Wednesday, September 21, 2011

Սարսափը հանել ժողովրդի միջից

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին էր բախտ վիճակվել ընթերցել ՀՀ Անկախության հռչակագիրը, Անկախության հանրաքվեի արդյունքները: Անկախության 20-ամյակի կապակցությամբ էլ զրուցեցինք Արամ Մանուկյանի հետ

- Այսօր Անկախության 20-ամյակն է: 20 տարի անց՝ ինչ զգացողություններով եք դիմավորում այս տարեդարձը: Այս ընթացքում որքանով իրականություն դարձան այն իղձերը, երազանքները, որ ունեիք 20 տարի առաջ:
- Խնդիր էր դրված շարունակել Հայաստանի Առաջին Հանրապետության մանդատը, իրավաբանորեն լինել նրա իրավահաջորդը: Ու մենք ընդունեցինք առաջին հանրապետության եւ դրոշը, եւ հիմնը, եւ զինանշանը: Բարեբախտություն էր անուն-ազգանունիս համընկնումը, որ ինձ վստահվեց ընթերցել եւ Անկախության հռչակագիրը, եւ Անկախության հանրաքվեի արդյունքում երկիրն անկախ հռչակելը: Սակայն Անկախությունը մեզ հեշտ չտրվեց: Ղարաբաղյան շարժումն արդեն ակտիվ փուլում էր, ժողովուրդը ոտքի կանգնած պայքարում էր ու զոհերի գնով մենք այն վաստակեցինք: Ցավոք, մեր շատ ընկերներ ու ակտիվիստներ այն չտեսան: Ոգեւորությանը գումարվեց պատասխանատվությունը: Հոգիդ թեւածում էր, որ գիտակցում էիր՝ ժողովրդի ճնշող մեծամասնությունը գիտակցաբար «Այո» քվեարկեց անկախությանը: Եվ սա մեր պատմության մեջ միակ դեպքն է, երբ 2մլն 40 հազար քաղաքացի եկավ, քվեարկեց ու որոշեց իր երկրի ճակատագիրը: Դրանից բարձր, դրանից վեհ բան չկար: Դա իսկապես մեր պատմության աստեղային ժամն էր: Յուրաքանչյուր մարդ այդ պահը կարող է ապրել, զգալ իր առաջնեկի ծնունդով: Այդպես էլ մեր ժողովուրդը ծնեց իր առաջնեկին՝ իր կամքով, իր ուժով, իր նախնիներին հիշելով: Այդ խորհուրդների ծանրության վրա եկավ, ավելացավ պատասխանատվության զգացումը, անելիքները շարունակելու, եղածին տեր կանգնելու, մեր նորանկախ «երեխային» մեծացնելու, հզորացնելու պատասխանատվությունը: Եվ փառք Աստծո, որ այդ պատասխանատվությունը կրողները շատ են: 20 տարվա հեռավորությունից աչք ձգելով կատարվածին, ուշագրավ խորհուրդ եմ տեսնում. Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը ձեռք բերեցինք 1918 թ.՝ ցեղասպանությունից 3 տարի անց: 1991թ. Անկախությունը ձեռք բերվեց 1988 թ. երկրաշարժից, բազմահազար զոհերից 3 տարի հետո: Այո, Աստված մեզ հնարավորություն տվեց՝ տառապանքը փոխհատուցելու /եթե դա կարելի է փոխհատուցում անվանել/, զոհերի ցավը մորմոքելու համար: Ու դա ընդունվեց ժողովրդի կողմից:

- Ո՞րն է մեր ամենամեծ ձեռքբերումը:
- Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ քաղաքացին: Քաղաքացու մոտ արժանապատվության ու պետության մեջ գործոն լինելու զգացումն եմ համարում մեր ամենամեծ ձեռքբերումը: Քաղաքացին մեծագույն արժեք էր պետության մեջ:

- Իսկ ամենամեծ կորո՞ւստը:
- Ամենամեծ կորուստը քաղաքացու արժանապատվությունը կոտրելն էր, պետության մեջ գործոն լինելու զգացումը սպանելը: Եվ հայը, հայաստանցին սեփական խնդիրների հանգուցալուծումը տեսնում է սեփական երկրից դուրս: Սա անկախության մեծագույն կորուստն է, որը քաղաքացին խաղաղ պայմաններում լքում է հայրենիքը, իր ու երեխաների ապագան չի կապում երկրի հետ: Հիմա ՀՀ-ում չկա այնքան մարդ, որքան անկախությանը «Այո» քվեարկեց 1991թ.:

- Անկախության հետ ասոցացվում են մի քանի անուններ՝ մասնավորապես, «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամները, գաղտնի «Ղարաբաղ» կոմիտեն, ինչու չէ՝ նաեւ դուք որպես Անկախության հռչակագիրն ընթերցած անձ: Այս մարդիկ որքանո՞վ են գնահատված այսօր՝ անկախությունից 20 տարի անց:
- Ես այնքան հպարտ եմ, որ իմ կողքին այդ մարդիկ կան, իսկ ես կանգնած եմ նրանց կողքին: Մի ամբողջ սերունդ է դա: Հավատացեք, 1988-ը 2008-ից չի առանձնացել: Այն սերունդը, որի ջանքերով կայացավ անկախությունը, այսօր պայքարում է այդ անկախության արժեքները պահելու համար: Ու գնահականի կարիք չունի: Իշխանության գնահատականը թող իրեն մնա. շքանշան, մեդալ, կոչում տալով չի: Իմ ու իմ ընկերների երջանկությունը կլինի այն պահին, երբ մեր դրած նպատակները տեսնենք իրականություն դարձած: Ազնիվ մարդուն գնահատական պետք չի, այլ՝ արդյունք է պետք: Այդ սերունդը երջանիկ կլինի, երբ Հայաստանի անկախությունը դառնա ուժեղ, կայացած, անշրջելի, իսկ երկիրը՝ կանխատեսելի: Եվ դրա արդյունքում քաղաքացին պետության ներսում վերստին կդառնա գործոն:

- Անկախության միջոցառումների շրջանակներում «Ղարաբաղ» կոմիտեին կարծես հավուր պատշաճի չհիշեցին: «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից միայն մեկն է այսօր իշխանական դաշտում: Կոմիտեի մյուս անդամներն ընդդիմադիր ճամբարում են, եւ երբ նշվում է այս օրը՝ նրանք հարթակում չեն, նրանց չեն հիշում՝ հավուր պատշաճի:
- «Ղարաբաղ» կոմիտեն այն համարձակների, առաջամարտիկների խումբն էր, որը զգաց ժողովրդի զարկերակը ու դարձավ ամբողջականության խոսափողը: Նրանք դրանով էին ուժեղ: Այդ տղաների անձնական օրինակը որոշիչ էր: Ազնիվ պայքարը, անաղարտ մնալը, հարստությանը, գայթակղություններին չգնալը դարձավ մեր շարժման ապրելակերպը: Ես հիշում եմ մեր առաջին խորհրդարանն ու հպարտանում եմ, որովհետեւ այդ մարդիկ նվիրյալներ էին: Ցավալիորեն ուզում եմ համեմատել այսօրվա հետ, այսօր պալատներում անկախությունը նշողների հետ: Նրանցից ոչ մեկն անձնական օրինակ չի հանդիսանում հասարակ քաղաքացու համար. բոլորը մականունավոր են, զբաղված են թալանով ու կրիմինալով: Ու նրանք չեն կարող որպես օրինակ ծառայել քաղաքացու համար: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիշվելու են իրենց վատ գործերով, մարտի 1-ով ու հոկտեմբերի 27-ով: Նրանցից որի՞ օրինակով քաղաքացին իր երեխային դաստիրարակի: Իսկ «Ղարաբաղ» կոմիտեն տարբերվում էր այս իշխանություններից՝ նրանք գործում էին հանուն հասարակության, սրանք՝ հանուն սեփական եսի եւ բարեկեցության համար:

- Անկախության 20-ամյակին մեր կողքին չի «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկը՝ Վանո Սիրադեղյանը, նա հարկադիր տարագրության մեջ է, քաղաքական հալածյալ: Որքանով է ազնիվ Վանոյի բացակայությունը, նրա բացակայությամբ Անկախության 20 ամյակ նշելը:
- Ես երազում եմ, թե երբ է վերադառնալու Վանոն, երազում եմ, որովհետեւ մտքի այն ճկունությունը, որ ունի Վանոն, չունի ոչ ոք: Այսօր ուզում եմ մեջբերել Վանոյին, նրա մի նախադասությունը մի աշխարհ արժի. «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱՌԱՋԻՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ՔԱՅԼԸ ԱՌԱՆՑ ՀՈՎԱՆԱՎՈՐԻ ԱՊՐԵԼՈՒ ՍԱՐՍԱՓԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԻՑ ՀԱՆԵԼՆ Է»: Այսինքն՝ երբ մարդը կարող է զգալ, որ կարող է ապրել առանց հովանավորի, նշանակում է՝ անկախությունը կայացած է: Հիմա հակառակն է՝ եթե մարդը արտագաղթում է, ուրեմն՝ չունի ինքնուրույն ապրելու զգացողություն: Մեր կորուստը դրա մեջ է, որ չիրականացավ Վանոյի ասածը: Վանոն մեր անկախության գործընթացի հզոր սյուներից է, անկախության հայրերից մեկը՝ եւ քաղաքական, եւ գաղափարական, եւ մշակութային հզոր հնարավորություններ ունեցող մարդ: Վստահ եմ՝ Վանոն շուտով կմիանա իր թիմին ու նա դեռ շատ անելիքներ ունի, որովհետեւ՝ անկախությունը շարունակական գործընթաց է: Անկախության գործընթացը երբեք ավարտին չի հասնում, բայց գոնե անշրջելիության ապահովելու, քաղաքացու արժանիքները ապահովելու առումով շատ խնդիրներ ունենք անելու:

- Անկախությունն այլեւս անշրջելի՞ է:
- Պետական ինստիտուտների կայացվածության առումով անշրջելի է, քաղաքացու հոգեբանության մեջ՝ շատ խնդիրներ ունենք: Ինստիտուտները կայացած են՝դրոշ, զինանշան, հիմն, անձնագիր, դրամ, բանակ: Այս բոլորն ունենք: Բայց հոգեբանական առումով խնդիրները կան՝ եկեղեցին կա, բայց աղոթողը չկա: Ու այդ դեպքում եկեղեցին վերածվում է ընդամենը շինության: Այնպես որ, կորուստը կանգնեցնելու, քաղաքացու հույսն արթնացնելու միակ ձեւը օրինականության հաստատումը, օրինակարգ իշխանության ձեւավորումն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

No comments: