Monday, September 5, 2011

Հայ ժողովուրդը հնազանդ ժողովուրդ է

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

-Երվանդ, երկրում սկսված երկխոսության գործընթացն այս պահին առկախվել է: Ի՞նչ եք կարծում, հիասթափությունը մե՞ծ է, թե ընդհակառակը, ամեն բան իր տեղն ընկավ:
-Առհասարակ մարդիկ երկխոսությունից հուսահատվում են այն ժամանակ, երբ երկխոսող օբյեկտներից կամ սուբյեկտներից հույսեր ունեն, տվյալ դեպքում`գործող իշխանությունից կամ տիտղոսային ընդդիմությունից: Իմ կարծիքով`Հայաստանում պետք է երկրի զարգացման նոր օրակարգ ձևավորել: Ըստ էության, այդպիսի բան չեմ տեսնում ոչ իշխանության, ոչ տիտղոսային ընդդիմության կողմից: Կոնկրետ ինձ համար երկխոսելը երկրորդական գործընթաց է, որից ես ոչ ոգևորվում, ոչ էլ հիասթափվում եմ:

-Մի քանի տարի շարունակ ՀԱԿ-ն արտահերթ ընտրությունների հարցն է բարձրացնում, չե՞ք կարծում, որ միայն արդար ընտրությունների միջոցով երկրում ի վերջո հնարավոր կլինի հաստատել լեգիտիմ իշխանություն և հետո զարգացման նոր օրակարգ ձևավորել:
-Սկսած 95-ից`Հայաստանում հիշում եմ նման կարգախոսներ, որ պետք են արտահերթ ընտրություններ, քանի որ այդ պահից սկսած`ոչ մի ընտրություն նորմալ չի անցել և ոչ մի իշխանություն լեգիտիմ չի ընկալվել: Այսինքն` միայն 91 թ. ընտրություններին այդպիսի խնդիր չի դրվել, բայց նույնիսկ 91-ի ընտրություններից հետո 92-93 թթ. արդեն պահանջում էին արտահերթ ընտրություններ:

-Մեր զրուցակիցներից Արման Գրիգորյանն ասում է, որ 95-96-ին ընտրություններ չեն կեղծվել, այլապես եթե կեղծված լինեին, 98-ին իշխանության փոփոխությունից հետո կդրվեր դա բացահայտելու խնդիր:
-98-ին իշխանափոխությունը կատարվեց նաև իշխանության մի մասի կողմից, ովքեր ակտիվորեն ներգրավվել էին 96-ի ընտրությունների մեջ: Օրինակ`Վազգեն Սարգսյանը ինչպե՞ս կարող էր 98-ի իշխանափոխությունից հետո դներ 96-ի ընտրությունների լեգիտմության խնդիրը: Պարզ է, որ 98-ին եթե հաղթեր Վազգեն Մանուկյանը, միանշանակ կդներ 95-96 ընտրությունների կեղծված լինելու փաստը: Բայց քանի որ հաղթեցին այնպիսի ուժեր, ովքեր այդպիսի խնդիր չէին դնում, բնականաբար այդ խնդիրը չդրվեց: Մեծ խելք պետք չէ այդքան բանը հասկանալու համար, որ սա բոլորովին կապ չունի՝ ինչպես են ընթացել 95-96-ի ընտրությունները: Հայաստանում սկսած 95-ից չի եղել արդար ընտրություններ և չի լինելու, որովհետև այստեղ ընտրական ինստիտուտներ, ինչպես որ կան զարգացած երկրներում, գոյություն չունեն: Հիմա, եթե արտահերթ ընտրություններ ես ուզում անցկացնել, ոչ մի երաշխիք չկա, որ դրանք արդար ընտրություններ կլինեն: Սա մի խաղ է, և հասարակությանն այս պրոցեսի մեջ են ներքաշել: Իհարկե, եթե արտահերթ ընտրություններ ընթանան, տիտղոսակիր ընդդիմությունը որոշակի առավելություն կունենա, բայց արդյունքում կկատարվի նույն բանը, ինչ կատարվել է մինչև հիմա, այսինքն` ես չեմ տեսնում, որ արտահերթ ընտրությունների միջոցով հնարավոր են երկրում փոփոխություններ, քանի որ չկա օրակարգ` ինչ առարկայական փոփոխություններ են ուզում անել` տնտեսական, քաղաքական և այլ բնագավառներում:

-ՀԱԿ-ը մի քանի տարի շարունակ գրում է տնտեսական, մշակութային, առողջապահական ծրագրեր: Գուցե հենց այդ փոփոխություններն էլ կիրականացնեն:
-Այս ծրագրերը լավ է, որ կան, բայց դրանք կաշխատեն այն ժամանակ, երբ երկրի կառավարման համակարգն այնպիսին լինի, որ թույլ չտա մեկ մարդն ունենա անսահմանափակ լիազորություններ: Հայաստանի խնդիրների մեծ մասը կայանում է նրանում, որ այսօր մեկ մարդն ունի բացառիկ լիազորություններ: Կոնկրետ երկրի նախագահը ունի բացառիկ լիազորություններ: Եթե այդ մարդու տեղը լինի մեկ ուրիշը, բոլոր պետական ապարատները, գերատեսչությունները կսկսեն ենթարկվել այդ մեկ ուրիշին, և այդ ուրիշ մարդը նույնպես կկարողանա իրականացնել ցանկացած բան և չի ունենա ոչ մի հակակշիռ` ոչ դատական, ոչ օրենսդիր մարմինների կողմից:

-Համակարգային փոփոխություն հասարակությո՞ւնը պետք է պահանջի:
-Համակարգային փոփոխությունների խնդիր մեր երկրում, անկասկած, կա, եւ այն կարող է իրականացնել այն քաղաքական ուժը, որը գիտակցում է դրա պահանջը: Իսկ ինչ վերաբերում է հասարակությանը, ապա ցավոք սրտի, այստեղ հասարակությունը մեծ ազդեցություն չունի: Առհասարակ, Հայաստանում քաղաքացիական հասարակություն հասկացողությունը պայմանական է, հայ ժողովուրդը շատ ավանդական և հնազանդ ժողովուրդ է: Եվ այն հասարակական աղմուկը, որն անում է քաղաքացիական հասարակությունը, ցավոք սրտի մեծ ազդեցություն չունի մեր հասարակության մեջ` ի տարբերություն, օրինակ, Վրաստանի, Ուկրաինայի և այլն, մեզ մոտ այդ ազդեցությունը բավականին թույլ է: Բացի այդ, այն արժեքները, որ քաղաքացիական հասարակության շրջանակները ներկայացնում են, մի քիչ կասկածելի են, դրա համար Հայաստանում առկա է արժեքային համակարգի լուրջ ճգնաժամ:
Հասկանալի է, որ ես սպասումներ չունեմ, որ Հայաստանում կլինի մի ուժ, որը դեմոկրատական նորմերը միանգամից կհաստատի, որովհետեւ դա անհնար է:

-Ինչո՞ւ:
-Դեմոկրատական նորմեր հաստատելու համար բավական ժամանակ է պետք: Ոչ մի երկիր դեմոկրատական համակարգ չի հաստատել միանգամից, այնպես չի լինում, որ մարդիկ հրաշքով միանգամից լավ ապրեն: Կա անցումային փուլ, որը կամաց -կամաց կարող է մոտեցնել ժողովրդավարությանը` զարգացնելով տարբեր ոլորտներ` ձևավորել այնպիսի համակարգ, ինչպես կա զարգացած երկրներում. այդպիսի բան հնարավոր է: Որպեսզի մենք կարողանանք մեր երկիրը կամաց-կամաց մոտեցնել նորմալ զարգացող երկրների ստանդարտներին, մենք պետք է օրակարգ, ճանապարհային քարտեզ, ծրագիր ունենանք: Այսպիսի դիսկուրս հասարակության մեջ չի ընթանում: Հիմնականում խոսակցությունը գնում է, թե ՀԱԿ-ն արդյոք ճի՞շտ է անում, որ գնում է իշխանության հետ երկխոսության, կամ Լևոն Տեր-Պետրոսյանն այս քայլը ճի՞շտ է անում, թե ոչ, բայց դրանք բովանդակային բանավեճեր չեն, դրանք լայն հասարակությանը չեն հուզում, այլ ուղղակի իշխանությանը տիրանալու կամ չտիրանալու, տարբեր խմբերի, ինչ –որ տարբեր վերլուծությունների դիսկուսիաներ են, որոնք հետաքրքիր են շատ նեղ շրջանակների: Ի վերջո, մենք ունենք 20 տարվա փորձ, և այն հիմնական խաղացողները, ովքեր կան քաղաքական դաշտում, չեն փոխվել:

-Ինչո՞ւ չեն փոխվում, և մտադրություն էլ չկա փոխվելու: Ինչո՞ւ չեն գալիս նորերը: Խնդիրը որտե՞ղ է:
-Ես կարծում եմ` սա ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, Վրաստանի եւ այլ հետկոմունիստական երկրների պրոբլեմն է: Մարդիկ արդեն հոգնել են փոփոխություններից: Այն գործիչները, ովքեր 90-ականներից սկսած մինչև այսօր ընկալվում էին որպես լիբերալներ, որոնք խոսք էին տալիս կյանքի լավացման արագ փոփոխություններ, 90-ականների լիբերալ բարեփոխումների ընթացքում մարդկանց մեծ մասը հայտնվեց սոցիալապես խայտառակ իրավիճակում, արդյունքում`հարյուր հազարավոր մարդիկ ուղղակի արտագաղթեցին Հայաստանից: Այդ պրոցեսը քիչ թե շատ կանգ առավ միայն 2000թ.-ից հետո: Սակայն, սկսած 2008 թ.-ից այն նորից վերսկսվեց: Եթե այսօր ՀՀ քաղաքացին առնչվում է ցանկացած պետական ատյանի հետ, որտեղ ըստ էության տիրում են խորհրդային կարգեր, տեսնում է, որ ըստ էության կարծեք թե այնպիսի համակարգ է ձևավորված, որտեղ այնպիսի պայմաններ են ստեղծված, որ ստիպում են մարդը տանջվի, կաշառք տա և այլն: Օրինակ` եթե Վրաստանի հետ համեմատենք, ընդամենը 5-6 տարի առաջ Վրաստանում տիրում էր խայտառակ իրավիճակ, այսօր մենք տեսնում ենք`ինչ ահռելի տարբերություն կա մեր և նրանց միջև` մի շարք ոլորտներում: Մարդիկ տեսնում են այդ տարբերությունները, տեսնում են, որ պետությունը կարող է և չպետք է արհամարհի մարդուն, իսկ երբ պետությունը սկսում է արհամարհել իր քաղաքացուն, ապա հասարակ մարդը սկսում է հիասթափվել պետությունից, սկսում է չսիրել սեփական հայրենիքը: Իր համար հայրենիք սիրելը դառնում է պաթետիկ խոսակցություն, արդյունքում` մարդը կամ արտագաղթում է, կամ պետությունից նեղացած` ատելով շարունակում է ապրել, արդյունքում` Հայաստանում մռայլ և ջղայնացած ժողովուդ է մնում: Այդ ժողովրդի տրամադրությունն էլ սկսում է արտացոլվել քաղաքական, հասարակական, լրագրողական դաշտում: Լրագրողական դաշտում էլ դոմինանտում է ժխտողական, ամեն ինչի մեջ վատը տեսնելու ցանկությունները, սա բնական վիճակ է: Նույնը կարելի է ասել քաղաքական դաշտում: Եթե դու ինչ-որ մեկին քննադատում ես, ասում ես` այս իշխանավորը վատն է, դու դառնում ես մեծ կամ փոքր «կարգի» ազգային հերոս:
Փաստորեն, Հայաստանում այս խաղի կանոնն է տիրում, որը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, որովհետև մենք այդպիսի ազգային հերոսներ շատ ենք տեսել: Մարդիկ, ովքեր ժամանակին ռադիկալ ընդդիմադիր էին, ներկայում իշխանության մեջ են, և հակառակը, մարդիկ, ովքեր այսօրվա ընդդիմության մեջ են, նախկինում իշխանություն էին: Այդ մարդիկ որակապես իրարից շատ չեն տարբերվում, և հասարակ քաղաքացին դա շատ լավ տեսնում է, և նրա մոտ առաջանում է հիասթափություն` ոչ միայն հին գործիչներից են հիասթափվում, այլ կասկածամտություն է առաջանում ցանկացած նոր գործչի նկատմամբ, սա էլ է հասկանալի: Սա նշանակում է, որ մեր երկիրը խորը ճգնաժամի մեջ է:

-Ճգնաժամը ելքեր ունի՞:
-Միշտ ելք ունի, այլ խնդիր է` արդյոք ի հայտ կգա այն մարդկանց խումբը, որ կկարողանա սովորական քաղաքացուն այդ ելքը ցույց տալ և ինչ-որ քայլեր առաջակել:

-Ի՞նչ կառավարման համակարգ է պետք երկիրն այս վիճակից հանելու համար:
-Սա շատ տարողունակ խնդիր է, որն իր մեջ պարունակում է հետեւյալ պրոբլեմը. մենք միանգամից չենք կարող երկրում ստեղծել դեմոկրատական համակարգ: Սակայն, մյուս կողմից, մեկ մարդուն տալով բացարձակ լիազորություններ, ակամա դառնում ենք այդ մարդու պատկերացումների եւ իղձերի գերին, ինչը ոչ միայն չի մոտեցնի մեզ դեմոկրատական համակարգի կայացմանը, այլև` ճիշտ հակառակը: Մյուս կարևոր պրոբլեմը մեր երկրում տեղական ինքնակառավարման համակարգի գրեթե բացակայությունն է, քանի որ հենց այդ համակարգն է ամբողջ աշխարհում դառնում դեմոկրատական համակարգի հիմքը: 95-ի սահմանադրությամբ մեզ մոտ, կարելի է ասել, նույնիսկ Խորհրդային Միությունից մնացած կիսատ-պռատ տեղական ինքակառավարման համակարգը ոչնչացրին: Օրինակ, այն ժամանակվա Երևանի քաղաքապետը, որը ընտրովի էր, լինելով իշխանության ներկայացուցիչ` ստիպված փոխզիջումների էր գնում քաղաքային խորհրդում գտնվող ընդդիմադիր շրջանակների հետ և ավելի օբյեկտիվ էր փորձում պատկերացնել իրականությունը, կյանքը, նա ավելի շատ էր կախված քաղաքացիներից, քան այսօրվա քաղաքապետը, որը ըստ էության կախված է ոչ թե քաղաքացիներից, այլ վերևից, դրա համար ինքը որոշումներ է կայացնում և չի վախենում մեր քաղաքացիների հակազդեցությունից: Որովհետև, թեև ինքն ընտրովի է, սակայն քաղաքապետի փոփոխության` վերջերս կայացած ձևն ու բնույթը դե ֆակտո վարկաբեկեցին Երեւանի քաղաքապետի ընտրության ինստիտուտը: Այսինքն, մարդիկ հասկացան, որ ընտրված քաղաքապետին ավելի հեշտ կարող է փոխել նախագահը եւ նրա շրջապատը, ինչը պրոֆանացիա է դարձնում քաղաքապետի «ընտրված» լինելու գաղափարը: Արդյունքում նոր քաղաքապետը «հասկանում է», որ ինքը հաշվետու է ոչ թե երևանցիներին, այլ` նախագահին և նրա շրջապատին: Հասկանալի է, որ այս և նմանատիպ դրվածքով երկրում հնարավոր չէ ձեւավորել ոչ իրական տեղական ինքնակառավարման համակարգ, ոչ էլ, ընդհանրապես, այնպիսի համակարգ, որտեղ կհանդուրժվի ինքնուրույն մտածողությունը:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 5-9-2011,

No comments: