Thursday, September 8, 2011

Կոնգրեսը երկիմաստ իրավիճակում

«Լրագիր» 8-9-2011- Հայ Ազգային կոնգրեսը հայտարարել է հանրահավաքները հաճախակիացնելու եւ բողոքի զանգվածային ակցիաներ սկսելու մտադրության մասին: Փաստացի, Կոնգրես-իշխանություն երկխոսությունը տապալվել է, եւ ներքաղաքական կյանքը թեւակոխում է որակապես նոր փուլ:
Որո՞նք են այս փուլի առանձնահատկությունները, վերջին շրջանի ներքին ու արտաքին զարգացումների ֆոնին:
Աշոտ Մանուչարյանն ասում է, որ երկխոսությունը նախաձեռնեց Միացյալ նահանգները, սակայն կանգնեցրեց Ռուսաստանը, քանի որ Մոսկվան հանգել էր այն տեսակետին, որ երկխոսության արդյունքում կարող է կորցնում է ազդեցությունը Հայաստանում: Իհարկե, կարելի է պնդել նաեւ հակառակը, որ երկխոսությունը նախաձեռնել էր Ռուսաստանը, փորձելով վերահսկողության տակ պահել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, եւ ԱՄՆ տապալեց այն: Նման ենթադրության համար հիմք է այն, որ ինչպես հետագայում պարզվեց՝ հայ-թուրքական հարաբերություների գործընթացը նախաձեռնել էր Ռուսաստանը, Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու եւ Թուրքիայի հետ ռազմավարական մերձեցման համատեքստում: ԱՄՆ, սակայն, ներգրավվեց այդ գործընթացին եւ հաջողությամբ տապալեց Ռուսաստանի նախաձեռնությունները:
Խոշոր հաշվով, սրանից որեւէ բան չի փոխվում, այն առումով, որ Հայաստանի համակարգային բարեփոխումների խնդիրն, արտաքին առումով, ըստ էության ենթադրում է ազատագրում Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական գերիշխանությունից: Հայաստանի քաղաքական դասն ու խոշոր բիզնեսը ամբողջությամբ գտնվում են ռուսական վերահսկողության տակ: Զուր չէ, որ որեւէ քաղաքական ուժ հայաստանում այդպես էլ հրապարակային չընդվզեց Ռուսաստանի վերջին հակահայկական նախաձեռնությունների դեմ:
Դժվար է ասել՝ ինչու: Արդյոք այդ ուժերի վերնախավը ազդեցության գործակալներ են, թե պարզապես վախենում են: Օրինակ, Սերժ Սարգսյանը կուսակցությունների հավաքում մի անգամ խոստովանել էր, թե «Ռուսաստանի հետ խոսելը դժվար է»:
Հայ Ազգային կոնգրեսը եւս այս ընթացքում որեւէ կերպ չարձագանքեց Ռուսաստանի քայլերին: Հակառակը, Կոնգրեսը բազմիցս հաճոյախոսություններ է արել Մոսկվայի քաղաքականությանը: Վերջերս Վիկիլիքս կայքը բացահայտեց նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի փաստաթղթեր, որոնցում Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ին հորդորում է արագացնել Ղարաբաղի հարցի լուծումը, իմա՝ ռուսական առաջարկները:
Կոնգրեսը որեւէ կերպ չարձագանքեց նաեւ ԱՊՀ հատուկ զինված ստորաբաժանումներ ստեղծելու նախաձեռնությանը, որոնց նպատակն է միջամտել անդամ երկրներում, եթե «սահմանադրական կարգին վտանգ է սպառնում»: Դժվար է ասել, արդյոք Հայաստանը կաջակցի այդ նախաձեռնությանը: Ընդհանրապես, այսօր, որքան էլ տարօրինակ հնչի, ԱՊՀ ամենաառանցքային անդամը դարձել է Հայաստանը: Եթե Հայաստանը մերժում է որեւէ նախաձեռնություն, ապա ԱՊՀ-ն լիովին անիմաստ է դառնում: Ըստ այդմ, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանին պարզապես կստիպեն ստորագրել այդ համաձայնությունը, ինչպես ստիպեցին ստորագրել ռուսական բազաների ժամկետների երկարաձգման համաձայնագիրը: Իսկ ստիպելու համար պետք է սրել ներքաղաքական իրավիճակը:
Ահա, նման պայմաններում, Կոնգրեսը բավական երկիմաստ իրավիճակում է հայտնվել: Մյուս կողմից, պատմական այս պահը Հայաստանի մեծագույն շանսն է, երբ հնարավորություն կա երկրում արմատապես փոխել իրավիճակը: Սակայն, կրկնվենք, Հայաստանում համակարգային բարեփոխումը ենթադրում է ազատագրում Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական գերիշխանությունից: Հայտարարելով Հայաստանում արմատական բարեփոխումների մասին, Կոնգրեսն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել Հայաստանի դեմ ուղղված Ռուսաստանի վերջին տարիների նախաձեռնություններին, ընդհակառակը, շատ հարցերում հավանություն է տվել: Իսկ եթե Մոսկվան ստանա «սահմանադրական կարգին վտանգ է սպառնալու» դեպքում միջամտելու իրավունք, ապա համակարգային բարեփոխումների վրա պետք է խաչ քաշել:
Հայկ Արամյան

No comments: