Thursday, September 1, 2011

Ոմանք ողջ չեն մնում

«Լրագիր» 31-8-2011- Վաղը Կառավարության շենքի դիմաց պետք է տեղի ունենա Բանակն առանց մարդասպանների քաղաքացիական խմբի առաջին ակցիան: Խմբին արդեն 500-ից ավել մարդ է անդամագրվել:
Վաղը կկայանա կառավարության հերթական նիստը: Նիստերը, որպես կանոն, ուղեկցվում են խաղաղ ժամանակներում զոհված զինծառայողների հարազատների, աշխատանքը կորցրած կրպակատերերի և այլ քաղաքացիական ու սոցիալական խմբերի պիկետներով:
Պիկետները սովորաբար բազմամարդ չեն լինում, չնայած երբեմն ուղեկցվում են ոստիկանության հետ ծեծկռտուքով: Կառավարության դիմաց բողոքողների ներկայությունը, բնականաբար, ազդում է նախարարների տրամադրության վրա: Նրանցից ոմանք փորձում են գլուխը կախ անցնել կողքով, սակայն դեպքեր են եղել, երբ բողոքողներին 3 մատի կոմբինացիա են ցույց տրվել: Կառավարության մոտ հավաքվող մարդկանց քանակը կարող է գործուն զենք դառնալ:
Բանակի իրավիճակի շուրջ վերջին օրերին վերսկսված քննարկումները հասարակությունում նոր դժգոհության ալիք բարձրացրեց: Եվ չնայած որ ոմանք համառորեն փորձում են այդ շարժումը ներկայացնել որպես հակաբանակային և ոչ հայրենասիրական, Ֆեյսբուքում ստեղծված խումբը ոչ թե բանակին է դեմ, այլ բանակի մարդասպաններին:
Զինվորների մահվան վերջին դեպքերը ցնցեցին հասարակությանը: Նախարարի հրաժարականի կոչերը նոր ուժով սկսեցին հնչել: Վերջին դեպքը նախարարն արդեն ստիպված էր մարդասպանություն որակել: Մինչ այժմ մահվան գրեթե բոլոր դեպքերում գործեր էին հարուցվում ինքնասպանության հասցնելու մեղադրանքով, չնայած այդ դեպքերում էլ ինքնասպանության հասցրածների անունները չի նշվել:
Եթե բանակի ղեկավարությունը թաքցնում է ծեծող կամ ինքնասպանության հասցնող մարդասպաններին, նշանակում է, որ նրանք պետք են ղեկավարությանը: Եվ պատահական չէ, որ մամուլում բանակի սպանությունների ու մարդասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի հայտնվում, որով հնարավոր կլիներ հետևել միջադեպերի դինամիկային և եզրակացություններ անել ղեկավարության աշխատանքի արդյունավետության վերաբերյալ:
Բանակում ցանկացած միջադեպ ողբերգություն է, սակայն ակնհայտ է, որ բազմահազարանոց տղամարդկային կոլեկտիվում նման դեպքերը, ցավոք, անխուսափելի են: Հարցն այն է, թե արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են դրանք նվազագույնի հասցնելու համար, աճու՞մ, թե՞ նվազում է դրանց քանակը, շահագրգռվա՞ծ է բանակի ղեկավարությունը, որ հանցագործները մեկուսացվեն, իսկ զինվորների իրավունքները պաշտպանվեն:
Ցավոք, բանակի ղեկավարությունը հասարակությանը թվեր չի ներկայացնում: Դեռ ավելին, որքանով հայտնի է մեզ, Պաշտպանության նախարարությունը մերժել է հասարակական կազմակերպություններին թվեր տրամադրել ռազմական գաղտնիքի պատրվակով:
Սակայն դա ի՞նչ ռազմական գաղտնիք է, եթե ամեն օր թերթերում հայտնվում են նման միջադեպերի նկարագրություններ: Թվերը թաքցնելը կասկած է առաջ բերում, որ նման դեպքերի դինամիկան, ցավոք, դրական է, իսկ բանակի ղեկավարությունը պարզապես չի ցանկանում ստորագրել դրա տակ:
Բանակում, անշուշտ, հանցագործությունների կանխարգելման համար որոշակի միջացառումներ ձեռնարկվում են: Շատ սպաներ խոստովանում են, որ տանը վեր են թռնում ամեն զանգից՝ դասալքության, ինքասպանության ու ծաղրի մասին տեղեկության սպասելով: Սպաների մեծամասնությունը, յուրաքանչյուրն իր խղճի և աշխարհընկալման չափով, փորձում է իր ստորաբաժունումում կարգուկանոն հաստատել: Սակայն նրանք էլ են հասկանում, որ համակարգն ի սկզբանե սխալ է դրված:
Բանակը, որտեղ, ըստ էության, պետք է սովորեն պաշտպանել հայրենիքը, ազատ ռեժիմի բանտ է մնացել, որտեղ երիտասարդներին, իբր թե, սովորեցնում են “ողջ մնալ”: Այնուհետև “ողջ մնալու” փորձը շատերի համար վնասվածքի, կոմպլեքսի, վրեժի ծարավի է վերածվում, իսկ ոմանց էլ չի հաջողվում ողջ մնալ: Նաիրա Հայրումյան

No comments: