Wednesday, September 21, 2011

«Ղարաբաղ» կոմիտեն պայքարում է

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի կապակցությամբ զրուցեցինք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի հետ

- Այսօր Անկախության 20-ամյակն է: 20 տարի անց՝ ինչ զգացողություններով եք դիմավորում այս տարեդարձը, այն իղձերը, երազանքները, որ ունեիք 20 տարի առաջ, որքանով իրականություն դարձան այս ընթացքում:
- 20 տարի առաջ անկախ պետականության համար պայքարողները միեւնույն մտահոգությունն ու ցավն ունեին՝ ունենալ անկախ պետություն, ունենալ անկախ քաղաքացիների հասարակություն: Այսօր, դժբախտաբար, մենք կորցրել ենք պետականության ատրիբուտներն ու արժեքները, կորցրել ենք՝ 1997թ. վերջերից-1998թ. սկսած ու կորցնում ենք ամեն օր: Մենք այն ժամանակ պայքարեցինք արժեքների, մարդու ազատության, պետության անկախության համար, բայց սրանք մսխեցին դրանք՝ քայլ առ քայլ: Ղարաբաղի հարցը ոչ թե կիսատ-պռատ է լուծվում, այլ՝ ընդհանրապես չի լուծվում, Ղարաբաղի հարցը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փորձեցին լուծել Հայաստանի հաշվին, ինչը, իմ կարծիքով, պետական դավաճանություն էր: Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն ու Հայաստանը ագրեսոր պետություն դարձնելը ոչ այլ ինչ էր, քան պետական դավաճանություն: Պետական դավաճանություն էին մեր բոլոր կեղծված ընտրությունները, ու ցավոք, դրանց նպաստեցին նաեւ անկախության ակունքներում կանգնած մարդիկ՝ Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, էլ չեմ ասում, որ հետո դրանց գումարվեցին դհոլը, ախքը եւ մյուս հաճախորդները: Դավաճանության դրսեւորում է այն, որ Հայաստանի Հանրապետության Անկախության քսանամյակին նվիրված շքերթին ռուսական զորամիավորումը պետք է մասնակցի՝ իր դրոշով: Դրանից ավելի վիրավորական, նսեմացուցիչ բան չկա մեզ համար:

- Որոնք են այս 20 տարիների ամենամեծ ձեռքբերումներն ու կորուստները:
- Որպես ձեռքբերում կարող եմ մատնանշել հետեւյալը՝ Հայաստանում ազնիվ, երկրի ապագայով մտահոգ մարդկանց մի խավ գոյացավ, որը դարձավ հասարակության ողնաշարը: Փառք Աստծո, այդ խավը կա այսօր:
Իսկ որպես կորուստ, ավելի ճիշտ՝ որպես այլասերվածություն կմատնանշեմ փաստը, որ մարդուն որպես արժեք հավասարեցրին հողին՝ ինչպես պետականություն չունեցած տարիներին էր: Այլասերում են մարդուն ամեն քայլափոխի՝ մանկապարտեզում, դպրոցում, բուհերում, փողոցում: Այլասերել է, երբ մանկապարտեզների վարիչներին, դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին, դասախոսներին նշանակում են ընտրական հանձնաժողովներում՝ ընտրությունները կեղծելու համար, ու դրանից հետո պարզ է կրթության որակը: Կաթողիկոսն էլ երեք հազար երիտասարդի երթով տանում էր եկեղեցի՝ օրհնելու համար: Մինչդեռ, այս բռնազավթիչներին պաշտպանելու նախընտրական քարոզչություն էր կատարվածը, որ իրականացնում էր կաթողիկոսը: Այս համակարգի վարած քաղաքականության արդյունքում ահռելի չափերի է հասել արտագաղթը, ընդ որում՝ այն կազմակերպված է պետականորեն: Ու երկիրը հայտնվել է անդունդի եզրին: Մենք պետք է ուշքի գանք, այլապես՝ կկործանվենք:

- Անկախության միջոցառումների շրջանակներում «Ղարաբաղ» կոմիտեին կարծես հավուր պատշաճի չհիշեցին: «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն այսօր որքանով են գնահատված:
- Իսկ ով պետք է գնահատեր, իշխանությունը բռնազավթածները, ժողովրդին դավաճանները: Իմ խոսքերից պարզ չէր, որ իհարկե, գնահատված չեն: «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից իմ ընկեր Սամսոն Ղազարյանն այսօր տաքսի է վարում: Բավական չի այդ փաստը: Մյուսների մասին դեռ չեմ խոսում: Բայց մենք չենք թողնելու այսպես: «Ղարաբաղ» կոմիտեի ազնիվ մնացած տղաներս, ովքեր չդավաճանեցին իրենց սկզբունքներին, ինչպես խիստ անձնական նկատառումներով արեցին Վազգեն Մանուկյանն ու Դավիթ Վարդանյանը, պայքարելու ենք, որ Հայաստանը չընկնի վիհը: Դա վստահեցնում եմ: «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների անունից հայտարարում եմ՝ պայքարելու ենք, որ Հայաստանը չընկնի վիհը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

No comments: