Wednesday, September 21, 2011

Հայաստանի պետականությունը կայացել է. Թոմաս դե Վաալ

HayNews.am. 21-9-2011- Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը կարծում է` Հայաստանի պետականությունը կայացել է, եւ դա անկախության 20 տարիների գլխավոր ձեռքբերումն է, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Հայաստանի պետականությունը կայացել է: Եթե 20 տարի առաջ հարց էր, թե արդյոք հնարավո՞ր է կառուցել հայկական պետություն, ապա այսօր պատասխանը դրական է: Ինչ վերաբերում է բացթողումներին եւ թույլ կողմերին, ապա դա տնտեսական կախվածությունն է` Հայաստանը իրոք մինչ օրս տնտեսապես կախված է թե’ Ռուսաստանից, թե’ սփյուռքից: Բացի այդ, արտագաղթը շարունակում է խաթարել Հայաստանի պետականությունը: Սակայն անկախությունն առաջին հերթին քաղաքական երեւույթ է», – ասում է Թոմ դե Վաալն ու մանրամասնում. – «Հայաստանը ստեղծել է պետական կառույցներ, կառավարություն, Հայաստանի ղեկավարությունը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել` այն դեպքում, երբ Ռուսաստանը կամ Ամերիկան փորձում են պարտադրել որոշումներ, որ Հայաստանի ղեկավարությանը դուր չեն գալիս: Հայաստանի կառավարությունը, համենայն դեպս, ի վիճակի է հրաժարվել այդ կարգի պարտադրանքներից, եւ դա առաջին հերթին վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության հարցին: Դա նշանակում է, որ պետականություն կա, հիմքը կա, չնայած անհրաժեշտ է կառույցն ավելացնել»:
«Ղարաբաղի հարցը Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրից մինչ օրս շարունակում է չլուծված մնալ` անցնելով թե’ ռազմական գործողությունների, թե’ դրանց հաջորդած զինադարարի ու երկարատեւ բանակցային գործընթացի բովով: Բանակցությունները, որ վերջերս ակտիվացել էին, կրկին մխրճվել են անորոշ լռության մեջ», – նշում է փորձագետը:
«Վաղ թե ուշ բոլոր հակամարտությունները լուծվում են, սակայն ես այժմ բանակցային գործընթացում այնպիսի մի փակուղի եւ լճացում եմ տեսնում, որ որեւէ առաջընթացի մասին դժվար է խոսել: Այս իրավիճակը վտանգավոր է այնքանով, որ որոշ ժամանակ անց` 5, 6 կամ 7 տարի անց կարող է վերականգնվել ռազմական հակամարտությունը: Դա, իհարկե, կլինի ողբերգություն բոլորի համար», – ասում է դե Վաալը եւ կարծիք հայտնում, որ ռազմական գործողությունների վերսկսումից կարող է հետ պահել միայն դրա սարսափելի հետեւանքների գիտակցումը` հետեւանքներ, որ կազդեն ոչ միայն հակամարտող երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի վրա:
Փորձագետն ասում է` հակամարտությունը փակուղում է, քանի որ երկու կողմերից յուրաքանչյուրը` Հայաստանն ու Ադրբեջանը, ունեն մյուսին բացառող իրենց ճշմարտությունը, եւ չկա այնպիսի երրորդ երկիր, որը կստիպի նրանց խաղաղության համաձայնագիր ստորագրել. – «Պարզապես կա խաղաղ գործընթաց, միջնորդներ, սակայն հակամարտության լուծման բանալին նրանց ձեռքում չէ, այլ` հայերի եւ ադրբեջանցիների ձեռքում»:

No comments: