Wednesday, September 14, 2011

“Գլադիատոր” օլիգարխներ

«Լրագիր» 14-9-2011- Օլիգարխներ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանն ու Լեւոն Սարգսյանը հայտնվել են Հայկական ժամանակ օրաթերթի դեմ պայքարի առաջին գծում: Ինչպես հայտնի է, նրանք իրենց պատիվն ու արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու համար դիմել էին դատարան, իսկ դատարանն էլ բնականաբար բավարարել էր նրանց դիմումն ու Հայկական Ժամանակին պարտավորեցրել վճարել ավելի քան 6 միլիոն դրամ:
Թերթը բողոքարկել էր Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, սակայն անցնելով Վերաքննիչով եւ հասնելով վճռաբեկ, Հայկական Ժամանակը բնականաբար հաջողության չհասավ: Հայաստանում դժվար, գրեթե անհնար է դատարանում հաջողության հասնել օլիգարխայի դեմ: Համենայն դեպս անկախ Հայաստանի 20-ամյա պատմությանն այդպիսի դեպք հայտնի չէ: Փոխարենը Հայաստանի պատմության մեջ կարող է հայտնի դառնալ առաջին դեպքը, երբ օլիգարխիան միահամուռ ջանքով փորձում է սնանկացնել լրատվամիջոցին:
Կասկած չկա, որ այդ դեպքը հաջողությամբ ավարտելուց հետո, օլիգարխիան ձեռնամուխ է լինելու այլ անցանկալի լրատվամիջոցների սնանկացմանը: Սա ինքնին բնական, այսպես ասած օրինաչափ վարքագիծ է օլիգարխների համար, քանի որ կյանքի գրեթե բոլոր ոլորտներում հասնելով գերակայության, նրանք բնականաբար պետք է ձեռնամուխ լինեին նաեւ մեդիամիջավայրին, այդպիսով ընդհանրապես անձռենմխելի դարձնելով իրենց դոմինանտությունը Հայաստանում:
Մեդիամիջավայրը ներկայում մնացել է այն եզակի հարթությունը, որտեղ կա դիմադրություն օլիգարխիկ համակարգի հանդեպ, որտեղ օլիգարխների կյանքն ու գործունեության տարբեր մանրամասներ բացահայտվում են եւ ներկայացվում հանրությանը, արժանանում հասարակական հրապարակային գնահատականի: Հետեւաբար տրամաբանական է, որ մեդիամիջավայրը ժամանակի ընթացքում հայտնվելու էր օլիգարխիայի թիվ մեկ թիրախի դերում, քանի որ մնացյալ բոլոր թիրախները օլիգարխիան Հայաստանում կարծես թե վաղուց է խոցել:
Բայց, միայն թվում է, թե այդ մի թիրախն էլ խոցելուց հետո օլիգարխիան Հայաստանում այլեւս ապրելու է լիարժեք պաշտպանության մեջ: Իրականում, մեդիամիջավայրի խոցումը դառնալու է օլիգարխիայի վերջը: Այլ կերպ ասած, դրանով օլիգարխիան ինքն իր ձեռքով մոտեցնելու է իր վերջը: Բանն այն է, որ ներկայում իշխանությունը, բարձրագույն իշխանությունը, փորձում է օլիգարխիայի ձեռքով լուծել մեդիամիջավայրի ազատության, կամ դրա մի մասում դեռեւս առկա ազատության եւ անվերահսկելիության հարցը, իսկ հետո արդեն օլիգարխիայի ձեռքով այդ հարցը լուծելով, իշխանությունը լուծելու է օլիգարխների հարցերը:
Նրանց ներկայում թվում է, թե դա չափազանցություն է եւ բանը չի հասնելու դրան: Բայց քիչ թե շատ դիտողունակ օլիգարխը կարող է նկատել Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներն ու միտումները, հատկապես ներիշխանական դաշտում, որոնք անշուշտ ազդված են, եւ ընդհուպ գուցե թելադրված միջազգային միտումներով եւ տրամադրություններով: Հետեւաբար, մեդիամիջավայրի ոչնչացման ուղղությամբ գրոհներ կազմակերպելու փոխարեն, ողջախոհ օլիգարխները թերեւս ճիշտ կանեն մտածել նոր միտումները հասկանալու ուղղութամբ, որոնք ամբողջ աշխարհում կարծես թե տանում են դեպի տնտեսա-քաղաքական կառավարման գործընթացների հասարակայնացման:
Համաշխարհային ճգնաժամը վկայեց, որ մինչ այդ գործող տնտեսա-քաղաքական համակարգերը, չնայած իրենց արտաքին, առերեւույթ բացությանն ու թափանցիկությանը, իրականում բավական փակ են եղել ըստ էության, եւ այդ համակարգը հանգեցրեց “ներքին արյունահոսության”, հասցնելով արտաքին լուրջ ճգնաժամի: Սնանկության շեմին հայտնվեցին երկրներ, որոնք թվում է, թե հանդիսանում էին անխոցելիության խորհրդանիշեր: Հետեւաբար առավել եւս կարելի է պատկերացնել այն փակ համակարգերով երկրների խոցելիության աստիճանը, որոնք առանց այդ էլ ունեն լրջագույն խնդիրներ` կառավարման լեգիտիմության հարցից մինչեւ սոցիալական ապահովության եւ իրավունքի հարցերը:
Թերթերի, մեդիայի դեմ անիմաստ եւ ժամանակավրեպ պայքարի փոխարեն, Հայաստանի օլիգարխիան ավելի լավ կանի ընթերցի թերթերն ու ծանոթանա ընթացիկ համաշխարհային տրամադրություններին ու պրեցեսներին, հասկանալու համար իր անհեռանկարայնությունն անգամ այն դեպքում, երբ Հայաստանում կխժռի բացառապես ամեն ինչ, նույնիսկ սահմանների փշալարերը: Մինչդեռ այդպիսի համաշխարհային միջավայրի եւ միտումների պարագայում, ամենակերության զգացումը մեղմ ասած ամենաանպատեհն է, որին կարող է տրվել փակուղի գնացող օլիգարխիան:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: