Tuesday, September 13, 2011

Ստեփանակերտը ողջունում է Մոնտեվիդեոյի՝ ԼՂ–ի ճանաչման վերաբերյալ հայտարարությունը

Tert.am. 12-9-2011- Ստեփանակերտը ողջունում է Ուրուգվայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ցանկության մասին հայտարարությունը։ Այս մասին «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Մենք ողջունում ենք Ուրուգվայի՝ մեր ինքնիշխանությունը ճանաչելու ցանկությունը… Ալմագրոյի խոսքերը չեն նշանակում անկախության ավտոմատ ճանաչում, սակայն նշանակում են, որ միջազգային հանրությունը լուրջ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման միջազգային գործընթացին»,– ասել է Բաբայանը։
Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը երկու հետևանք կարող է ունենալ՝ Ադրբեջանն ու Թուրքիան հիստերիա կբարձրացնեն Ուրուգվայի դեմ, և երկրորդ, միջազգային հանրությունը, հատկապես Հարավային Ամերիկայի երկրները, ավելի լուրջ կսկսեն վերաբերվել ղարաբաղյան հիմնախնդրին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն աննախադեպ հայտարարություն էր արել ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ։
«Այսօր մենք ուսումնասիրում են հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»,- ասել էր Ալմագրոն։

No comments: