինչի նպատակով ձգտում են ձևավորել հանցագործության աղավաղված պատկեր և թաքցնել իսկական մեղավորներին կամ գոնե դրանց առավել «արժեքավոր» մասին: Հենց այս նպատակին է ծառայում մահվան ելքով գործերը առավելապես ինքնասպանության հասցնելու հատկանիշներով որակելը: Չէ որ միջին ծանրության հանցագործություն կատարած անձի քրեական պատասխանատվությունը շատ ավելի մեղմ է, քան առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձինը: Բացի այդ, առաջինի դեպքում մինչդատական վարույթի փուլերում որպես խափանման միջոց կալանքը չկիրառելու, քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու (քրեական պատասխանատվությունից ազատելն իրադրության փոփոխման դեպքում, քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով, պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելը, չկրած պատժի մասն ավելի մեղմ պատժով փոխարինելը, հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատժի կրումը հետաձգելը կամ պատժից ազատելը, կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողին պատիժը կրելուց ազատելը այնպիսի հիվանդության դեպքում, որի հետևանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի, պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով, պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով, համաներումը, ներումը), ինչպես նաև ռեաբիլիտացիայի (դատվածության մարումը, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար) հնարավորություններն անհամեմատելի չափով շատ են ու բազմազան: Միևնույն ժամանակ, ինքնասպանության հասցնելու հատկանիշներով գործի հարուցումը տուժող կողմին հոգեբանական ճնշումների և մանիպույլացիայի ենթարկելու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում:
Նման մոտեցման ռեալ գոյության անուղղակի ապացույցներ են ինչպես քննչական ու դատական մարմինների` նույնիսկ սպանության ակնհայտ հատկանիշների դեպքում գործերը ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցելու և այդ գործերի քննության ընթացքում տուժող կողմի ու հասարակայնության ներկայացրած ապացույցների հետազոտումից հնարավորինս խուսափելու պրակտիկան, ինչպես մինչդատական, այնպես էլ դատական վարույթի բոլոր փուլերում իրավապահ համակարգի աշխատակիցների թույլ տված աղաղակող ապօրինությունները (այդ թվում` դեպքի վայրի կեղծումները, ապացույցների աղավաղումը, կեղծ ապացույցների ստեղծումը) կոծկելու զանգվածային գործողությունները:
Ավելին, այս գործողությունների համատարածությունը և մեծաքանակությունը, ինչպես նաև դրանց հակառակ գործողությունների բացակայությունը լրացուցիչ անուղղակի ապացույց է, որ գործ ունենք ուղղորդված քաղաքականության հետ: Վերը նշված շահառուական համակարգը պահպանելու համատեքստում պետք է դիտարկել նաև «եղնիկներում» կատարված սպանությունը ավելի մեղմ պատիժ նախատեսող հոդվածներով որակելը, ինչպես նաև բանակում ցածր կարգապահության վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազի անհասցե քննադատությունը: Այս վերջինը ներկայումս հետապնդում է գոլորշի բաց թողնելու նպատակ, իսկ վարչակազմի անխուսափելի փլուզմանը հաջորդող ժամանակահատվածի համար դատախազի «շրջահայացությամբ» թերևս հաշվարկված է որպես ինքնարդարացման հնարավորություն և փրկության օղակ:
Արամ Հովհաննիսյան

No comments: