Monday, September 19, 2011

Սատանովսկի. Թուրքիայի համար բոլոր հարեւան երկրները ծայրագավառ են

News.am. 18-9-2011- Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերություններում Անկարայի ինքնուրույն քաղաքականությունը եւ տարածաշրջանում ռադիկալ իսլամիստական քաղականության որդեգրումը ցույց է տալիս, որ Թուրքիան աստիճանաբար վերածվում է իսլամիստական հանրապետության: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին:
Նրա կարծիքով, Թուրքիան Իրանի նման չի ընտրել հեղափոխական ուղին եւ իսլամիստական հանրապետություն է դառնում էվոլյուցիոն ճանապարհով:
«Թուրքիան քաղաքական իսլամի երկիր է, նոր Օսմանյան կայսրություն: Հին Օսմանյան կայսրության գոյությունը Հայաստանի համար ավարտվեց ցեղասպանությամբ, որը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ` մարդկության պատմության ամենաահավոր էջերից մեկն է»,- հայտարարեց Սատանովսկին:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ հարեւանների հետ զրո հիմնախնդիր ունենալու մասին Անկարայի հայտարարությունները պատրանք են, քանի որ Թուրքիան բոլոր հարեւաններին` Հայաստանը, Ադրբեջանը, բալկանյան երկրները, Հունաստանը եւ արեւելյան երկրները դիտարկում է որպես ծայրագավառ:
«Հայաստանն այժմ հավասարակշռություն է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի (առաջին հերթին` Ֆրանսիայի), Իրանի, Ռուսաստանի եւ մեծ հայ համայնք ունեցող արաբական աշխարհի միջեւ:
Մերձավոր Արեւելքում այժմ ձեւավորվում են երկու խոշոր դաշինքներ. Իրանը ստեղծում է իր շիա կայսրությունը: Ի դեպ, Թեհրանը Հայաստանը համարում է իր պատմական նահանգը:
Զուգահեռ ձեւավորում է ռադիկալ սունի բլոկը, որը կազմում են Սաուդյան Արաբիան ու Քաթարը, Պարսից ծոցի մյուս պետությունները, ռազմաքաղաքական ուժի որակներով Թուրքիան: Այս դաշինքին աստիճանաբար միանում են Եգիպտոսն ու սունի թագավորությունները:
Երկու դաշինքները երբեւէ կբախվեն կամ Իրանում, կամ Սիրիայում, որտեղ շատ հարթակներ կան երկու հսկաների ուղղակի բախման համար»:
Քաղաքագետի կարծիքով, հենց այս հանգամանքն է ստիպում Թուրքիային իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգեր, եւ Իրանն անպայման դա հաշվի է առնում: Ամենայն հավանականությամբ, գերակշռությունը կլինի պռոթուրքական բլոկի կողմը, որն ավելի մեծ ռազմական ու տնտեսական հզորություններ ունի, քան քաղաքական շրջափակման մեջ գտնվող Իրանը:
Տվյալ իրավիճակն ազդում է նաեւ Հարավային Կովկասի վրա: Սատանովսկու խոսքով, եւ Իրանը, եւ Թուրքիան Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը դիտարկում են որպես իրենց ազդեցության գոտի:
«Իդեալական կլինի, եթե Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը չմիջամտեն Թուրքիայի եւ Իրանի հիմնախնդիրներին եւ չփորձեն սեփական խնդիրները թողած պայքարել Հարավային Կովկասում գլխավորի կարգավիճակի համար»:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա վերոնշյալ դասավորության ազդեցության մասին Սատանովսկին հայտարարեց, որ Թեհրանն ու Անկարան կփորձեն ազդել իրավիճակի վրա, միջամտել Երեւանի եւ Բաքվի հարաբերություններին եւ ուրիշների ջանքերով օգուտ քաղել:


No comments: