Thursday, September 1, 2011

Մոսկվային միջամտելու մանդատ է պետք

»Լրագիր» 1-9-2011- Հայաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի խորհրդակցության ժամանակ ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը խոսք չասաց ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ հետ Հայաստանի հարաբերությունների մասին: Նա չանդրադարձավ նաեւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի առաջարկին, որը համաձայնեցվել էր ՌԴ նախագահ Մեդվեդեւի հետ եւ ենթադրում է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերին պետական հեղաշրջումները կանխելու լիազորություններով օժտում:
ՀԱՊԿ-ին հրամաններ է տալիս Մոսկվան, եւ վերջինս թերեւս ցանկանում է օրինականացնել իր միջամտությունը հետխորհրդային երկրների ներքին գործերին: Մինչ այժմ Մոսկվան հրապարակային ռեժիմում կիրառում էր գերազանցապես տնտեսական, գազային լծակներ, սանձելու համար իր արբանյակներին, ինչպես նաեւ գողական հիերարխիան, երբ <պախանն> է ասում վերջին խոսքը:
Հայաստանի ներքին գործերին Ռուսաստանի միջամտությունը տեղի է ունեցել մշտապես: Ընդ որում, եթե չի հաջողվել գործընթացները վերահսկել <էվոլյուցիոն, խաղաղ> ճանապարհով, Ռուսաստանը պարզապես կոպտորեն միջամտել է Հայաստանի քաղաքականությանը: Դա տեղի է ունեցել նաեւ հրապարակային մակարդակով՝ բավական է հիշել ռուսական բազաների տեղակայման ժամկետը երկարացնելու մասին համաձայնագրի <կամավոր> ստորագրումը: Հայաստանի խորհրդարանում այս համաձայնագրի վավերացումն անցավ առանց քննարկումների, գերեզմանային լռության մեջ:
Ինչ վերաբերում է ոչ հրապարակային մակարդակին, ապա հայաստանում արդեն ակնարկներ են հնչում 1999 թ. հոկտեմբերի 27-ի եւ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին Ռուսաստանի մասնակցության մասին: Հոկտեմբերի 27-ի պատվիրատուներն այդպես էլ անհայտ մնացին, իսկ մարտի 1-ի մասին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը, ըստ Վիկիլիքսի հրապարակումների, գրել էր, թե աշխարհը երբեք չի իմանա ճշմարտությունը:
Այն մասին, որ մարտի 1-ին Երեւանում կային ուժեր, որոնք չէին վերահսկվում ոչ մեկի կողմից, ակնարկել է Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցներից մեկում: Նա ասել է, թե մարդիկ հիմնականում սպանվել են այն տարածքում, որը դուրս է եղել իշխանության եւ ընդդիմության վերահսկողությունից: Արդյոք նա նկատի ուներ այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի, հատուկ ծառայություններին՝ հայտնի չէ:
Հատկանշական է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմել է եվրոպական կառույցներին, խնդրելով փորձագետներ ներգրավել մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է ոստիկանի հագուստով մարդը կրակում ցուցարարների վրա, փորձաքննության ենթարկելու համար: Հնարավոր է, այն պատճառով, որ այդ կրակողը հայկական ոստիկանության աշխատակից չէ:
Ներկայում Ռուսաստանին պետք է օրինական միջամտության մանդատ: Հնարավոր է, դա կապված է ՀԱՊԿ անդամ երկրներում, մասնավորապես Հայաստանում, հակառուսական տրամադրությունների աճի հետ: Ռուսական բազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում կոչեր են հնչում Ռուսաստանի հետ ստրկական հարաբերությունից անցնելու իրավահավասար գործընկերային հարաբերության: Հայաստանում փաստացի խափանվեցին ռուսական դպրոցներ բացելու, ինչպես նաեւ <հայրենակիցներին> Սիբիր քշելու ծրագրերը:
Այս ֆոնին ամնհայտ է, որ ՀԱՊԿ զորքերին <ցարական ժանդարմերիայի> լիազորություններով օժտելու հարցի ցանկացած քննարկում Հայաստանում առաջացնելու է բողոքի ալիք, արդեն չխոսելով նման առաջարկին Սերժ Սարգսյանի համաձայնության մասին:
Նաիրա Հայրումյան

No comments: